Հյուր սեփական հայրենիքում
Սեյֆաթ Դուրսունովն 91 տարեկան է: Նա ծերացել է և, հնարավոր է, դժվարությամբ հիշի, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրը, սակայն կան բաներ, որոնք հիշողությունն համարյա ամփոփոխ պահպանել է:
«Նոյեմբերին էր: Այդ տարի շատ ձյուն էր եկել: Գիշերը մեր գյուղ՝ Ուտկիսուբանի, մեծ բեռնատարներ էին եկել: Բոլորիս փողոց հանեցին, տեղավորեցին մեքենաների մեջ և տարան Ախալցխա: Այնտեղ մեզ բեռնատար գնացք էր սպասում: Գնում էին 40 օր: Սաստիկ ցուրտ էր: Ուտելու բան չունեինք: Այն ժամանակ ես 20 տարեկան էի և հայրենիքից հեռացա գրեթե մինչև կյանքիս վերջը», — հիշում է նա:
Սեյֆաթ Դուրսունով
Սեյֆաթ Դուրսունովն այն 120 հազար մեսխեթ-մուսուլմաններից էր, ովքեր 1944թ. նոյեմբերյան գիշերը Ստալինի հրամանով Մեսխեթիայից արտաքսվեցին Սիբիր և Միջին Ասիա: Շատերը չդիմացան այդ ծանր ու երկար ուղևորությանը. մի քանի հազար մարդ ճանապարհին մահացավ: Վրաստանից նրանց աքսորելու պատճառը Ստալինի կասկածներն էին, որ թշնամիների ներխուժման դեպքում մուսուլման մեսխեթները դուրս կգան խորհրդային բանակի դեմ:
50-ականների վերջին՝ Ստալինի մահից հետո, ԽՍՀՄ-ում «Մեծ առաջնորդի» կողմից հալածված ժողովուրդների վերակենդանացման և հայրենադարձության գործընթաց սկսվեց: Սակայն դա մեսխեթներին չէր վերաբերում:
80-ականներին, նրանք կրկին հետապնդումների զոհ դարձան, Կենտրոնական Ասիայում էթնիկ բռնության թիրախ: Նրանք ապաստան գտան Ադրբեջանում և Ռուսաստանի հարավում:
Այսօր այդ հետապնդվող համայնքը ցրված է հետխորհրդային տարածքով մեկ: Նրանց մի մասն արտագաղթել է ԱՄՆ, մյուսները վերադարձել են Վրաստան:
1992 թվին, երբ Վրաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ, Թբիլիսին իր վրա վերցրեց մուսուլման մեսխեթներին հայրենիք վերադարձնելու պարտավորությունը և հստակ քայլեր ձեռնարկեց. 2007-ին երկիրն ընդունեց հայրենադարձության մասին օրենք:
Օրենքի ընդունումից ի վեր անցել է գրեթե 10 տարի և օրենսդրական մակարդակում, թվում է, թե ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, Վրաստանում բնակվող մուսուլման մեսխեթների մի մասը դեռևս հայրենադարձի կարգավիճակ չունի: Ավելի փոքր մասին հաջողվել է քաղաքացիություն ստանալ: Կշտամբանքներ են լսվում նաև բարձր ամբիոնից. ապրիլին ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթի ժամանակ Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հիշեցրել է վրացական իշխանություններին մուսուլման մեսխեթների հանդեպ ստանձնած իրենց պարտավորությունների մասին:
«Հուսով ենք, որ այդ մարդկանց հայրենադարձումը կարտացոլվի Եվրախորհրդի անդամ Վրաստանի գործողությունների ծրագրում որպես առաջնահերթություն», — հայտարարել է նա:
Թբիլիսին զարմանում է Դավութօղլուի հայտարարության կապակցությամբ. «Մի՞թե Թուրքիայի վարչապետը չգիտի, որ Վրաստանը կատարել է բոլոր պարտավորությունները», — հարցադրում է անում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն:
Ընդդիմության ներկայացուցիչները նույն բանն են կրկնում:
«Մենք Վրաստան վերադառնալու հնարավորություն ենք տվել բոլոր ցանկացողներին: Ավելին, գրանցման ժամկետները կրկնակի երկարաձգվել են», — ասում է «Ազգային շարժման» առաջնորդ Դավիթ Բակրաձեն:
Մուսուլման մեսխեթների հարցերով զբաղվող իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես չեն հերքում օրենսդրական մակարդակում պարտավորությունների իրականացման փաստը: Սակայն հայտարարում են, որ հայրենադարձի կարգավիճակ ստանալու երկարատև ընթացակարգերը, քաղաքացիության բացակայությունն ու ծանր սոցիալական պայմանները մուսուլման մեսխեթների կյանքը Վրաստանում անտանելի են դարձնում:
Պաշտոնական վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի. վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանին հայրենադարձի կարգավիճակ ստանալու համար դիմել է 5841 մարդ:
1533-ին այդ կարգավիճակը տրամադրվել է, իսկ 494 մարդ «պայմանական քաղաքացիություն» է ստացել, ինչը ենթադրում է Վրաստանի քաղաքացիության անհապաղ ստացում, այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում: Իշխանության ներկայացուցիչները պարզաբանում են, որ կարգավիճակի և քաղաքացիության տրամադրման մերժման հիմնական պատճառը չկարգավորված փաստաթղթերն են:
Ժամանակը գնում է: Վրաստան վերադարձած մուսուլման մեսխեթները չեն կարողանում կարգավորել տարրական կենցաղային խնդիրներ, չենք խոսում էլ հասարակության մեջ ինտեգրվելու մասին:
Քաղաքացիություն չունենալու պատճառով նրանք իրավունք չունեն գյուղատնտեսական նշանակության հողեր ձեռք բերել, չեն կարող օգտվել սոցիալական ծրագրերից և պետական ուսումնական հաստատություններում պարբերաբար խոչընդոտների են հանդիպում:
Մուսուլման մեսխեթների մեծ մասը վրացերեն չգիտի և ծանոթ չէ Վրաստանի օրենսդրությանը, ինչն ավելի է բարդացնում նրանց ամենօրյա կյանքը և բազմաթիվ խնդիրներ է առաջացնում տեղական իշխանությունների հետ շփվելիս:
«Նրանք չեն խոչընդոտել մեր վերադարձին, սակայն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մեր կյանքն այստեղ անտանելի դառնա», — ասում է Սեյֆաթ Դուրսունովը՝ հիշելով 70 տարվա վաղեմության ողբերգական պատմությունը: Արդեն 8 տարի է, ինչ նա Ադրբեջանից վերադարձել է Վրաստան:
Սեյֆաթի ընտանիքի անդամները ո’չ Վրաստանի քաղաքացիություն ունեն, ո’չ էլ՝ հայրենադարձի կարգավիճակ: Նրա երկու որդիները չեն կարողացել աշխատանք գտնել Վրաստանում, թողել են տարեց հորն ու մեկնել Թուրքիա: Սեյֆաթի հետ այժմ նրա թոռն է ապրում, ով էլ հենց հոգ է տանում նրան:
Ջավախքում բնակվում է մինչև 50 մուսուլման մեսխեթների ընտանիք: Նրանցից 20-ն ապրում են Ախալցխայի ապրանքային կայարանում: Մնացածն էլ՝ Վալում, Ադիգենում և Աբաստումանում:
Ապրանքային կայարանում ապրող մուսուլման մեսխեթները
Նրանց մեծ մասը Վրաստան է վերադարձել 2007-2010թվերին: Տները գնել են սեփական միջոցներով և ապրում են գյուղատնտեսությամբ, բանջարեղեն և մրգեր են աճեցնում :
«Մենք ոչ մի կարգավիճակ չունենք, ոչ աշխատանք կա, ոչ էլ հեռանկար: Մենք մեր հայրենիքում ենք ապրում, սակայն այստեղ ոչինչ ենք», — ասում է 43-ամյա Բախտիար Ազիզովն, ով 6 հոգանոց իր ընտանիքով ապրում է Ախալցխայի ապրանքային կայարանում: Նա քաղաքացիություն չունի: Նրան մերժել են հայրենադարձի կարգավիճակ տալ, ինչպես նա է ասում, առանց որևէ պատճառ նշելու:
Բախտիարը երազում է հողի մասին, որի վրա կկարողանա բերք աճեցնել և ընտանիքը ոտքի կանգնեցնել:
Նրա հարևանը՝ 45-ամյա Յուսուֆ Սուլեյմանովը, հայրենադարձի կարգավիճակ ունի: Սակայն, նրա խոսքով, «այդ վկայականը զուտ դատարկ թուղթ է, դրանից ոչ մի օգուտ չկա»: Տան փոքր բակում ջերմոց է սարքել, որտեղ վարունգ և լոլիկ է աճեցնում, դրանով էլ ընտանիքը պահում է: Որպես քաղաքացիություն չունեցող անձ, նա գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու իրավունք չունի:
Սուլեյմանովների ընտանիքի ջերմոցը
«Եթե հող ունենայի, շատ կաշխատեի: Կարևորը միայն վերադառնալը չէ… մենք լեզու չգիտենք, ծանոթ չենք օրենքներին ու կանոններին: Ինչ-որ մեկը պետք է մեզ վրա ուշադրություն դարձնի, ասի՝ ինչ անել…», — ասում է Յուսուֆը: Նա իր պատմությունն է պատմում. վերջերս է կտուրը կառուցել: Սակայն տեղի օրենսդրությունը չիմանալու պատճառով թույլտվություն չի վերցրել: Եվ այժմ Ախալցխայի քաղաքապետարանը այն ապօրինի շինարարություն է ճանաչել, եթե երկու շաբաթվա ընթացքում փաստաթղթերը չկարգավորի, 3000 լարի տուգանք է վճարելու: Սուլեյմանովների հինգ հոգուց բաղկացած ընտանիքի համար դա ահռելի գումար է՝ նրանցից ոչ ոք չի աշխատում:
Թազագուլ Ֆազլիևա: Թազագուլ Ֆազլիևայի խոսքով, նրան տուն կառուցելու իրավունք չեն տալիս
Ապրանքային կայարանում ապրողների մեջ նաև վրացական քաղաքացիություն ունեցողներ կան: «Երբ քաղաքացիություն ունես, Վրաստանը կարծես տունդ լինի, և դու քեզ հյուր չես զգում: Ես աշխատում եմ և շատ լավ եմ ապրում», — ասում է Թուրսուն Թեմիևը՝ հպարտությամբ ցույց տալով անձնագիրը:
Թուրսուն Թամիևը պատմում է, որ վրացական քաղաքացիություն ստանալուց հետո նա որևէ խնդիր չի ունեցել
Մուսուլման մեսխեթների հարցերով արդեն երկար տարիներ զբաղվող «Հանդուրժողականություն» կազմակերպության ղեկավար Ցիրա Մեսխիշվիլիի խոսքով, երկիրը ոչինչ չի անում նրանց ինտեգրացիայի համար:
«Իշխանությունները ճիշտ են, երբ ասում են, որ իրավական տեսանկյունից բոլոր պարտավորությունները կատարել են: Սակայն գոյություն ունեն բարոյական և սոցիալական պարտավորություններ. Մի՞թե այստեղ վերադարձած մարդիկ չպետք է արժանապատիվ կյանք ունենան: Օրենքում այդ մասին ոչինչ ասված չէ, և պետությունը նույնպես ոչինչ չի անում: Եթե նրանք քաղաքացիություն ունենային, ի վիճակի կլինեին շատ ծնդիրներ լուծել», — ասում է Մեսխիշվիլին:
Այն մասին, որ մեսխեթների ինտեգրացիայի համար պետության աջակցությունն է պետք, նշվում է նաև 2015թ. Վրաստանի ժողովրդական պաշտպանի՝ մարդու իրավունքների ոլորտում իրադրության մասին ամենամյա հաշվետվությունում:
«Օրենքով սահմանվում է միայն հայրենադարձի կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Դրանով նախատեսված չեն որևէ սոցիալ-տնտեսական երաշխիքներ կամ սեփականության հետ կապված հարցեր»:
Հաշվետվության համաձայն, Վրաստանի քաղաքացիություն ունեցող հայրենադարձները խնդիրների են բախվում կրթության, առողջապահության և աշխատանքի տեղավորման ոլորտում:
Իշխանությունները նույնպես չեն հերքում պրոբլեմների առկայությունը, սակայն, նրանց խոսքով, ինտեգրացիան ընդամենը բարի կամքի դրսևորում է, այլ ոչ թե պետության պարտավորություն:
«Վրաստանի պարտավորությունը հայրենադարձման համար իրավական հիմք ստեղծելն էր, և դա բարեխղճորեն կատարվել է: Ինչ վերաբերում է ինտեգրացիային, դա մեր բարի կամքն է: Ինտեգրացիայի վերաբերյալ գործողությունների ծրագրի աշխատանքներն ավարտված են, և այն ներկայացվել է Եվրախորհրդին: Հենց պատասխան ունենանք, միանգամից կսկսենք իրագործումը», — հայտնում է հայրենադարձների և փախստականների հարցերով վարչության պետ Իրակլի Կոկայան:
Նրա խոսքով, երկիրը չի կարող իր վրա վերցնել բարոյական պարտավորություններ կատարելու ճոխությունը: «Որքան էլ ցանկանանք բոլորին տներով ապահովել, մենք ոչ մի հնարավորություն չունենք: Երկիրը, որը 50 հազար փախստական ունի, չի կարող իրեն թույլ տալ նման պարտավորություն: Այդ մարդկանց Վրաստանից աքսորել է ԽՍՀՄ-ը, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, և եթե նույնիսկ ինչ-որ մեկը պետք է իր վրա բարոյական պարտավորություն վերցնի, ապա դա առաջին հերթին Ռուսաստանն է», — ասում է Կոկայան:
Այնուամենայնիվ, Վրաստանում ապրող մուսուլման մեսխեթները երկրում դրական տեղաշարժ նկատում են:
Տարիներ առաջ, երբ նրանք սկսեցին հայրենիք վերադառնալ, լրատվամիջոցներում հաճախ էին հայտնվում մեսխեթների և տեղացիների միջև բախումների, քրիստոնյաների և մուսուլմանների միջև կոնֆլիկտների մասին նյութեր: Այսօր նմանատիպ տեղեկություններ հազվադեպ են հանդիպում:
«Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Ժողովուրդն ընդունել է մեզ, պետությունը՝ ոչ», — ասում է Սեյֆաթ Դուրսունովը:
Ապրանքային կայարանի բնակիչները հաստատում են դա: Մեսխեթ Ռամին Ֆազլիևը պատմում է, որ միշտ կարող է հույս դնել հարևանների վրա.
«Եթե ինձ մեքենա է անհրաժեշտ, ես գնում ու ասում եմ հարևանիս՝ բանալիները տուր, և նա տալիս է: Նա քրիստոնյա է, ես՝ մուսուլման… Հետո՞ ինչ»:
Ֆայա Գոխարովան և նրա քրիստոնյա հարևանը
Տեղացի քրիստոնյա Մզիա Մերաբիշվիլին խոսում է մուսուլմանների հետ բարիդրացիական հարաբերությունների մասին
Ռամինի մայրը համոզված է, որ պետությունը դիտավորյալ է մեսխեթների համար խնդիրներ ստեղծում, որպեսզի նրանք լքեն երկիրը:
«Եթե մենք նրանց պետք չենք, թող այդպես էլ ասեն, գնեն մեր տները, փոխհատուցում տան մեզ և մենք կհեռանանք», — ասում է Թազագուլ Ֆազլիևան:
Հրապարակվել է 12.05.2016