Երևանն ու Աթենքը ռազմական գործակցության քառակողմ ձևաչափ են քննարկում
ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափ
«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի Հանրապետության և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- Երևանում հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն էլ հայտնել է, որ հույն գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև «միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափի ստեղծումն իրատեսական է համարում և շեշտում՝ դա բխում է բոլորի շահերից: Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նկատում է՝ միայն Հայաստանը չէ, որ կապեր է զարգացնում այդ երկրների հետ:
«Այսօր Ֆրանսիան ու Հնդկաստանն են կապեր զարգացնում: Հունաստանն ու Ֆրանսիան շատ ուժեղ ռազմական համագործակցություն ունեն: Հնդկաստանն ու Հունաստանն էլ են ավելի հետաքրքրված համագործակցության զարգացմամբ»,- նկատել է Ներսիսյանը:
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարների հայտարարությունները, փորձագիտական կարծիքներ
Գործակցություն ավանդական և նոր ոլորտներում
Առանձնազրույցից և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել հայտարարություններով: Հույն նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն հաստատել «պաշտպանության ոլորտում նորարարական լուծումներ փնտրելու հարցում»։
«Ուրախ էի Ձեզ տեղեկացնելու Հունաստանի նոր օրենսդրության մասին, որը վերաբերում է հետազոտությունների և նորարարությունների նոր կենտրոնին։ Մենք ուրախ կլինենք, եթե Հայաստանի ընկերությունները իրենց ներդրումն ունենան այդ համակարգում»,- ասել է նա:
Դենդիասը հիշեցրել է, որ կա երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության ծրագիր, և խոսել դրա շրջանակում իրականացվող կրթական նախագծերի մասին: Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ «նախկինում Հունաստանի ռազմական դպրոցներում սովորելու համար Հայաստանից բազմաթիվ առաջարկներ են եղել» և հավելել, որ եկող տարիների ընթացքում նախատեսում են հյուրընկալել շատ ուրիշների:
Ռազմական կրթություն, անձնակազմերի վերապատրաստում, փորձի և տեղեկատվության փոխանակում. համագործակցության ավանդական ուղղություններն է հիշեցրել Սուրեն Պապիկյանը: Տեղեկացրել է նաև, որ կան «պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներ»։ Թե որոնք են դրանք՝ չի մատնանշել:
Ասել է, որ հույն գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
«Մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը»,— ընդգծել է Պապիկյանը:
Մեկնաբանություններ
APRI Armenia-ի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ շատ կարևոր է, որ քառակողմ ձևաչափի մասին բարձրաձայնեց հունական կողմը: Դա, ըստ նրա, նշանակում է, որ այն միայն ՀՀ-ին չէ, որ հետաքրքրում է:
«Ինձ թվում է՝ լավ նշան է ու ցույց է տալիս, որ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որ սա ինչ-որ վերջնական տեսքի կգա»,- նկատել է նա:
Փորձագետի գնահատմամբ՝ եթե Հնդկաստանն ու Ֆրանսիան պաշտպանական ոլորտում ՀՀ նոր գործընկերներն են, ապա Հունաստանը երկրի հին գործընկերն է: Ներսիսյանի խոսքով՝ բոլորի հետ էլ Երևանն ունի բավականին լուրջ ռազմական համագործակցություն և խորացնելու նախադրյալներ․
«Հունաստանի հետ բավականին մեծ պոտենցիալ կա՝ ունենալու հավելյալ պրոյեկտներ, օրինակ՝ ռազմատեխնիկական: Կարելի է ինչ-որ մի օր փորձել անցկացնել նաև համատեղ զորավարժություններ»:
Չի բացառում, որ հնարավոր լինի համատեղ նախագծեր իրականացնել նաև ռազմարդյունաբերության ոլորտում:
Շեշտում է՝ Հայաստանը պետք է ամեն ջանք թափի, որպեսզի Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափը կայանա: Ներսիսյանի խոսքով՝ այս երկրները ներկա պահին էլ կարևոր են Հայաստանի համար: Հնդկաստանն, ըստ նրա, երկրի ամենամեծ գործընկերն է. պաշտպանական ոլորտի գնումների 80 տոկոսը հենց Հնդկաստանից է արվում: Շարժ կա նաև Ֆրանսիայից:
Նկատում է՝ Հունաստանն ավելի քիչ պրոդուկտ ունի առաջարկելու, սակայն ունի ռուսական ստանդարտի զենք-զինամթերք, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: Դա ևս, ըստ Ներսիսյանի, երկխոսելու առիթ է:
«Կարող ենք գնել որոշ բաներ այնտեղից կամ օգնել շահագործման հետ կապված»,- պարզաբանել է նա:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ մոտ ապագայում իսկապես կարող է ստեղծվել նման քառակողմ ձևաչափ, քանի որ Հայաստանը, Հունաստանը, Ֆրանսիան և Հնդկաստանը այնպիսի երկրներ են, որոնք արդեն իսկ ունեն երկկողմ համագործակցության փորձ:
Նկատում է՝ դժվար թե Հունաստանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն աներ առանց նախնական քննարկումների:
Ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր։ Խոսքն, ըստ նրա, միայն այն մասին չէ, որ «Թուրքիան խնդիր է ինչպես ՀՀ, այնպես էլ Հունաստանի համար»։
«Չպետք է մոռանալ, որ կա Ռուսաստան, որի հետ մենք այս պահին հիբրիդային պատերազմի մեջ ենք, որը փաստացի պրոքսի և հիբրիդային պատերազմի մեջ է նաև Արևմուտքի հետ: Այս առումով ՀՀ-ն հետաքրքրություն է ներկայացնում և՛ Հունաստանի, և՛ Ֆրանսիայի համար, նաև՝ Հնդկաստանի համար։ Որովհետև նրանք ևս ունեն ՌԴ հետ կապված և չկապված շահեր, որոնք այս պահին համադրվում են Հայաստանի շահերի հետ»,- նկատել է նա:
Ղևոնդյանի գնահատմամբ՝ քառակողմ ձևաչափի ստեղծումը Հայաստանին կարող է տալ անվտանգային դիվերսիֆիկացիայի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ «Եվրոպայի հարավային և արևելյան շրջանների այն պետությունների հետ, որոնք Հունաստանի հետ ունեն համագործակցության բավական մեծ շրջանակ»: Երկրների անուններ չմատնանշելով՝ ասում է, որ դրանք երկրներ են, որոնք դեռևս ձեռնպահ են մնում ակտիվ գործունեությունից, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից գլխավորը Հայաստանի ՀԱՊԿ-ում գտնվելն է.
«Երբ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, դիվերսիֆիկացման և անվտանգային համակարգի վերափոխման տեմպերը մի քանի անգամ կարագանան»:
Քաղաքագետի խոսքով՝ այս պահին էլ Երևանը համագործակցում է ՆԱՏՕ-ի և առանձին անդամ երկրների հետ։ Սակայն նրանք զգուշավորություն են ցուցաբերում, քանի որ երկիրը պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի առաջ: Կարծում է՝ կան նաև ՀՀ-ին տրամադրվելիք օգնությունը սահմանափակվող այլ գործոններ, այդ թվում՝ Ադրբեջանը:
«Այս բոլոր սահմանափակումները ՀՀ առաջընթացը դանդաղեցնում են այնքան, որ կարելի է ասել՝ այս պահին մենք դեռևս գտնվում ենք վերականգնման փուլում»,- նշել է նա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափ