56 խախտում՝ երեք ամսում․ խոսքի ազատության պաշտպանությունը ՀՀ-ում
ՀՀ-ում խոսքի ազատությունը 2025 թ․-ի առաջին եռամսյակում
2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրվել։
«56 դեպքից 2-ը ֆիզիկական բռնություններ էին, 25-ը՝ տարբեր տեսակի այլ ճնշումներ, 29-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա խոսել է հունվար-մարտ ամիսներին արձանագրված խախտումների մասին, անդրադարձել նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատարան ներկայացված հայցերի բովանդակությանը։
Շեշտել է՝ միջազգային կառույցների գնահատականների համաձայն՝ Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ մամուլ ունեցող երկիր։
«Իհարկե, տարածաշրջանում լավագույնն ենք, բայց քանի դեռ նկատելի առաջընթաց չկա, սա պետք է մտահոգի և՛ լրագրողներին, և՛ քաղաքական դաշտին, և՛ առաջին հերթին իշխանություններին, որպեսզի առավել բարենպաստ պայմաններ ստեղծեն ԶԼՄ-ների գործունեության համար»,- նկատել է նա։
- Մամուլի ազատության հարցում ՀՀ-ն տարածաշրջանի առաջատարն է․ ԵԽ ներկայացուցչի կարծիքը
- «Վրաստանը կարող է կրկնել Բելառուսի ճակատագիրը»․ Պավել Լատուշկո
- «Չենք ապրելու ռուսական օրենքներով, դիմադրելու ենք մինչև վերջ»․ Վրաստանի ՀԿ-ներ
- «Ազատություն չկա». լրագրողները՝ Ադրբեջանում աշխատելու մասին
Ճնշումների մեծ մասը եղել է իշխանության կողմից
ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ տարվա առաջին եռամսյակում երկրի հասարակական-քաղաքական կյանքում հարաբերական անդորր է եղել․
«Լրագրողները ստիպված չեն եղել լուսաբանել զանգվածային բողոքի ակցիաներ, հանրահավաքներ։ Ընդհարումների առիթներ չեն եղել մեծ հաշվով, բայց բավականին շատ էր կոնֆլիկտային իրավիճակը ԱԺ-ում»։
Մելիքյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 25 տարբեր տեսակի ճնշումներից 18-ի դեպքում դրանք իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից։ Դա, ըստ նրա, «բավականին մտահոգիչ տենդենց է»։
«Մեր մի շարք հայտարարություններում ուշադրություն ենք հրավիրել այս փաստի վրա և կոչ արել հաղթահարել այն լարվածությունը, որը գոյություն ունի ԱԺ-ում՝ պատգամավոր-լրագրող հարաբերություններում»,- նկատել է փորձագետը։
Ո՞ր կառույցներից են դժգոհ լրագրողները
ԶԼՄ ներկայացուցիչներն, ըստ փորձագետի, դժգոհ են եղել վարչապետի աշխատակազմի, դատախազության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատանքից։
2025 թ․-ի առաջին եռամսյակում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 29 խախտում է արձանագրվել, մասնավորապես՝
- պետական մարմիններն անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը՝ 7 դեպք,
- ուշացրել են պատասխանը՝ 1 դեպք,
- թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել՝ 13 դեպք
- անարձագանք են թողել հարցումները՝ 8 դեպք։
15 նոր հայց՝ ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների
2025 թ․-ի հունվար-մարտ ամիսներին լրագրողների և լրատվամիջոցների դեմ 15 նոր հայց է ներկայացվել։
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ պետական մարմինների կողմից ներկայացվել է 12 հայց, որից 4-ը ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Երկու հայց ներկայացվել է լրատվական գործակալությունների կողմից ընդդեմ լրատվամիջոցների, հեղինակային իրավունքի պաշտպանության հայցեր են, ևս մեկը ներկայացվել է շարքային քաղաքացու կողմից»։
Եթե նախորդ տարի բոլոր հայցերը լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության հիմքով էին, ապա այս տարի պատկերը մի փոքր այլ է։
Կոմիտեի նախագահը շեշտել է՝ կան հեղինակային իրավունքի պաշտպանության մասով հայցեր։ Եվ դա նորություն է։
«Տարիների ընթացքում եղել են լրատվամիջոցն ընդդեմ լրատվամիջոցի հայցեր, սակայն հեղինակային իրավունքի մասով ներկայացված հայցերը, այսպես ասած, նորություն են, վերջին տարիներին չէին եղել»,- պարզաբանել է նա։
Ասում է՝ տարիներ առաջ եղել են հրապարակումների արտատպման (copy-paste-ի) հետ կապված դատական հայցեր։ Այս անգամ, սակայն, հետևողական է եղել «Ֆոտոլուր» գործակալությունը՝ ներկայացնելով հայց կապված իր լուսանկարների տարածման հետ։ ԽԱՊԿ նախագահի փոխանցմամբ՝ դրանք հրապարակվել են առանց գործակալության հետ նախնական պայմանավորվածության և վճարման, ինչպես նաև առանց հղման։
Լրագրողները Մելիքյանից հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է, որ դա նախադեպ դառնա և փոխի մթնոլորտը լրատվական դաշտում։ Ի պատասխան՝ մեդիափորձագետը նշել է, որ «դա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի լրատվական դաշտն առողջանա խրոնիկ դարձած հիվանդությունից՝ copy-paste-ից»։
Ի՞նչ պատկեր էր նախորդ տարի
Կոմիտեի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2024 թ․-ի առաջին եռամսյակում գրանցվել էր 58 խախտում, սակայն լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության որևէ դեպք չէր արձանագրվել։ Այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է բռնության երկու դեպք, ընդ որում՝ երկուսն էլ երկրի խորհրդարանում՝ անվտանգության աշխատակիցների կողմից։
Մյուս ցուցանիշների հետ կապված նախորդ տարի պատկերը հետևյալն էր՝
- ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ 17 դեպք,
- տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ՝ 41 դեպք։
Աշոտ Մելիքյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանք վրա, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն այս տարի նկատելիորեն ավելի քիչ են․
«Որոշ բարելավում կա, բայց իրավիճակը դեռ բարվոք չէ»։

Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում խոսքի ազատությունը 2025 թ․-ի առաջին եռամսյակում