Հայաստանի տեղը Չինաստանի տարանցիկ ծրագրերում. մեկնաբանություն
ՀՀ-ն ու Չինաստանի տարանցիկ ծրագրերը․ կարծիք
Հարավային Կովկասում Չինաստանի շահերը գլխավորապես տնտեսական են՝ պայմանավորված Պեկինի տարանցիկ ծրագրերով։ «Մեդիալաբ»-ի հետ զրույցում նման արձանագրում է արել քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Ասում է՝ մի փոքր բարդ է պատկերացնել, որ Հայաստանը կկարողանա ընդգրկվել այդ ծրագրերում ներկա պայմաններում, երբ դեռևս չի կարգավորվել Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունները։
«Եթե փակ է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա պարզ է, որ Հայաստանը չի կարող դառնալ Չինաստան-Հարավային Կովկաս, Չինաստան-Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Եվրոպա ուղի։ Բայց որպեսզի Հարավային Կովկասն ընդհանրապես դառնա տարանցիկ խոշոր ծրագրերի մաս, տարածաշրջանում պետք է կայունություն լինի»,- ընդգծել է նա։
- Հայաստանի հանքարդյունաբերությունը. ինչո՞վ են պայմանավորված ոլորտի վայրիվերումները
- «ՀՀ-ն չի մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել այլ բանով, ուզում է լինել անկախ»․ էկոնոմիկայի նախարար
- Տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ. ինչպե՞ս է փոխվում Վրաստանի տարանցիկ դերը
- Չաբահար նավահանգիստը կօգնի՞ ՀՀ-ին հաղթահարել դեպի ծով ելք չունենալը․ կարծիք
Չինաստանը ՀՀ-ում նոր դեսպան ունի
Նախօրեին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին։ Նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին: Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Սաֆարյանը շնորհավորել է դեսպանին իր առաքելությունը սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։ Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ամենայն աջակցություն․
«Կողմերը գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը»։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը:
Փոխարտգործնախարարն ու դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Երկկողմ կապերի մասին
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ. ապրիլի 6-ին: Նույն տարում Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, սկսել է գործել Չինաստանի առևտրատնտեսական ներկայացուցչությունը: Պեկինում ՀՀ դեսպանությունը բացվել է տարիներ անց՝ 1996 թ․-ին։
ՀՀ ԱԳՆ կայքում նշվում է՝ Հայաստանի կողմից մեծապես կարևորվում է Չինաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումը և համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:
Մատնանշված են միայն առևտրատնտեսական կապերը։ Մասնավորապես՝ նշվում է, որ Հայաստանից Չինաստան է արտահանվում հիմնականում հանքանյութ, իսկ Չինաստանից ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է․
«Այն ներառում է ապրանքների լայն տեսականի, այդ թվում` հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն»։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի մեկնաբանությունը
Երևանի և Պեկինի հարաբերությունները ցածր մակարդակի վրա են
«Քաղաքական հարթության մեջ Հայաստանը Հարավային Կովկասում Չինաստանի հետ ամենացածր մակարդակի հարաբերություններն ունի»,- նկատել է Պողոսյանը։
Հիշեցրել է՝ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ Պեկինը ռազմավարական փաստաթղթեր ունի ստորագրած։ Մյուս կողմից նկատել է՝ բարդ է ասել՝ արդյոք այս պահին նման փաստաթղթի ստորագրումը կբխի Երևանի շահերից։
«Տեսնում ենք, թե ինչպես են գնալով սրվում Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները: Այս պայմաններում դժվար է ասել՝ Չինաստանի հետ նույն տիպի հռչակագիր ստորագրելը ՀՀ-ին օգուտ կբերի, թե՝ ոչ։ Թերևս դա պետք էր անել մինչև Թրամփի ընտրվելը»,- շեշտել է նա և հավելել՝ ներկա պահին ճիշտ է Չինաստանի հետ ունենալ այն, ինչ ունենք։
Չինաստանի համար Կովկասը հավելյալ տարանցիկ ուղի է
Քաղաքագետի խոսքով՝ եթե Հարավային Կովկասը Չինաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում, ապա միայն որպես հավելյալ տարանցիկ ուղի, որը հնարավորություն կտա ևս մեկ երթուղի ստեղծել դեպի Եվրամիություն։
«Նկատի ունեմ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Հարավային Կովկաս-Եվրոպա ուղղությունը, որը հայտնի է որպես Միջին միջանցք, ինչն արդեն գործում է՝ Չինաստան- Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան՝ Սև ծովով Եվրոպա կամ Չինաստան-Ղազախստան-Կասպից ծովով Ադրբեջան, հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ու Թուրքիայով դեպի Եվրոպա»,- մանրամասնել է նա։
Բենիամին Պողոսյանը պատահական չի համարում այն, որ Չինաստանն ակտիվորեն մասնակցում է Վրաստանի նոր՝ Անակլիայի նավահանգստի շուրջ ընթացող քննարկումներին։ Հիշեցնում է՝ 2024 թ․-ին Պեկինն ու Թբիլիսին նախնական հուշագիր ստորագրեցին, նավահանգստի կառուցման մրցույթում հաղթող ճանաչվեց չինական ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիում․
«Վերջնական պայմանագիր, սակայն, դրանից հետո չի կնքվել, ուստի շատ դժվար է ասել, թե արդյունքում այդ ընկերությունը նավահանգիստ կկառուցի՞, թե՞՝ ոչ»։
Պեկինը շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ
Քաղաքագետի խոսքով՝ շատ բարդ է պատկերացնել, որ որևէ տարածաշրջան կարող է դառնալ տարանցման ակտիվ երթուղի, եթե չկա աշխարհաքաղաքական կայունություն։ Ըստ Պողոսյանի՝ դա նշանակում է, որ Չինաստանը շահագրգռված չէ Հարավային Կովկասում նոր ռազմական գործողություններով ու ապակայունացմամբ, ինչը, իր հերթին, էականորեն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի տարանցիկության վրա:
«Մեր չինացի գործընկերներին պետք է ասել, որ Ադրբեջանին հստակ ուղերձ հղեն՝ զերծ մնալ Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, որովհետև դա կբերի երկարաժամկետ պատերազմի, ինչը կհանգեցնի Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի փոշիացմանը»:
Կարծում է՝ այդ ուղերձը պետք է Երևանից Պեկին ուղարկվի ինչպես պետական կառույցների, այնպես էլ փորձագիտական շրջանակների կողմից։
Պողոսյանի համոզմամբ՝ Կովկասում Չինաստանի քաղաքականությունը կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական չէ, այն «տեղավորվում է տնտեսական՝ տարանցիկ շահերի մեջ»։ Մյուս կողմից, շեշտում է՝ նկատելի է, որ Պեկին-Բաքու շփումներն ակտիվանում են, կողմերը ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր են ստորագրել նախորդ տարի, ինչպես նաև այս տարի՝ երկու շաբաթ առաջ, երբ պետական այցով Չինաստանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Չինաստան-Ադրբեջան հարաբերությունները խորանում են, ինչը նշանակում է՝ Չինաստանն ունի ինչ-ինչ գաղափարներ ադրբեջանցիներին փոխանցելու համապատասխան խողովակներ»,- կարծում է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն ու Չինաստանի տարանցիկ ծրագրերը․ կարծիք