«Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
ՀՀ տնտեսության արդիականացման մասին
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52 տոկոսով ցածր է եղել 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ էապես նվազել են և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալները։ Նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը։
Այդ ֆոնին, սակայն, 4.1 տոկոսով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ գերազանցապես ծառայությունների և շինարարության ոլորտների շնորհիվ։ «Արմենպրեսի» հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե առաջիկա ամիսներին ի՞նչ զարգացումներ կլինեն ՀՀ տնտեսությունում։
Հաշվի առնելով տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի ունեցած ազդեցությունը՝ տնտեսագետը նշել է, որ «որոշակի վերապահումով» է պետք մոտենալ նախորդող ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության աճի ցուցանիշներին։ Կարծում է՝ առաջիկա ամիսներին պետք է ավելի շատ կենտրոնանալ այն հարցի վրա, թե որքանով կարող ենք ավելացնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում։
- Հայաստանում կկրկնապատկվի շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը
- ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
- «ՀՀ-ն պետք է ընտրի՝ լինել առաջատա՞ր, թե՞ արձագանքողի դերում»․ ՏՏ ոլորտի մասնագետ
«Առևտրաշրջանառության ցուցանիշների նվազումն անկանխատեսելի չէր»
Տնտեսագետից հետաքրքրվել են՝ միայն ռուսաստանյան ոսկու վերարտահանման ծավալների նվազման գործոնո՞վ է պայմանավորված ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների անկումը։ Նա պատասխանել է, որ ոսկու վերարտահանման գործոնն արդիական է, բայց ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի համապատկերում։
«Այն նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին առևտրի, թե՛ արդյունաբերության որոշ ճյուղերի ցուցանիշների ձևավորման վրա»,- նկատել է Քթոյանը։
Նրա փոխանցմամբ՝ ցածր աճ կամ նույնիսկ ցուցանիշների նվազում է արձանագրվել թանկարժեք մետաղներով գործառնությունների և առևտրին առնչվող բոլոր այն ոլորտներում, որոնցում նախորդ ամիսներին արձանագրվել էր բավականին զգալի աճ: Ասում է՝ ցուցանիշների անկում է գրանցվել ոչ միայն արտաքին առևտրաշրջանառության, այլև արդյունաբերության ոլորտում:
Տնտեսագետի խոսքով՝ առևտրաշրջանառության ցուցանիշների նվազումն անկանխատեսելի չի եղել։
Հիշեցնում է՝ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում արտահանման-ներմուծման վերաբերյալ կանխատեսումներն արդեն իսկ ենթադրում էին դրանց զգալի նվազում:
Քթոյանը համեմատական է անցկացրել 2024 թ․-ի ցուցանիշների հետ։ Ըստ նրա՝ արտահանման մասով նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին էլ նույն պատկերն է եղել։ Մանրամասնում է՝ նշելով, որ արտահանումն ավելացել էր միայն թանկարժեք մետաղների մասով, իսկ մյուս բոլոր կետերով աճ չկար, առկա էր նվազում․
«Ներմուծման դեպքում նմանապես ծավալի ամբողջ աճը համարժեք էր, նույնիսկ պակաս էր թանկարժեք մետաղների ներմուծման ցուցանիշից: Նույն կերպ նախորդ տարվա առաջին երկու ամիսներին գրեթե հավասարազոր մեծություններ էին մշակող արդյունաբերության բացարձակ աճը և հիմնական մետաղների արտադրության բազմապատիկ աճը»։
2024 թ․-ին արդյունաբերության աճը գլխավորապես պայմանավորված է եղել մետաղների արտադրությամբ, այդ թվում՝ ոսկու գործոնով:
«Առևտրի ոլորտի երկնիշ աճն էլ հիմնականում պայմանավորված էր մեծածախ առևտրով, որում դարձյալ ուրույն մասնաբաժին ունի ոսկու առևտուրը: Հիմա այս բոլոր ուղղություններով (մշակող արդյունաբերություն, արտահանում-ներմուծում) ունենք ցուցանիշների նվազում, իսկ մեծածախ առևտրի պարագայում՝ չափավոր աճ»,- նկատել է նա։
«Շոկային էֆեկտների ազդեցությունն աստիճանաբար կնվազի»
Փորձագետը «շոկային էֆեկտ» է անվանում ՀՀ տնտեսության վրա Ուկրաինայում ընթացող պատերազմի ունեցած ազդեցությունը։ Ասում է՝ նույնիսկ դրական ազդեցություն ապահովելու պարագայում որոշակի պահից սկսած այն կարող է ունենալ կտրուկ բացասական ազդեցություն:
«Հայաստանի տնտեսությանը շոկային էֆեկտների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է։ Այն վերադառնալու է տնտեսական աճի իր ներուժի մակարդակին,- շեշտել է նա։
Տնտեսագետի խոսքով՝ անհամեմատ փոքր ծավալներով, սակայն դեռևս կպահպանվի ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը։
«Այլ հարց է, որ դա տեղի է ունենում ոչ այն չափով, որը դրսևորվում էր հակամարտության առաջին ամիսներին կամ սկզբնական 1.5 տարվա ընթացքում»,- նշել է նա։
Մյուս կողմից նկատել է՝ պատերազմը բացասաբար է անդրադարձել ավանդական տնտեսական գործունեության ուղղությունների վրա: Օրինակ՝ պատերազմի և ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում արժեզրկվել է ռուսական ռուբլին, ինչի հետևանքով «ռուսաստանյան շուկան կարող է համեմատաբար պակաս գրավիչ լինել մեզ համար»։
Քթոյանն ասում է՝ դա արդեն իսկ դրսևորումներ է ունեցել։ Մասնավորապես, նվազել է դեպի ՌԴ ՀՀ-ից որոշ ավանդական ապրանքների արտահանումը։ Առանձին ապրանքատեսակներ, սակայն, տնտեսագետը չի մատնանշել։
Ո՞ր ուղղություններն են նպաստել տնտեսական ակտիվության պահպանմանը
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ծառայությունների (առանց առևտրի) և շինարարության ոլորտներում գրանցվել է համապատասխանաբար 12.4 և 12.2 տոկոս աճ: Այդ ոլորտներն են եղել այն առանցքային ուղղությունները, որոնք նպաստել են տնտեսական ակտիվության պահպանմանը։
Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ազդեցությունն առկա է ինչպես վերարտահանման պարագայում, այնպես էլ ժամանակավորապես երկիր ներգաղթածների տնտեսական գործունեության, ծառայությունների և այլ ասպարեզներում պահանջարկի ձևավորման դեպքում։
«Ծառայությունների ոլորտում այդ ազդեցությունը դեռևս պահպանվում է: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ տնտեսությունն ունի աճի որոշակի ներուժ և հնարավորություն, որը նույնպես դրսևորվում է»,- արձանագրել է նա։
Գլոբալ թիրախը՝ մրցունակության մեծացում
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի գլոբալ թիրախը պետք է լինեն տնտեսության արդիականացումն ու մրցունակության մեծացումը․
«Այդպիսի ռազմավարության մշակման և հետևողական իրագործման պարագայում թվերն էլ [տնտեսական ցուցանիշները] կլինեն համապատասխան»։
Քթոյանն ասում է՝ տնտեսության ոլորտում որակական թռիչք արձանագրելու համար պետք է իրականացնել բավարար միջոցառումներ, մասնավորապես՝
- ներդրումներ,
- արդիականացում,
- մարդկային կապիտալի բարելավում,
- ֆիզիկական կապիտալի ավելացում։
Ըստ նրա՝ վերոնշյալ աշխատանքներն առայժմ չեն կատարվել։
«Հետևաբար, պետք է դուրս գանք գոհունակության այս վիճակից և փորձենք հասկանալ, թե չօգտագործվող կամ ցածր արդյունավետությամբ օգտագործվող ինչ ռեսուրսներ ունենք և ինչ է պետք անել դրանք ավելի արդյունավետ օգտագործելու համար»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ տնտեսության արդիականացման մասին