«TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
ՀՀ վարչապետը՝ TRIPP ծրագրի և ապաշրջափակման մասին
«Դարակազմիկ իրադարձություն՝ Հայաստանն ապաշրջափակվում է»,- Վաշինգտոնից հայ լրագրողների ուղարկած հարցերին պատասխանելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արձանագրել՝ գործ ունենք շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ: Նրա ասուլիսը Վաշինգտոնից տեղի ունեցավ Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերին, բոլոր փաստաթղթերի ստորագրումից հետո։
Վարչապետի փոխանցմամբ՝ հաղորդակցությունների բացման «Թրամփի երթուղի» ծրագրի արդյունքում ՀՀ-ն երկաթուղային կապ է ստանալու աշխարհի հետ: Երկրով անցնելու են գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրահաղորդման գծեր, շրջանառվելու են միլիարդավոր ապրանքներ աշխարհի տարբեր երկրների միջև.
«Սա միլիարդների օգուտ է բերելու ՀՀ-ին: Դրանք ներդրվելու են մեր երեխաների կրթության, քաղաքացիների առողջապահության, նրանց երջանկությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Իրենց հետ բերելու են անվտանգության նոր շերտեր, գործիքներ ու բանաձևեր»:
Վարչապետ Փաշինյանը որպես անվտանգային նոր բաղադրիչ է դիտարկում TRIPP ծրագիրը, կարևորում դրա իրագործումը: Շեշտում է՝ պոտենցիալ ներդրողներին մեծ վստահություն կներշնչի ԱՄՆ նախագահի անունը՝ որպես բրենդ, իսկ Հայաստանի վարկանիշը կբարձրանա:
Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին՝ նկատել է՝ պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի արդեն իսկ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դառնա: Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները կհամախմբվեն խաղաղության օրակարգի շուրջ: Վստահ է՝ դա կլինի նոր, ոչ պակաս կարևոր հեղափոխություն Հայաստանի ապագայի տեսակետից:
Տևական բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը: Կողմերը համաձայնության են եկել նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, որն առկա տարաձայնությունների պատճառով պայմանագրի տեքստից դուրս էր բերվել 2024 թ.-ի օգոստոսին:
Ապաշրջափակվող ճանապարհը կկոչվի «Թրամփի երթուղի»՝ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity): Ինքը՝ Թրամփը, ասել է՝ ծրագիրը կարող է իրագործվել 99 տարի և կարող է երկարաձգվել:
Կարևոր դրվագները՝ ստորև
- «ՀՀ-ն դուրս է գալիս մեկուսացումից»․ կարծիք՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին
- «Ալիևի ախորժակը զսպելու առիթ»․ ի՞նչ են ՀՀ-ում սպասում Թրամփի միջնորդությամբ հանդիպումից
- «Բաքվի նպատակը ՀՀ-ն Ադրբեջանին ենթարկեցնելն է»․ կարծիքներ Երևանից
- «Եթե բացվի միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա»․ կարծիք
«ՀՀ-ի ինքնիշխանությունը չի նսեմացվի, պետական ինստիտուտները կգործեն»
Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ TRIPP ծրագրի իրագործման արդյունքում՝
- «Հայաստանն ապաշրջափակվում է,
- ՀՀ-ն հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ,
- Հայաստանը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի ՌԴ, Իրան, Կենտրոնական Ասիա, Չինաստան,
- Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ»:
«Մեր ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել, դա ակնհայտ է: Դրա մեջ մտնում է թե անձնագրային հսկողությունը, թե մաքսային: Մեր պետական ինստիտուտները դա պետք է իրագործեն»,- վստահեցրել է նա:
Ասում է՝ ներկա պահին կա միայն Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, դետալները դեռ համաձայնեցված չեն.
«Ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ կլինեն բանակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում և գործեն փոխադարձության հիման վրա»:
Արձանագրել է՝ արտոնյալ պայմաններ Բաքվի համար չեն լինելու, սակայն Երևանը պատրաստ է պարզեցումների:
«ԱՄՆ հետ ստորագրված հուշագրերից մեկը վերաբերում է սահմանային և մաքսային ծառայությունների կարողությունների ուժեղացմանը: Ունեն լուրջ տեխնոլոգիաներ, որոնք իրենք են կիրառում: Եթե մենք դրանց հասանելիություն ստանանք, մաքսիմալ կպարզեցնենք ընթացակարգերը»,- նշել է նա:
Ընդգծել է՝ կան որոշ տարբերություններ, որովհետև ՀՀ-ն ուզում է ներգրավել օտարերկրյա ներդրողներ, հետաքրքրված է նրանց բիզնես կառավարման մոդելով, Ադրբեջանը՝ ոչ:
Պատճառների շարքում Փաշինյանը թվարկել է Բաքվի՝ ֆինանսական սահմանափակումներ չունենալը, գործող երկաթուղի, ինչպես նաև գազամուղ և նավթամուղ կառավարելու կարողություններ ունենալը: Արձանագրել է՝ ԱՄՆ-ն ու TRIPP ծրագրի պոտենցիալ գործընկերներն ունեն այդ կարողությունները:
Ճանապարհի անվտանգությունը Հայաստանն է ապահովելու
«Ո՞վ է ապահովում անվտանգությունը իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակում: ՀՀ-ում անվտանգությունն ապահովում է Հայաստանը, Ադրբեջանում՝ Ադրբեջանը»,- արձագանքելով ճանապարհի անվտանգության մասին հարցին՝ նկատել է նա:
Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ամբողջ տարածքում գործում և գործելու են միայն ՀՀ օրենքները:
Նկատել է՝ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ անվտանգության կամ պահնորդական ծառայություններ, սակայն այդ հանգամանքը «որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը»:
Թրամփի երթուղին կվնասի՞ Իրանի և ՌԴ առևտրային շահերին
Փաշինյանի խոսքով՝ շատ էական է, թե որ դիտանկյունից է հարցը քննարկվում: Ասում է՝ TRIPP-ը կարող է անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ բացել.
«Գուցե այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական գործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Չինաստանն է ստանում նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արևմուտք»:
Հիշեցրել է՝ իրանական ընկերություններից մեկն է ՀՀ տարածքում իրականացնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը: Չի բացառել, որ առաջիկայում, երբ մեկնարկի Մեղրու հատվածում երկաթուղու կառուցումը, դա նույնպես գործակցության կարևոր հնարավորություն կդառնա:
Նկատել է՝ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը կստանա երկաթուղային կապ Իրանի, Ռուսաստանի հետ: Վարչապետի փոխանցմամբ՝ գուցե ՀՀ երկաթուղիները կառավարող ՌԴ-ի մոտ էլ հետաքրքրություն առաջանա, որոշի վերականգնել, օրինակ՝ Իջևան-Ղազախ երկաթուղին: Այդ պարագայում, սակայն, անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը:
Ինչո՞ւ հենց Վաշինգտոնը կարողացավ հաջողություն գրանցել
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ Երևանի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել են բոլոր գործընկերներին և առաջարկել ներդրումներ անել:
«Նույն տարբերակն առաջարկել ենք նաև Ռուսաստանին, մյուս գործընկերներին: Այն, որ հիմա Վաշինգտոնում ենք և այս ձևաչափով է մոտեցում ցուցաբերվել, պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ էր»,- նշել է նա:
Հայաստանի ղեկավարի խոսքով՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են նկատել Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից ի վեր։ Գործընթացում ներգրավված են եղել անձամբ ԱՄՆ նախագահն ու նրա թիմը:
«Նրբությունն այն է, որ ԱՄՆ կողմից մենք շատ ակտիվ և կենդանի ըմբռնում տեսանք խնդրի շրջանակում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, որոնք նախագծի հիմնարար դրույթներն են՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանության, իրավազորություն և փոխադարձություն: Այդ առանցքային պատճառով է, որ առավել ակտիվացավ և հաջոդություն գրանցեց հենց այս ուղղությունը»,- շեշտել է նա։
Ըստ Փաշինյանի՝ վաշինգտոնյան բանակցությունները կառուցվել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ անելու ԱՄՆ հետաքրքրության վրա: Ընդգծում է՝ դա բոլորովին չի նշանակում, թե ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում որոշել են՝ չեն կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել:
«Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում Երևան-Բաքու երկկողմ ձևաչափի վերափոխում»
Հայ-ադրբեջանական օրակարգն, ըստ վարչապետի, շատ լայն է և ներառում է բազմաթիվ հարցեր: Համոզված է՝ ԱՄՆ-ում կազմակերպված բանակցություններից հետո էլ կշարունակեն աշխատանքները երկկողմ ձևաչափով.
«Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում երկկողմ ձևաչափով աշխատանքի դադարեցում կամ երկկողմ ձևաչափի վերափոխում: Ըստ էության, այսօրվա իրադարձությունը երկկողմ աշխատանքի արտահայտություններից մեկն էր»:
Ակնկալում է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո վստահության մակարդակը կմեծանա, պայմանագիրն էլ վերջնական կստորագրվի.
«Համաձայնագիրը նախաստորագրվել է, ինչը նշանակում է՝ պաշտոնապես, գրավոր կերպով կողմերն արձանագրել են, որ այդ փաստաթուղթն իրենց համար ընդունելի է և այլևս անփոփոխելի: Հիմա պետք է աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք»:
«Պատմական առաջընթացը կբերի նաև հումանիտար խնդիրների լուծման»
Լրագրողները Փաշինյանին հարցադրումներ են արել նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին, հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ հարցը բարձրաձայնել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ.
«Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում»:
Մանրամասներ, սակայն, վարչապետը չի ներկայացրել: Նրա խոսքով՝ առանձին վերցված հումանիտար հարցերը լուծում չունեն, դրանց լուծմանն է բերելու գրանցված պատմական առաջընթացը:
Ըստ վարչապետի՝ մինչ այժմ տարբեր պատճառներով գերիների հետ կապված հարցերը լուծվել են մասամբ։ Սակայն կառավարությունը հարցը դիտարկում է ամբողջությամբ մեջ, չի առանձնացնում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի հարցը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ վարչապետը՝ TRIPP ծրագրի և ապաշրջափակման մասին