Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է
ՀՀ-ում երեխաների սննդային վարքագիծը
Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով Հայաստանը բարձր դիրքերում է աշխարհի 51 երկրների ցանկում։ Առաջին հորիզոնականում է, մասնավորապես՝ 15 տարեկանների շրջանում։
«Այդ տարիքի աղջիկների 64 տոկոսը, տղաների 56 տոկոսն օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Սա իսկապես անհանգստացնող է, մտահոգվելու տեղիք է տալիս»,- ասում է «Արաբկիր» ԲԿ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Հայաստանի առողջապահական և կրթական գերատեսչություններն ու «Արաբկիր» բժշկական կենտրոնն իրականացրել են դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն։ Դրա արդյունքներն այսօր ներկայացվել են լրագրողներին։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 4300 երեխա
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունն իրականացվում է 4 տարին մեկ անգամ աշխարհի 51 երկրում։ Հայաստանում վերջին հետազոտությունն արվել է 2022 թվականին, այն վերջնականացման փուլում է։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 4300 երեխա՝ 11, 13, 15, 17 տարեկան։
«Արաբկիր» ԲԿ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ Մարինա Մելքումովայի խոսքով՝ արձանագրված պատկերը մտահոգիչ է։ Նկատի ունի, մասնավորապես՝ քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործումը․
«15 տարեկանների շրջանում տղաների 32 տոկոսն է ամեն օր օգտագործում քաղցր գազավորված ըմպելիքներ, աղջիկների՝ 22 տոկոսը»։
Դպրոցները գիտեն՝ երեխաների սնունդը պետք է լինի բալանսավորված
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը հիշեցնում է՝ դպրոցների համար կան պարտադիր նորմեր, որոնք սահմանում են, թե ինչը կարելի է ներառել երեխաների սննդի ցանկում, ինչը՝ ոչ։
Շեշտում է՝ ցանկը կազմելիս հաշվի են առնվում ինչպես երեխաների տարիքային խմբերը (6-10, 11-14, 15-18 տարեկան), այնպես էլ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
«Դպրոցականների սննդի ցանկը պետք է լինի բալանսավորված՝ հիմքում ունենալով սպիտակուցներ, վիտամիններ, միկրոտարրեր»,- նկատել է նա։
Բժիշկ-հիգիենիստի փոխանցմամբ՝ չի կարելի դպրոցականներին տալ հում, ապխտած մսեր, չպաստերիզացված կաթից պատրաստված սննդամթերք.
«Արգելվում է աղի և շաքարի բարձր պարունակությամբ մթերք, ինչպես նաև գազավորված քաղցր ըմպելիքներ տալը»։
«Երեխաները նախընտրում են արագ սնունդ»
Ոլորտի մասնագետները վստահեցնում են՝ դպրոցներում այս կամ այն չափով առողջ սննդի հնարավորություն կա: Սակայն շատ դեպքերում երեխաները քմահաճ են ուտելու հարցում։ «Արաբկիր» ԲԿ ներկայացուցիչ Մարինա Մելքումովան ասում է՝ բանջարեղեն դժվար են ուտում, նախընտրում են արագ սնունդ, քաղցրավենիք․
«Ե՛վ քաղցրավենիքը, և՛ գազավորված ըմպելիքները հարուստ են շաքարով։ Դա էլ, իր հերթին, բերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ավելորդ քաշն ու ճարպակալումը»։
Հիշեցնում է՝ տարիներ առաջ 7-8 տարեկան երեխաների շրջանում ուսումնասիրություն էր կատարվել։ Պարզվել էր, որ ավելորդ քաշ ունի տղաների 30 տոկոսը, աղջիկների՝ 25 տոկոսը։ Դա շատ անհանգստացնող ցուցանիշ է, բացի այդ, կարող է՝
- հանգեցնել շաքարային դիաբետի,
- առաջացնել սրտանոթային համակարգի խնդիրներ,
- ազդել երեխայի հոգեբանական վիճակի վրա։
Մասնագետները կարծում են՝ դպրոցներում պետք է գործեն վերահսկողական խիստ մեխանիզմներ, որպեսզի սննդի հետ կապված պարտադիր նորմերը պատշաճ պահպանվեն։ Կարևոր են համարում նաև այն, որ ակտիվ իրազեկման աշխատանքներ տարվեն աշակերտների և նրանց ծնողների շրջանում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում երեխաների սննդային վարքագիծը