Կախվածությո՞ւն, թե՞ դիվերսիֆիկացիա․ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը
ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին
Հայաստանի քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակում են մեկնաբանել ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Միանշանակ և աներբկա Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»,- Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք TRIPP նախագծի շրջանակում կառուցվող էներգետիկ ենթակառուցվածքները միանալու են իրար։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները սուր են արձագանքել հայտարարությանը՝ ահազանգելով «լույսի ռուբիլնիկը ադրբեջանցիներին տալու» մասին։
«Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի, ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Նույն տրամաբանությունն է»,- նկատել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Տնտեսագետներն ու էներգետիկ հարցերով փորձագետները տեսնում են ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։
Կարծում են՝ բոլոր դեպքերում առաջնահերթ պետք է լինի ՀՀ տնտեսությունը կախվածության մեջ չդնելն ու բացառապես դիվերսիֆիկացիայի տրամաբանութամբ առաջնորդվելը։
«Մենք միայն Ադրբեջանից գազ կամ էլեկտրաէներգիա չպետք է ներկրենք, պետք է դիվերսիֆիկացնենք, որոշակի խմբաքանակ պետք է փորձենք նաև այդ ուղղությունից ներկրել՝ միաժամանակ պահպանելով Վրաստանի, Իրանի ուղղությունները»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
TRIPP-ով («Թրամփի ուղով») էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քննարկել էին դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Կոպենհագենում: Վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ եղել է նախնական քննարկում, որը «հետագայում կկոնկրետացվի»։ Այլ մանրամասներ, սակայն, մինչ այս պահը չեն հաղորդվել։
- «Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
- Փաշինյանն առաջարկում է փակել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
- Երեք նոր սահմանապահ ուղեկալներ ՀՀ-Ադրբեջան սահմանին. ինչո՞ւ են դրանք տեղակայվել
«Անթույլատրելի է Ադրբեջանից էներգետիկ կախվածության ձևավորումը»
Փաշինյանի հայտարարությունը քննադատել են նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Նրանցից երեքը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցությունն ու «Նժար» շարժումը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը անցնում է սահմանադրական և ազգային անվտանգության թույլատրելիության սահմանը»,- արձանագրել են նրանք։
Հիշեցրել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացման (2021-22 թ․), Արցախի էթնիկ զտման և արցախահայերի բռնի տեղահանության մասին․
«Նման թշնամական և ցեղասպանություն իրականացրած պետության հետ անհնարին է պետության ռազմավարական ենթակառուցվածքներում համատեղություն կամ համագործակցություն ունենալ»։
Քաղաքական այս ուժերի դիտարկմամբ՝ էներգետիկան պետական ինքնիշխանության, ազգային անվտանգության և ռազմավարական կայունության հիմնարար տարր է և չի կարող դիտարկվել որպես «սովորական տնտեսական նախաձեռնություն»։
Կարծում են՝ նման որոշում կարող է կայացվել բացառապես ժողովրդի կամարտահայտության միջոցով՝ հանրաքվեով։ Հակառակ դեպքում, ըստ նրանց, այն կունենա «լեգիտիմության և սահմանադրականության լուրջ խնդիր»։
Արտախորհրդարանական ուժերն անթույլատրելի են համարել՝
- «ՀՀ էներգետիկ համակարգի ցանկացած համատեղ կառավարում կամ վերահսկողություն,
- էներգետիկ կախվածության ձևավորումը Ադրբեջանից,
- փակ, գաղտնի կամ հանրային վերահսկողությունից դուրս գործընթացները»։
«Էներգիան չի կարող և չպետք է դառնա քաղաքական ճնշման գործիք։
Այս հարցը չի կարող լինել բանակցությունների կամ առևտրային շահերի առարկա։Սա ՀՀ «սահմանադրական» կարմիր գիծ է»,- ասված է հայտարարությունում։
Մեկնաբանություններ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին երկու երկրներին ունեին միմյանց հետ փոխկապակցված էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգեր:
Նա նշել է՝ այդ տարիներին հենց Հայաստանից էր էլեկտրաէներգիա և գազ մատակարարվում Նախիջևան։ Այդ համակարգը, սակայն, դադարեց աշխատել Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։
Պարսյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ն այս պահին էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի և կարող է արտահանել այն ինչպես Ադրբեջան, այնպես էլ նրա էքսկլավ Նախիջևան: Հարց է՝ արդյո՞ք Ադրբեջանը կցանկանա օգտվել Հայաստանի էներգետիկ համակարգից։
«Ադրբեջանը միգուցե ցանկանա ուղղակի՞ մատակարարում անել Նախիջևան՝ TRIPP-ի տարածքով, դա էլ է տարբերակ, բայց կարծում եմ՝ Հայաստանը, մոտ լինելով Նախիջևանին, կարող է ավելի էժան գներով էլեկտրաներգիա մատակարարել, քան Ադրբեջանը կմատակարարի»:
Ընդգծում է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը կարող է վտանգներ պարունակել, սակայն «փոխադարձ զսպման և վերահսկման մեխանիզմների» ներդրմամբ դրանք հնարավոր կլինի կառավարել։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը՝ նվազեցնելով Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից ունեցած կախվածությունը: Ասում է՝ միաժամանակ չպետք է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից։
Ըստ Պարսյանի՝ 80-ականներին գրանցվել են դեպքեր, երբ Ադրբեջանը պայթեցրել է ՀՀ մտնող գազատարը, ինչն էներգետիկ լուրջ հետևանքներ է ունեցել։
2025 թ․- ի վերջին ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգությանն ու դիվերսիֆիկացիայի ամրապնդմանը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրեց, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ Ծրագրի արժեքը 500 մլն եվրո է։ Այն ենթադրում է ներդրումներ Հայաստանի էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար։ Կոսի փոխանցմամբ՝ աշխատում են նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ուղղությամբ՝ նվազեցնելու համար ՀՀ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ պետք է առաջնահերթ դիտարկել Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ չդնելու հանգամանքը։
Հանրային ռադիոյի հետ զրույցում Ավետիսյանը շեշտել է՝ կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Բայց նշել է նաև, որ ՀՀ-ն պետք է շարունակի անկախությունից հետո իր կողմից վարվող քաղաքականությունը․
«Հզորությունների իմաստով, էլեկտրահաղորդման գծերի կառուցման իմաստով Հայաստանը պետք է շարունակի իր քաղաքականությունը՝ [ուղղված,- խմբ․] էլեկտրաէներգիայի արտադրությանը, ինքնաբավությանն ու արտահանմանը միտված տնտեսության կառուցմանը։ Այդ պարագայում ռիսկերը զգալիորեն կնվազեն»։
Փորձագետի գնահատմամբ՝ ՀՀ-ն պետք է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանի, առավել ևս, որ ունի ատոմակայան։
Հիշեցնում է՝ Հայաստանը ներկա պահին տարածաշրջանի միակ պետությունն է, որը գործող ատոմակայան ունի։
«Գործող ատոմակայանը մի օր պետք է կոնսերվացվի և նորը պետք է շահագործվի։ Հզոր և կուտակիչ կայանների հետ կապված ներդրողների, գործընկերների հետ պետք է վարվեն այնպիսի բանակցություններ, որպեսզի ՀՀ ոչ միայն ենթակառուցվածքային, այլև ընդհանուր էներգետիկ համակարգը դիտարկվի որպես կոմպլեքս համալիր` արտադրություն և արտահանում»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին