ՀՀ-ում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
ՀՀ-ում էլեկտրոնային պայմանագրեր կկնքվեն
Հայաստանի կառավարությունը նախատեսում է աշխատանքային պայմանագրերը կնքել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, նախատեսվում է համակարգն ամբողջությամբ ներդնել 2026 թվականի հունվարի 1-ից։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, առաջիկայում սպասվում է ենթակառուցվածքների ապահովման գործընթացի մեկնարկը։ Սարգսյանը վստահեցնում է՝ հարթակում քաղաքացիների գաղտնիությունն ապահովված է լինելու։
«Քաղաքացին տեսնելու է միայն իր պայմանագրերը, մյուս աշխատողների պայմանագրերը տեսնելու հնարավորություն չի ունենալու։ Գործատուն էլ տեսնելու է միայն իր աշխատողների պայմանագրերը։ Այսինքն՝ գործատուն չի տեսնելու իր աշխատողի՝ տարբեր գործատուների մոտ եղած պայմանագրերը»,- հայտարարել է նա։
Այլ մանրամասներ
- Գործադուլ պղնձամոլիբդենային կոմբինատում․ ՀՀ թիվ մեկ հարկատուն չի աշխատում
- «Մրցունակ աշխատուժի ձևավորում և զբաղվածության աճ»․ մինչև 2031 թ․-ի նպատակները ՀՀ-ում
- «Պետք է ինտեգրվենք նոր շուկայում»․ արցախցիները բիզնես են հիմնում Հայաստանում
Համակարգը ներդրվելու է փուլային եղանակով
ԱՍՀ նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրել է՝ նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն փուլ առ փուլ։ Սկզբում մինչև 2025 թ․-ի հուլիսի 1-ը գործատուներն ու աշխատակիցները թվային համակարգին կմիանան կամավոր։ Էլեկտրոնային պայմանագիր ունենալու պարտադիր պահանջ կգործի հաջորդ տարեսկզբից։
Գերատեսչությունը նախատեսում է գործարկել հարթակ, որի միջոցով գործատուները կկարողանան ստեղծել աշխատանքային պայմանագրերը։
«Ի սկզբանե լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն՝ կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Ամեն դեպքում համակարգը ճկուն է։ Եվ եթե կլինեն դրույթներ, աշխատանքային պայմաններ, որոնք աշխատողը կամ գործատուն կուզենան ներառել պայմանագրում, ապա կարող են ավելացնել»,- նկատել է Սարգսյանը։
Աշխատանքային պայմանագիր կնքելուց բացի հարթակում հնարավոր է լինելու լուծել այդ պայմանագրերը կամ դրա մեջ կատարել որոշ փոփոխություններ։
Կարգավորումը տարածվելու է նաև արդեն իսկ աշխատող քաղաքացիների վրա
Առցանց հարթակի գործարկումից հետո գործատուները պետք է այնտեղ լրացնեն նաև այն աշխատակիցների տվյալները, որոնք արդեն իսկ իրենց աշխատողն էին հանդիսանում նախքան 2026 թ․-ի հունվարի 1-ը։ Նրանց տրվելու է լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2026 թ․-ի ավարտը․
«Աշխատողների աշխատանքային պայմանագրերը կմուտքագրվեն այդ օրվա ամսաթվով ու քաղաքացին կդնի իր էլեկտրոնային ստորագրությունը, սակայն պայմանագրում նշվելու է, որ նա աշխատանքի է ընդունվել, օրինակ՝ 2001 թվականին»։
Ժորա Սարգսյանի փոխանցմամբ՝ կարիք չի լինի նոր համակարգում ներկայացնել միայն այն աշխատակիցների տվյալները, որոնց հետ կնքված պայմանագրերն այդ պահի դրությամբ լուծված կլինեն։
Բոլոր դեպքերում քաղաքացիներին էլեկտրոնային ստորագրություն է պետք լինելու։
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը կարծում է՝ դժվարություններ չեն առաջանա։
«Այսօր քաղաքացիների մի զգալի մասն իրենց եկամուտները հայտարարագրում են հենց «Ես եմ» հարթակի միջոցով, բջջային օպերատորների մոտ ձեռք բերված էլեկտրոնային ստորագրությամբ, այն է՝ 6-8 նիշից բաղկացած կոդով։ Դա նշանակում է, որ թվային պայմանագրերը տեսնելու, դրանք ստորագրությամբ հաստատելու համար հավելյալ գործողությունների կարիք չի լինի, խնդիրներ չեն առաջանա»,- նկատել է նա։
Ըստ նրա՝ գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ․ նախ գործատուն հարթակում աշխատանքային պայմանագրի նախագիծ է ձևավորելու, էլեկտրոնային ստորագրություն է դնելու դրա տակ, ինչից հետո աշխատանքի ընդունվող քաղաքացին իր էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու է այդ մասին ծանուցում, իր հերթին՝ մուտք է գործելու համակարգ և էլեկտրոնային ստորագրություն է դնելու։
«Փաստաթղթաշրջանառության ծավալը կտրուկ կնվազի»
Ժորա Սարգսյանի խոսքով՝ սպասվող փոփոխությունները կնպաստեն, որ կտրուկ նվազի փաստաթղթաշրջանառության ծավալը։ Բացի այդ, ըստ նրա, կկրճատվեն նաև գործատուի կողմից արվող գործողությունները
«Գործատուն աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային հարթակում աշխատողի հետ կնքելուց հետո այլևս գրանցման հայտ տալու [Պետական եկամուտների կոմիտե] անհրաժեշտություն չի ունենալու։ Պայմանագրի բովանդակությունից կգեներացվի գրանցման հայտը»,- շեշտել է նա։
Արձանագրել է՝ վերոնշյալ հանգամանքը աշխատակիցներին կօգնի խուսափել խնդիրներից։ Օրինակ՝ գրանցվում են դեպքեր, երբ գործատուն պայմանագիրը թղթային եղանակով է կազմում, սակայն անհրաժեշտը հայտը չի ներկայացնում պատկան մարմիններին։
«Ու ստացվում է, որ այդ թղթային տարբերակով պայմանագիրն իրավական ուժ չունի, դա միայն թուղթ է։ Այս հնարավոր խնդիրները ևս չեն լինի»,- պարզաբանել է պաշտոնյան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում էլեկտրոնային պայմանագրեր կկնքվեն