«Ամեն օր սեռավարակի թեստ հանձնե՛ք»․ ՀՀ-ի իշխող ուժի պատգամավորը՝ ընդդիմադիրին
ՀՀ պատգամավորներն իրար թեստ հանձնելու են ուղարկում
Հայաստանի խորհրդարանականներն ակտիվ քննարկում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի վարքագիծը։ Մասնավորապես՝ Թովմասյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել, որ Հովհաննիսյանն ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ հանձնի։
«Լրագրող եք բոլորդ, ոչ մեկ 3-4 հատ տուն չունեք, չէ՞, Հյուիսիսային պողոտայում: Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում Թովմասյանը ևս լրագրող էր։
Ինքը՝ Թովմասյանը, դա սուտ է որակում, հայտարարում դատարան դիմելու մասին և պնդում՝ Հովհաննիսյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը իր հասցեին հնչեցրած վիրավորանքի, սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքի և սուտ տեղեկություներ տարածելու համար:
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է հանդես գալ իշխանական պատգամավորի վարքագիծը քննելու հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Իշխող ուժի առանձին պատգամավորներ հայտնել են՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, այն լինելու է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Տեղեկացրել են նաև, որ հանձնաժողովը չի անդրադառնա մինչ այդ պահը տեղի ուենցած դեպքերին։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է՝ գործ ունենք կնոջ թիրախավորման հերթական դեպքի հետ։
Բոլոր մանրամասները, պատգամավորների մեկնաբանություններն ու իրավապաշտպանի կարծիքը
- Խաղադրույք «նոր դեմքերի» վրա. ինչպե՞ս է ՌԴ-ն փորձում առաջ մղել իր շահերը Հայաստանում
- «Փաշինյանը վերարտադրվելու շանսեր չունի, ակտիվ մասնակցելու ենք ընտրություններին»․ Քոչարյան
- ՀՀ-ում իշխանություն-եկեղեցի առճակատումը նոր թափ է ստանում․ Փաշինյանի ծրագիրը
Մի ճեպազրույցի պատմություն․ ինչի՞ց հետո գրվեց Թովմասյանի նամակը
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ նախագահին նամակ է ուղղել այն բանից հետո, երբ իր ճեպազրույցներից մեկի ժամանակ Արթուր Հովհաննիսյանը անցել էր միջանցքով և ռեպլիկ նետել՝ լրագրողներին հորդորելով հարցնել, թե ինչու ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցում նիստերին։
Նամակում Թովմասյանը պնդել է՝ իշխող ուժի պատգամավորն «անհարգալից վարք» է դրսևորել իր նկատմամբ, խախտել պատգամավորի գործունեության երաշխիքներն ու խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը։ Պնդել է՝ «խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»։
«Անհրաժեշտ է պահանջել, որ Արթուր Հովհաննիսյանն ԱԺ մուտք գործելուց առաջ յուրաքանչյուր օր պարտադիր ենթարկվի թմրամիջոցների օգտագործման նկատմամբ բժշկական ստուգման»,- պահանջել է Թովմասյանն ու հավելել, որ թեստի արդյունքները պետք է լինեն հրապարակային։
Որպես իր առաջարկի հիմնավորում՝ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանի խոսնակին ուղղված նամակում գրել է, թե «2017 թ․-ին Հովհաննիսյանը բերման է ենթարկվել և նրա մեքենայում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված»։
«Ինչպե՞ս ա՝ ցածր աշխատավարձով լրագրողը Հյուսիսային պողոտայում և մի քանի այլ վայրերում բնակարան է ունենում, միգուցե ա՞յլ ծառայությունների միջոցով»,- արձագանքել էր իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա Թագուհի Թովմասյանին հորդորել էր «չանցնել բարոյականության սահմանները»։ Միաժամանակ Հովհաննիսյանը չէր համաձայնել, թե իր որակումներով դրսևորում է սեռով պայմանավորված խտրական վերաբերմունք։
«Կինը կարող ա ինչ ուզել ասել, բայց տղամարդը երբ որ պատասխանում ա կնոջ անբարոյական մեկնաբանություններին ու իր հասցեին վիրավորանքին, էստեղ գալիս ա՝ վայ, դե կին ա: Դե կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կասկածի տակ կդնեմ արդեն՝ իրա սեռային պատկանելության»,- հայտարարել էր նա։
Փոխադարձ վիրավորանքները շարունակվեցին նաև սոցցանցերում
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրեց՝ Հովհաննիսյանի «դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է» և դիմեց Հովհաննիսյանը մորը․
«Տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա»։
Թովմասյանի գնահատմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը «քաղաքական մշակույթի բացակայության և անպատասխանատվության» մարմնավորում է։
Արձագանքելով հնչած մեղադրանքներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել էր՝ 4 տուն չունի, Հյուսիսային պողոտայում գույք չունի։ Ավելի վաղ Թովմասյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ հայտարարությունների մասով պատրաստվում է նաև դատարան դիմել։
Ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հորդորելով նրանց զբաղվել Թագուհի Թովմասյանի դաստիարակությամբ:
«Պարոնայք, հորդորե՛ք, հրամայե՛ք ձեր անձնական պատգամավորին` իրեն պահել հայ կնոջը, պատգամավորին վայել և անբարոյական ստեր չտարածել ու հետո թաքնվել կնոջ կերպարի տակ»,- գրել է Հովհաննիսյանը։
Մեկնաբանություններ
«Երկու դեպքում էլ կարծրատիպեր վերարտադրելն անթույլատրելի է»
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն անընդունելի է համարում հնչած արտահայտությունները։ Ասում է՝ երկու պատգամավորների ասածներին էլ վատ է վերաբերվում։
Բաթոյանը լրագրողներին հայտնել է՝ հասցրել է թեմայի շուրջ զրուցել ինչպես Արթուր Հովհաննիսյանի, այնպես էլ իշխող խմբակցության ղեկավարի հետ ու հայտնել իր դիրքորոշումը։
«Նման հանրային խոսքը քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա։ Ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է և այդպես է պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում նկատել է նա։
Իշխող ուժի պատգամավորի գնահատմամբ՝ Թագուհի Թովմասյանը կարծրատիպեր է վերարտադրել․
«Ո՞վ է թմրանյութեր օգտագործող անձը, առողջական խնդիր ունեցող անձն է, այսինքն՝ մարդ, ով ունի կախվածություն։ Ինձ համար անընդունելի է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը [Թովմասյանը] կարող է թիրախավորել որևէ անձի, նաև կարծրատիպեր վերարտադրել»։
Մյուս կողմից Զարուհի Բաթոյանն անընդունելի է համարել նաև կանանց հանդեպ խտրականությամբ, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրությունը։
Կարծում է՝ նման դեպքերի կանխման համար պետք է որդեգրել ինստիտուցիոնալ մոտեցում։ Այդ ուղղությամբ արվող քայլերի շարքում մատնանշում է ԱԺ-ում էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծումը։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են՝ երբ հստակ գնահատական չի տրվում, չկա՞ մտավախություն, որ նման օրինակները կարող են շատանալ և բացասական ազդեցություն ունենալ իշխող ուժի վրա։
«Կարծում եմ՝ նման ռիսկեր կան, բայց այդ ռիսկերը պիտի կառավարենք»,- պատասխանել է նա։
«Նույն նժարի վրա դնել պետք չէ»
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ պետք չէ արված հայտարարությունները դնել նույն նժարի վրա։
«Ես որևէ մեկի նկատմամբ չէի կարողանա երբևէ նմանօրինակ բառեր հնչեցնել, առավել ևս կին գործընկերներիցս, ինչպես իրեն թույլ է տալիս Արթուր Հովհաննիսյանը: Փողոցային ռազբորկայի տրամաբանությամբ են շարժվում ՔՊ-ական պատգամավորները։ Եթե այդքան վիրավորված էր Արթուր Հովհաննիսյանը, մի հանձնաժողով [էթիկայի] էլ թող ինքը սարքեր»,- «Ազատության» հետ զրույցում նկատել է Մամիջանյանը:
Կարծում է՝ 8 -րդ գումարման Ազգային ժողովն աչքի է ընկել թե՛ կին պատգամավորների, թե՛ կին լրագրողների նկատմամբ «խայտառակ դրսևորումներով»։
Պատգամավորը հայտնել է, որ «Պատիվ ունեմ»-ը որոշել է կրկին հանդես գալ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ որպես հիմք ընդունելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի «խայտառակ պահվածքը»։
«Լռեք, եթե որևէ բովանդակային բան չունեք ասելու»
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այսպիսի կարծիք է արտահայտել․
«Որքան կարելի է կանանց թիրախավորել, չհարգել անձնական և ընտանեկան կյանքը, հետո կասեք կնամեծար, մայրերին հարգող ու սիրող ենք, ոչ, չեք։
Հետո էլ ուզում եք, որ կանայք մասնակցեն ընտրություններին ու հայտնվեն խորհրդարանում։
Կինը, որը նախկինում ձեր թիմակիցն էր, հիմա քանի որ չէ, ուրեմն կարելի՞ է բացել գաղջ բառապաշարը։ Դա ձեր մշակույթի մասին է խոսում, ոչ թե տվյալ կնոջ։
Ի դեպ, վերջերս «Կանանց թիրախավորումը մեդիայում» թեմայով հետազոտություն էի իրականացնում ու դիտարկում 2022-2025 թթ․ մեդիայում որոշումների մակարդակում ներկայացված կանանց մասին հրապարակումները։ Ու գիտե՞ք՝ ինչ պարզեցի, որ այդ նյութերի գերակշիռ մասը բացասական է (71.4%), դրական հրապարակումները նվազագույն են (2.1%)։
Եվ նույնիսկ չեզոք թվացող հրապարակումները սոցիալական մեդիայում դարձյալ դառնում են սեքսիստական, վիրավորական ու ատելության խոսքի համար պարարտ հող։
Այդ խոսույթը հիմնականում տարածում են հենց բարձր դիրքեր գրավող տղամարդիկ, իսկ մեդիահարթակներում տեղի է ունենում տղամարդ քաղաքական գործիչների սեքսիստական խայտառակ խոսույթի անխափան տիրաժավորում՝ առանց քննադատության կամ սեքսիզմի անընդունելիության ընդգծման։
Ընդհանրապես, մեդիայում առավել հաճախ կիրառվում են հետևյալ մեխանիզմները՝
- անհատական արժեզրկում և սեքսիստական արտահայտություններ,
- գենդերային ապատեղեկատվություն (օրինակ՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության քննարկումների շուրջ),
- սենսացիոնիզմ և ֆրեյմինգ («հիստերիկ ճղրտոց», «բամբասանք»),
- կանանց սեռականության և արտաքին տեսքի շահարկում,
- ուժային և բարձր պաշտոններում կանանց ներկայության նկատմամբ անվստահություն։
Առնվազն, եթե որևէ բովանդակային բան չունեք խոսելու, կարող եք փակել ձեր բերանները։ Լռե՛ք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ պատգամավորներն իրար թեստ հանձնելու են ուղարկում