Ինչո՞ւ են Հայաստանի բնակիչները մեծ գումար վճարում հոսանքի և գազի համար
JAMnews-ն այսօր կազմակերպել էր հերթական քննարկումը՝ իր գործընկեր Մեդիա կենտրոնի հետ համատեղ:
Քննարկման բանախոսներն էին
տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ, Հայաստանում Համաշխարհային բանկի վերարտադրվող էներգետիկայի ծրագրի համակարգող Արա Մարջանյանը:
Մի քանի մեջբերում նրանց ելույթներից.
«Գազի գինը վերջնական սպառողի համար Հայաստանում անթույլատրելի բարձր է: Պատճառը՝ սակագների գնագոյացման տրամաբանության մեջ որոշակի սխալներն են: Լուծման ձևը՝ մրցունակության սկզբունքն է: Խոսք է գնում է Թուրքմենստանի գազը Իրանով Հայաստան հասցնելու մասին, իրանական գազը ընկալել որպես գազամատակարարում՝ փոխանցման տրամաբանությունից զատ [այժմ Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց Իրանը մատակարարում է գազ]»,- Արա Մարջանյան:
«Երբ մենք նայում ենք մատակարարված էլեկտրաէներգիան ինչպես է սպառվում, ամենամեծ սպառողը մենք ենք՝ բնակիչներս, ոչ թե արդյունաբերությունը: Եվ մենք բոլորս պարտաճանաչ վճարում ենք, դրան հատկացնելով մեր եկամուտների 10-14 տոկոսը, ինչը անհանգստացնող է: 10 տոկոսը եթե գերազանցում է այդ ցուցանիշը, դա պետք է անհանգստացնի իշխանություններին»,— Վահագն Խաչատրյան:
«Սա տեղի է ունենում, որովհետև Հայաստանը շրջափակման մեջ է, որովհետև ամեն օր, ամեն ժամ խեղդամահ է արվում: Դրա համար է վիճակն այսպիսին»,— Արա Մարջանյան:
«Հիմա, 2017 թվականին, եթե մենք ուզում ենք էներգետիկ հզորություններն ավելացնել, ի վերջո, մի վտանգավոր բան կա՝ դա արվում է վարկային միջոցներով, այդ վարկային միջոցների բեռը մեզ վրա է ընկնում [երկրի բնակիչների]: Տնտեսական առումով ի՞նչ ծրագրերից ելնելով են որոշում, որ էներգետիկայի զարգացման այս ուղղությունն ընտրենք»,— Վահագն Խաչատրյան:
«Ատոմակայանը երաշխավորված հզորություն է և հետո միայն էլեկտրաէներգիայի աղբյուր: Եթե երկիրը երաշխավորված հզորություն չունի, ապա նա ոչ կարող է ապագան տեսնել, ոչ կարող է տնտեսություն զարգացնել: Պետք է հստակ հասկանալ, որ ոչ արևային էներգետիկան, ոչ հողմային էներգետիկան, ոչ հիդրոէներգետիկան, վերականգնվող էներգիայի բոլոր աղբյուրները՝ նրանք չեն կարող լինել և չեն հանդիսանում երաշխավորված հզորություն: Ատոմակայանի 2-րդ բլոկի հզորությունը պետք է փոխարինվի նույն չափի երաշխավորված հզորությամբ:
Գերմանիան ժամանակին հրաժարվեց ատոմակայաններից՝ հները փակվեցին, նորերը չէին կառուցվում: Եվ դա հանգեցրեց նրան, որ Գերմանիան գերզգայուն դարձավ գազի մատակարարման նկատմամբ, ներքաշվեց դասական ծուղակի մեջ՝ դարձավ գերկախված Ռուսաստանից և Ուկրաինայից»,— Արա Մարջանյան:
Բանավեճի մասին համացանցից տեղեկանալով, քննարկմանը միացել էր նաև էներգետիկայի ոլորտի վետերան, ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար Էդուարդ Արզումանյանը: Նա հակառակ քննարկման հիմնական բանախոսների պնդում է, որ Հայաստանը պետք է արևային էներգիան օգտագործի անմնացորդ և զարգացնի վերականգնվող էներգիայի ուղղությունը:
Այսօրվա բանավեճի հիմքում այն հարցերն էին, որոնց մինչ այդ JAMnews-ն անդրադարձել էր իր այս հրապարակման մեջ