«Հեռանկարային է»․ կարծիք՝ ՀՀ և Ադրբեջանի 4-րդ հանրապետությունների մասին
ՀՀ-ն՝ չորրորդ հանրապետության ճանապարհին
Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում կա խոսակցություն չորրորդ հանրապետության ստեղծման վերաբերյալ։ Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրություններին իշխող կուսակցության լոզունգներից մեկը հենց այդ մասին է։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Նա դրական է վերաբերվում այս գաղափարին միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա միաժամանակ երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում։ Չի կարծում, թե դա կլուծի առկա բոլոր հարցերը, բայց շեշտում է․
«Սա կարող է դառնալ հեռանկարային խոսույթ խաղաղության հաստատման համար։ Եթե հաշվի առնենք, որ երրորդ հանրապետությունները միմյանց նկատմամբ պատերազմի և պահանջների կոնֆիգուրացիայի մեջ էին, ապա սա ինչ-որ առումով հույս է արթնացնում կամ տեղ է բացում նոր էջից նոր իրողությունների սկսելու»։
Քոչինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը և դրա համար անհրաժեշտ քայլերին։
Միակ ճանապարհը՝ համակեցություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Հայաստանի համար հարատև պետականություն ունենալու ուղին համակեցությունն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Շեշտում է՝ չկա «փեշ, որի հետևում հնարավոր է թաքնվել»։ Նկատի ունի ինչպես Ռուսաստանի Դաշնությանը, այնպես էլ հավաքական Արևմուտքին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը՝ նկատել է՝ պետք է աշխատանք տանել երեք ուղղություններով․
- երկրի ինքնապաշտպանական կարողությունների ավելացում, այդ թվում՝ զենքի ձեռքբերումներ,
- Հայաստանի մտածված դիրքավորում երկրի ներսում և տարածաշրջանում՝ ինչպիսի պետություն է և ինչ է ուզում իր հարևաններից,
- տնտեսական այնպիսի նախագծերի իրականացում, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ-ն ավելի գրավիչ կդարձնեն որպես գործընկեր, ոչ թե իբրև թշնամի։
Տարածաշրջանում դիրքավորվելու ուղղության շրջանակներում է դիտարկում նաև նոր Սահմանադրության ընդունման և Անկախության հռչակագրի հետ դրա կապի մասին քննարկումները։ Կարծում է՝ դա ևս «անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է» խաղաղության համար։
Քոչինյանի խոսքով՝ Անկախության հռչակագրում արձանագրված է Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր իղձերի իրականացումը, ՀՀ-Արցախ վերամիավորումը, սակայն դրանցից ոչ մեկը Հայաստանի Հանրապետության մասին չէ։
«Ցանկացած պետություն ստեղծվում է իր ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը, ազատությունը երաշխավորելու, ապահովելու համար։ Այս չորսը չկա»,- պարզաբանել է նա։
Շեշտում է՝ եթե Անկախության հռչակագիրը պետականության և պետական նպատակների մասին չէ, պետք է դրա և Սահմանադրության միջև կապը կտրել․
«Աշխարհում չկա Անկախության հռչակագիր փոխելու գործընթաց, բայց կա գործընթաց այն Սահմանադրությունից տարանջատելու։ Սա այն է, ինչին պետք է գնանք»։
«Հայաստանի տարրալուծման մեծ վտանգ կա»
«Տեսականորեն այս պահին ՀՀ տարրալուծման ավելի մեծ վտանգ կա Ռուսաստանի կամ նրա առաջնորդած ինտեգրացիոն գործընթացների մեջ, քան Ադրբեջանի և Թուրքիայի հարվածների ներքո»,- արձանագրել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար ՌԴ-ն Թուրքիային և Ադրբեջանին հավասարազոր սպառնալիք է։
Խոսելով ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին՝ Քոչինյանն ընդգծել է՝ այն, առաջին հերթին, պետք է միտված լինի երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարական ուղու պաշտպանությանը, «անվտանգային ճարտարապետության բազմազանության» հաստատմանը։ Դա, ըստ նրա, նշանակում է ոչ թե զուտ այլ գործընկերների հետ հարաբերությունների հաստատում, այլ ռուսական ահռելի ազդեցության նվազեցում․
«Մեր բոլոր կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները՝ երկաթգիծ, գազամուղ, ՀԵՑ, ՌԴ ձեռքում են, սահմաններին կանգնած են ռուս սահմանապահները, ռազմաբազա ունեն»։
Արեգ Քոչինյանն ասում է՝ փոփոխությունները պետք է սկսել նրանից, որ «Զվարթնոց» օդանավակայում ռուս սահմանապահներ չլինեն, իսկ ռուսական պետական ԶԼՄ- ները հեռացվեն հանրային մուլտիպլեքսից։
Մեկքայլանոց լուծո՞ւմ, թե՞ տարիների աշխատանք
Քոչինյանի դիտարկմամբ՝ տպավորություն է, թե քաղաքական դաշտում փնտրվում է մի բան, որը կարվի և իրավիճակը կփոխվի։
«Մարդ կա, ասում է՝ միջուկային զենք ստեղծենք կամ գնանք ԱՄՆ դաշնակից դառնանք։ Ինչ-որ մեկքայլանոց էլեգանտ լուծում ենք փնտրում։ Չկա այդպիսի լուծում»,- վսհատեցնում է նա։
Մեջբերում է գերմանացի նշանավոր գործիչ Բիսմարկի ելույթն ու նշում, որ հայկական կողմին ևս սպասվում է տասնամյակների «արյուն և երկաթ»։
Քաղաքագետը շեշտել է՝ առանց ատամները կրճտացնելու, առանց զիջումների իրավիճակից դուրս գալ չի ստացվի։ Հարցին՝ որքան զիջումներ, Քոչինյանն պատասխանել է՝ այնքան, որքան անհրաժեշտ է պետականությունը պահելու համար․
«Ազգովի ունենք խնդիր՝ առանձնացնել մեր ամենամեծ անհրաժեշտությունը։ Տեսնում եմ՝ մարդիկ կան, ասում են՝ ՌԴ կազմում էլ կմնանք, ի՞նչ է եղել, պետականությունը ո՞րն է։ Աշխարհում կա 5000 ազգություն, 180-ն ունեն պետականություն։ Քրդերը 40 մլն են, բայց չունեն։ Մնացած ամեն բան երկրորդում է, երրորդում է պետականությանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն՝ չորրորդ հանրապետության ճանապարհին