Հողերի անապատացման դեմ պայքարը Հայաստանում․ դրական տեղաշարժեր չկան
Հողերի անապատացումը ՀՀ-ում․
Հայաստանում անապատացման վտանգի տակ է հողերի մոտ 70 տոկոսը: Այս խնդիրը բավականին մտահոգիչ է, քանի որ վերջին տարիներին կտրուկ կրճատվել է հողերի գյուղատնտեսական նպատակով օգտագործումը: Մարդիկ գնալով ավանդական գյուղատնտեսությունից անցում են կատարում ջերմոցային տնտեսություններին և ինտենսիվ այգիներ հիմնելուն: Այդպես ավելի շատ եկամուտ են ստանում՝ օգտագործելով ավելի քիչ հողատարածք: Չմշակվող հողային տարածքներն ավելանում են, հողերի որակն ընկնում է՝ անապատանում են:
Տարբեր գնահատականներով, Հայաստանի տարածքի մոտ կեսն անապատացվում է, մոտ 25 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում: Երկրի տարածքի 20-25 %-ի վրա միայն անապատացման արտահայտված պրոցեսներ չկան:
Անապատացումը համաշխարհային խնդիր է՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով: ՄԱԿ-ի պաշտնական տվյալներով՝ տարեկան աշխարհը կորցնում է ընդհանուր առմամբ 100 միլիոն հա բերրի հող։
Հայաստանում անապատացմանը նպաստող բնական և մարդածին բազմաթիվ գործոններ կան: Այն պատկանում է չոր բնակլիմայական պայմաններ ունեցող երկրների շարքին։ Լեռնայնությունը, բուսազանգվածի, կենսազանգվածի նոսրությունը և բնության անհաշվենկատ օգտագործումը բերել են այս խնդրի մաշտաբների մեծացմանը:
Մյուս կողմից, հողերի որակին մեծապես վնասում են չմտածված գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, հիդրոէներգետիկան:
Ոռոգման անարդյունավետության հետևանքով առաջացող ջրի կորուստները, աղակալումը, էրոզիան, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը ցածրացնում են հողի բերքատվությունը, այն հասցնում դեգրադացիայի:
Անապատացումը կարելի է բնութագրել չորային շրջաններում որպես հողի դեգրադացիայի եզրափակիչ փուլ: Հայաստանը, գտնվելով չորային տարածաշրջանում, նույնպես ենթարկվում է անապատացման։ Եվ քանի որ գյուղտնտեսության տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում շուրջ 30% է կազմում, բնակչության սոցիալական վիճակը մեծապես պայմանավորված է այս ոլորտի արդյունավետությամբ:
- Սևանի ափին 8 հազար սոճի է չորացել՝ բզեզների՞, թե՞ մարդկանց մեղքով
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
- Հայաստանի հյուսիսում ջրհեղեղ է, հարավում՝ ջրի սակավություն։ Ինչպե՞ս խուսափել անապատացումից
Հողի որակն ընկել է, բայց հողագործը չի հանձնվում
Վոլոդյա Գրիգորյանը 40 տարվա գյուղատնտես է, հողերի բերքատվության հետ կապված մտահոգություններ ունի: Ասում է, նույն հողատարածքում նույն մշակաբույսի բերքատվությունը կրճատվել է կիսով չափ․
«Մասնագիտությամբ գյուղատնտես լինելով՝ գիտեմ բերքատվության բարձրացման որոշ քայլեր: Օրինակ, ամեն տարի տվյալ հողատարածքում տարբեր մշակաբույս եմ ցանում՝ կարտոֆիլ, լոբի, եգիպտացորեն, ցորեն, գարի: Օգտագործում եմ բնական պարարտանյութեր՝ գոմաղբ և թռչնաղբ, հնարավորության դեպքում էլ ոռոգում: Սակայն միևնույն է ցանկալի բերքը չեմ ստանում»:
Նրա խոսքով՝ հողերի որակը տարեցտարի ընկնում է կլիմայի փոփոխության պատճառով։ Տեղումները նվազել են, ջրամբարների ջուրը հուլիս-օգոստոս ամիսներին չի բավականացնում, բերքը բավարար չհասունացած չորանում է․
«Տարբեր պատճառների մասին եմ կարդացել ու լսել։ Սակայն ես իմ վարկածն ունեմ՝ կլիման սկսել է արագ փոխվել: Օրինակ, ես մտածում եմ կաթիլային ոռոգման մասին։ Սակայն դա մեծ ծախսերի, ներդրումների հետ կապված գործ է: Եթե նույն տարածքի մի քանի գյուղատնտեսներ միավորվեն, ավելի հեշտ կլինի դրամաշնորհի կամ պետական աջակցության դիմելը»:
Գյուղատնտեսի կարծիքով՝ հողերի կառավարման մասնագետներ պետք է պատրաստվեն Հայաստանում և վերապատրաստվեն արտասահմանում։
Ապա այդ գիտակները պետք է խորհրդատվություն տրամադրեն՝ ըստ կարիքների և տարածաշրջանների․
«Պարզ է՝ Տավուշի խնդիրը Սյունիքի խնդրին նման չէ։ Պետք է մոտեցումները տարբեր լինեն: Մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը։ Ասել են՝ ծրագրեր կան իրականացվող։ Բայց պարզ է, չէ՞, որ դրանք տեղային լուծումներ են: Մարդիկ ևս պետք է միանան այս ծրագրերին, կրթվեն, հասկանան ինչպես գրագետ կառավարեն իրենց հողակտորները»:
Նկատում է, որ նեղ մասնագիտացած բնապահպանների ու փորձառու գյուղատնտեսների կարիք կա։ Եղած մասնագետները քիչ են, նրանց գիտելիքն էլ համարում է ոչ մրցունակ և ոչ արդյունավետ:
Նրանց հիմնական մասը ԽՍՀՄ տարիներին պատրաստված մասնագետներ են, որոնք խորությամբ չեն պատերացնում այսօրվա մարտահրավերները։ Ծանոթ չեն և այսօր աշխարհում կիրառվող նորարարական մոտեցումներին։
«Լավ գյուղատնտեսական ավանդույթներ ունեցող եվրոպական կամ այլ երկրներում վերապատրաստումն անհրաժեշտություն է»,- համոզված է Վոլոդյան:
Խորհուրդ է տալիս որոշում կայացնողներին սկզբի համար 20 լավ մասնագետ վերապատրաստել և գործուղել համայնքներ խնդիրների լուծումների վրա աշխատելու։ Հակառակ դեպքում, նրա կարծիքով՝ 5-10 տարի հետո գյուղացին՝ հողից բավարար բարիք չստանալով, վերջնականապես կհեռանա գյուղատնտեսությունից:
Անապատացումն ինտենսիվ է Արարատյան դաշտում և Շիրակի մարզում
Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանն ասում է, որ անապատացման երևույթներն առավել ինտենսիվ են Արարատյան դաշտում և Շիրակի մարզում․
«Պատճառները տարբեր են՝ բնակլիմայական պայմանների խիստ տաքացումը, հողերի չօգտագործումը, հողերն իրենց նպատակային նշանակությամբ չօգտագործելը, գրունտային ջրերի իջեցումըо և այլն»:
Խոսելով անապատացման դեմ պայքարի միջոցառումների մասին՝ նկատում է, որ առաջնային քայլերից է հողերի նպատակային նշանակությամբ օգտագործումը․
«Այս պահին Հայաստանի վարելահողերի 70%-ը չի օգտագործվում: Կառավարությունը ՏԻՄ-երի հետ միասին մշակում է միջոցառումներ, որպեսզի կարողանան հողերը կոնսոլիդացնել, փոքր միավորներից մեծացնել։ Դա ավելի մատչելի կդարձնի գյուղատնտեսության համար նախատեսված հողատարածքները: Արդյունքները կարճ ժամկետներում և մի միջոցառման շրջանակում չենք կարող տեսնել՝ համալիր մոտեցումներ են պետք»:
Ըստ պաշտոնյայի՝ անապատացման գործընթացի վրա մարդկային ազդեցությունը զսպելու տարբեր ծրագրեր են իրականացվում.
«Կառավարությունը մի շարք գյուղատնտեսական ծրագրեր է նախաձեռնել, որոնք օգնում են տնտեսվարողներին ներմուծել բարձր տեխնոլոգիաներ ավելի խելացի գյուղատնտեսության համար: Մյուս կողմից, պետք է նվազեցնել քիմիական պարարտանյութերի օգտագործումը, որն ազդում է հողերի որակային հատկանիշների վրա»:
Ինչպիսի լուծումներ կան
Բնապահպաններն անապատացման դեպ պայքարի ծրագրերում կարևորում են տարբեր միջոցառումների զուգահեռաբար իրականացումը: Հայաստանի դեպքում ամենակարևոր քայլերից մեկը հողերի նպատակային օգտագործումն է և անտառածածկ տարածքների ընդարձակումը: Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար անտառատնկումներ է կազմակերպում:
Անապատացման մյուս կարևոր պատճառը ջրամբարների լցվածություն է։ Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ ամբարված ջրային պաշարները չեն բավարարում եղած պահանջարկը: Ոռոգման ակտիվ սեզոնին առաջանում է դեֆիցիտ:
Թեև բնապահպաններն առաջարկում են նոր ջրամբարներ կառուցել, սակայն որոշում կայացնողները լուծումը եղած ավազանների խելացի կառավարման մեջ են տեսնում: Կարծում են՝ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և առավել նպատակահարմար լուծումը կիրառել Հայաստանում:
Ամբողջ աշխարհում ներկայումս թափ է առնում հողերի զրոյական դեգրադացիայի գործընթացը: Դա չի նշանակում ընդհանրապես չթողնել, որ հողերը դեգրադացվեն։ Պարզապես բալանս պահպանելու համար մեկ այլ վայրում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում՝ օրինակ, ինտեսիվ այգիներ, նոր անտառածածկ տարածքներ ստեղծում:
Բոլոր դեպքում առաջին և հիմնական քայլը խնդրի վերաբերյալ տեղեկատվության տարածումն է: Մարդիկ թեև նկատում են հողի որակային փոփոխությունները, սակայն չեն հասկանում պատճառները և դրանց դեմ պայքարելու ուղիները:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հողերի անապատացումը ՀՀ-ում․