«Հնարավորությունների նոր դարաշրջան է Երևանի և Ռիյադի համար»․ հայ փորձագետներ
ՀՀ-Սաուդյան Արաբիա
Երկօրյա այցով Սաուդյան Արաբիայի թագավորությունում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2023 թ․-ի նոյեմբերին։ Սա դրանից հետո կազմակերպված առաջին բարձր մակարդակի այցն էր։ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել կրթության, էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հայ փորձագետները կարծում են՝ այս իրադարձության կարևորությունն ու դրական ազդեցությունը կարող է հսկայական լինել Հայաստանի համար։ Մասնավորապես՝ Սաուդիան Արաբիան կարող է նպաստել տարածաշրջանի կայունության հաստամանը ինչպես ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու միջոցով, այնպես էլ դիվանագիտական լծակների գործադրման և բոլոր կողմերի հետ փոխգործակցության շնորհիվ։
Այցի բոլոր մանրամասները, մեկնաբանություններ
Լրացնելով խոստումնալից փոխգործակցության բացը
Ապրիլի 17-18-ը Ռիյադում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը։ Սաուդյան Արաբիայի թագավորության արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, նախորդ տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական պետությունների լիգայի նախարարական հանդիպմանը:
«Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»,- հայտարարել է նա։
Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարարներն արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասախան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը․
«Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը»։
Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Ըստ այդմ՝ այմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։
Երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին անդրադարձ է կատարվել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հանդիպման ընթացքում։
Փորձագիտական կարծիք
«APRI Armenia» վերլուծական կենտրոնի նախագահ Լարա Սեդրակյանն ու կրտսեր գիտաշխատող Դավիթ Անտոնյանը հեղինակել են հոդված, որում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որակել են որպես «պատմական քայլ»։ Նշել են, որ Միրզոյանի այցը նշանավորում է «հնարավորությունների նոր դարաշրջանի մեկնարկ» երկու երկրների միջև ընդլայնված տնտեսական, սոցիալական և ռազմավարական համագործակցության համար։
Հոդվածագիրները կարծում են՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ցուցիչ է․
«Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության հաստատումը, ինչպես նաև լրացուցիչ գործընկերների հետ հարաբերությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Եգիպտոսը, Հունաստանը և Կիպրոսը, կարող են ամրապնդել Հայաստանի ընդգրկվածությունը և համատեղ նախագծերի հաջողությունը»։
Ասում են՝ պետք է հաշվի առնել նաև թագավորության առաջատար դերը արաբական և իսլամական աշխարհում, անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, ՇՀԿ-ին, ԻՀԿ-ին և այլ բազմակողմ ձևաչափերի։ Կարծում են՝ Սաուդյան Արաբիայի հետ ՀՀ հարաբերությունները դրական ազդակ կփոխանցեն այլ պետությունների՝ քաջալերելով նրանց կառուցողական գործակցություն ունենալ Հայաստանի հետ:
Հայ փորձագետների գնահատմամբ՝ Սաուդիան Արաբիան կարող է կարևոր դերակատարություն ունենալ նաև Հարավային Կովկասի կայունացման և կայուն զարգացման գործում։
«Սաուդյան Արաբիան կարող է միջնորդական դեր խաղալ՝ օգնելով կանխելու ապագա հակամարտությունների առաջացումը»,- նկատել ենք նրանք։
Հեղինակներն արձանագրում են՝ Սաուդյան Արաբիան տարածաշրջանային ազդեցիկ տերություն է, ինստիտուցիոնալացված ժամանակակից երկիր, որն աչքի է ընկնում արտասահմանում ներդրումներ կատարելու համար զգալի ֆինանսական ներուժով։ Կարևոր են համարում Երևանի և Ռիյադի ընդհանուր հետաքրքրությունների ուրվագծումն ու փոխշահավետ նպատակների սահմանումը․
«Հայաստանի համար կարևոր կլինի հավասարակշռության և փոխադարձության արձանագրումը՝ քարտեզագրելով Սաուդյան Արաբիային ներկայացվող առաջարկները։ Միևնույն ժամանակ ՀՀ-ն պետք է ռազմավարական առաջարկներ ներկայացնի Սաուդյան Արաբիային՝ ի աջակցություն իր զարգացման»։
Սաուդյան Արաբիան, ըստ նրանց, ուզում է ներգրավել տաղանդներ և մտավոր կապիտալ, ինչը կնպաստի տնտեսության արագ աճին։ «APRI Armenia»-ի փորձագետների խոսքով՝ «չնայած իր առջև ծառացած դժվարություններին՝ Հայաստանը գտել և մշակել է լուծումներ, որոնք կարող են խթանել Սաուդյան Արաբիայի աճը առանցքային ոլորտներում՝ տեխնոլոգիաներից մինչև մշակույթ», այդ թվում՝ օգտագործելով տեխնոլոգիական ոլորտում սփյուռքի ունեցած ներուժը։
Անդրադառնալով Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքականությանը նկատել են՝ այն առանձնանում է յուրօրինակություններով։ Թագավորությունը «չեզոք երկիր» է, որին հաջողվել է ամուր հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ հետ, դիվանագիտական հարաբերություններ ունենալ նախկին տարածաշրջանային մրցակիցների՝ Թուրքիայի և Իրանի հետ։
«Սա Սաուդյան Արաբիային հնարավորություն է տալիս իրավահավասար հիմունքներով համագործակցել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ՝ չենթարկվելով հակամարտող դաշինքների բևեռացմանը»,- նշում են հեղինակները։
Շեշտում են՝ գործընկեր երկրների հետ Սաուդյան Արաբիայի փոխգործակցության առանցքային ուղղությունը տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտներում երկարաժամկետ ներդրումներն են: Հետաքրքրություն են ներկայացնում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտները․
«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի՝ լայնածավալ, երկարաժամկետ կապիտալ ներդրումներ տրամադրելու կարողությունը՝ երկկողմ նախագծերը կարող են ներառել ներդրումներ ենթակառուցվածքներում և տնտեսական զարգացման մեջ, որոնք փոխակերպիչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա»։
Զարգացման հնարավորություններ են տեսնում ինչպես տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, հնարավոր են համարում, որ Սաուդյան Արաբիան դառնա արտահանման պոտենցիալ շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-Սաուդյան Արաբիա