Աբխազիայում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները հասել են օրական վեց ժամի։ Այսինքն՝ լույսերն այժմ անջատում են երկու ժամով ավելի, քան նախկինում էր։ Էլեկտրաէներգիայի պակասը պայմանավորված է նրանով, որ Ինգուրի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ջրի մակարդակն իջել է` հասնելով կրիտիկական մակարդակի, իսկ կառավարությունը գումար չունի Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելու համար։
Արդեն հինգ տարի է, ինչ Աբխազիան էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ ունի։ Այդ ընթացքում սպառվող էներգիայի տարեկան ծավալը երկուսից հասել է երեք միլիարդ կՎտ/ժամի։ Նման կտրուկ թռիչքի պատճառը ապօրինի մայնինգն է, որի դեմ այս տարիների ընթացքում կառավարությունը պայքարում է, բայց ապարդյուն։
1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմի ավարտից անմիջապես հետո ձեռքբերված ջենթլմենական համաձայնության արդյունքում Աբխազիան ստանում է Ինգուրի ՀԷԿ-ի արտադրանքի 40 տոկոսը: Հիդրոէլեկտրակայանը գտնվում է վրաց-աբխազական հակամարտության գոտում (մնացած 60 տոկոսը բաժին է ընկնում վրացական կողմին): Սակայն վերջին տարիներին այս քվոտան ակնհայտորեն չի բավարարում հանրապետության կարիքներն ապահովելու համար։
Մինչև վերջերս դեֆիցիտի մի մասը հաջողվում էր ծածկել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումների շնորհիվ, իսկ մյուս մասը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելու միջոցով (որքանով որ Աբխազիայի համեստ ֆինանսական հնարավորությունները թույլ էին տալիս):
Բայց միևնույն է` էլեկտրաէներգիան չէր բավարարում, և երկիրը ստիպված էր գումար խնայել՝ աշուն-ձմեռ ժամանակաշրջանում հովհարային անջատումների ժամանակացույց սահմանելով։
Իսկ այն բանից հետո, երբ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանը հրաժարվեց Աբխազիային որպես հումանիտար օգնություն էլեկտրաէներգիա մատակարարել, խնդիրն ավելի է սրվել։
Աբխազիայի իշխանությունները հույս ունեն, որ էներգամատակարարման հետ կապված իրավիճակը կբարելավվի ապրիլի վերջին, երբ լեռներում ձյունը կսկսի հալվել, և, համապատասխանաբար, Ինգուրի ամբարտակի ջրի մակարդակը կբարձրանա։