ՀՀ կառավարությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին․ ե՞րբ և ինչպե՞ս
ՀՀ-ում կաջակցեն անհուսալի վարկեր ունեցողներին
Հայաստանի կառավարությունը որոշել է աջակցել անհուսալի դասակարգված այն անձանց, որոնք առնվազն 3 տարի չեն կարողանում մարել իրենց վարկային պարտավորությունները։ Խոսքն այն անձանց մասին է, ում վարկի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը։ Պարտադիր պայման է նաև դիմելու պահին գրանցված աշխատանք ունենալը։ Նշվում է, որ ծրագրի պոտենցիալ շահառուների խումբը 218 հազար անձ է:
Նախագիծը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում։ Քաղաքացիները կկարողանան դիմումներ ներկայացնել 2025 թ․-ի փետրվարից, երբ գործարկված կլինի դիմումների համար նախատեսված առցանց հարթակը։
«Վերջնանպատակն է միջոցառման պոտենցիալ շահառուների համար վերականգնել տնտեսական ակտիվությունը՝ ընձեռելով օրինական դաշտում աշխատելու հնարավորություն, վերականգնելով վարկունակությունն ու վարկարժանությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Բոլոր մանրամասները՝ ստորև
Ի՞նչ աջակցություն է տրամադրվելու քաղաքացիներին
Նախագծից տեղեկանում ենք, որ ծրագրի շահառուները ստանալու են ֆինանսական աջակցություն իրենց աշխատավարձից գոյացող եկամտահարկի գումարի չափով։ Այդ գումարն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը։
«Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից»,- ասված է փաստաթղթում։
Ծրագրից օգտվելու ընթացքում (24 ամիս) քաղաքացիների աշխատավարձից վարկի մարման համար կբռնագանձվի աշխատավարձի 20 տոկոսը՝ նախկին մինչև 50 տոկոսի փոխարեն։
Միայն 20 տոկոսն ունի գրանցված աշխատանք
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ պոտենցիալ շահառուների ցանկում (218 հազար անձ) ներկա պահին ֆորմալ զբաղվածություն ունի միայն 20 տոկոսը՝ 43․600-ը։
«Անհուսալի վարկառուների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ: Նրանց մի մասն էլ հաշվառված է Անապահովության գնահատման համակարգում՝ որպես անապահով ընտանիք, և պետությունից ստանում է նպաստ»,- արձանագրել է նա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2023 թ․-ի դեկտեմբերին հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանում-2023» ուսումնասիրության համաձայն՝ ոչ ֆորմալ զբաղվածություն ունի 434․200 անձ։
Նախարարը շեշտել է՝ ծրագրի պոտենցիալ շահառուների շուրջ 65 տոկոսը 26-50 տարեկան անձինք են, որոնք գտնվում են «աշխատունակության ամենաակտիվ շրջանում»։
Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ չաշխատելու հետևանքով նշված խմբի ճնշող մեծամասնությունը դուրս է մնում տնտեսական ակտիվությունից, այդ թվում՝ չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից։
Բացի այդ, չաշխատելու հանգամանքը բացասաբար է ազդում նաև այդ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ հետագայում վճարվող կենսաթոշակի չափի վրա։
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ․-ի հունվարի 31-ը, շահառու կդառնա թիրախային խմբի շուրջ 60%-ը (131․000 անձ)։ Բացի այդ, գործադիրը հույս ունի, որ ծրագրի ներդրման արդյունքում գրանցված աշխատանքի կանցնի շուրջ 90 հազար մարդ։
«Սա վարկերի ներում չէ»
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2024 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող վարկառուների (ֆիզիկական անձանց) թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023 թ․-ի ապրիլի դրությամբ այդ բեռը 525 մլրդ դրամ էր:
«Վարկային բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է: Հենց սա էլ ստիպել է մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին»,- կառավարության նիստում հայտարարել է Նարեկ Մկրտչյանը։
Նրա գնահատմամբ՝ խոսք չի գնում վարկերի ներման մասին, պարզապես քաղաքացիներին ասում են, որ իրենց աշխատանքով պետք է մարեն պարտավորությունները, ընդառաջում են որոշ հարցերում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում կաջակցեն անհուսալի վարկեր ունեցողներին