«Խնդիրները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման»․ Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան
ՀՀ Իրանի ԱԳ նախարարի այցը ՀՀ
«Հարավային Կովկասում կա էսկալացիայի վտանգ։ Հուսով ենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ վտանգը նվազագույնի կհասցվի, ականատես կլինենք կայունության, որը բխում է բոլորի շահերից»,- Երևանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
Սա Արաղչիի առաջին այցն է Հայաստան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր։ Այցի օրակարգում ոչ միայն պաշտոնական հանդիպումներ են եղել, այլև նրա գրքի շնորհանդեսը։ Հայերենով լույս է տեսել Աբբաս Արաղչիի հեղինակած «Բանակցության ուժը» գիրքը։ Նախաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, ինչից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Դրա ընթացքում Իրանի ԱԳ նախարարը շեշտել է՝ Իրանն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու խրախուսում երկու երկրներին հնարավորինս արագացնել գործընթացը։
«Բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում երկխոսության և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման»,- արձանագրել է նա։
Ասուլիսի կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Բաքվի պահանջների տակ թաքնված ռումբ կա»․ կարծիք Երևանից
- «ՀՀ-ն պետք է դիմի ԱՄՆ-ին և խնդրի դառնալ խաղաղության պայմանագրի երաշխավոր»․ կարծիք
- «Բաքուն պատրաստ չէ փաստաթուղթ ստորագրել և կաշկանդել ինքն իրեն»․ կարծիքներ Երևանից
«Այլընտրանք չկա, պետք է շարունակել բանակցել»․ Միրզոյան
«Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցրել է՝ նախագծի համաձայնեցումից անմիջապես հետո պաշտոնական Երևանն առաջարկել է մեկնարկել խորհրդակցություններ և քննարկել ստորագրման տեղը, ժամն ու այլ մանրամասներ։ Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ պաշտոնական Բաքվից նույն պատրաստակամությունը չի հնչել։ Ավելին, նախագծի համաձայնեցմանը զուգահեռ և նաև դրանից հետո Ադրբեջանն առաջ է քաշել նախապայմաններ՝ ասելով, թե ստորագրման համար ՀՀ-ն պետք է նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
«Ի՞նչ պետք է անենք։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղություն ապահովող լուծումներ։ Այլընտրանք ուղղակի չկա»,- նկատել է Միրզոյանը։
«Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի»․ հաղորդուղիների բացման մասին
Հայ լրագրողներն Աբբաս Արաղչիին հարցրել են՝ ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Բաքուն փորձի ռազմական ճանապարհով ՀՀ-ից ճանապարհ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» վերցնել։
«Գտնում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, դեմ ենք ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցության ուղիների ձևավորումը ընդունելի հարց է, բայց դա պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային օրենքները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարն ու վստահեցրել՝ դրանից բացի «որևէ ուղի ընդունելի չէ» Թեհրանի համար։
Նախարարները՝ տնտեսական գործակցության և «Խաղաղության խաչմերուկի» մասին
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանի հետ հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, առաջընթաց է գրանցվել տարբեր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, տրասնպորտային, էներգետիկ և այլն։ Հատկապես կարևորել է տնտեսական փոխգործակցությունն ու հավելել՝ վերջին տարիներին շոշափելի առաջընթաց է գրանցվել։
«2024 թ․-ին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը։ Եվ սա կարևոր արդյունք է»,- արձանագրել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Արաղչիի հետ պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ապագայում հասցնել 3 մլրդ դոլարի։
Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը մասնակցություն ունի ՀՀ տնտեսական նախագծերում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։ Օրինակ է բերել Քաջարան-Ագարակ 32 կմ-անոց ճանապարհահատվածի շինարարությունը, որն իրանական ընկերություն է իրականացնում։ Շեշտել է՝ այն հաղորդակցությունների ապաշրջափակման Երևանի առաջարկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է․
«Կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որ ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը»։
Անդրադառնալով նախագծին՝ Աբբաս Արաղչին ընդգծել է՝ Թեհրանը հայտնել է իր աջակցությունն ու գտնում է, որ այն կստեղծի «մեծ հնարավորություններ» երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։
Իրանի արտգործնախարարը նույնպես խոսել է տնտեսական գործակցության դրական դինամիկայի մասին և տեղեկացրել՝ Միրզոյանի հետ պայմանավորվել են առավելագույնս օգտագործել առկա պոտենցիալը։ Նրա խոսքով՝ բեռնափոխադրումները դյուրացնելու համար մտադիր են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցել։ Այլ մանրամասներ, սակայն, նախարարը չի հնչեցրել։
«Հանձնարարել ենք հետամուտ լինել մանր խնդիրների լուծմանը»
Մի քանի ամիս է, ինչ բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդներն ահազանգում են՝ հայ-իրանական սահմանին դիզվառելիքի գինը զգալիորեն բարձրացել է արտասահմանյան համարանիշներով մեքենաների համար։
«Ձևավորվել է աշխատանքային խումբ, հանձնարարել ենք, որ հետամուտ լինեն այդ մանր խնդիրների լուծմանը»,- խնդրի վերաբերյալ նման արձանագրում է արել Աբբաս Արաղչին։
Ըստ նրա՝ հայ գործընկերոջ հետ պայմանավորվել են, որ բեռնափոխադրման ուղղությամբ կապերը զարգացնելու նպատակով «վարորդների և բեռնատարների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն»։
«Մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների, վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի։ Առաջիկայում կվերջնականացվեն արված աշխատանքները, ինչից հետո կհանրայնացնենք»,- նկատել է Արարատ Միրզոյանը։
«Չենք լքել և չենք լքի բանակցային սեղանը»․ Իրանի ԱԳ նախարարը՝ Թրամփի նամակի մասին
Օգտագործելով առիթը լրագրողներն Աբբաս Արաղչիից հետաքրքրվել են միջուկային գործարքի և ԱՄՆ նախագահի կողմից ստացած առաջարկի մասին։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Նա նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ ամերիկյան առաջարկի պատասխանը պատրաստվում է և առաջիկայում կներկայացվի։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հետ բանակցություններին, ըստ նրա, այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը հստակ է․
«Մենք առավելագույն ճնշումների ներքո, ռազմական սպառնալիքների ֆոնին ու տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ հետ ուղիղ բանակցություններ չենք ունենա»։
Արաղչին վստահեցրել է՝ իրանական կողմը երբեք չի լքել և չի էլ լքի բանակցային սեղանը, պատրաստ է թափանցիկություն ստեղծել միջուկային ծրագրի շուրջ։ Նրա փոխանցմամբ՝ այժմ էլ եվրոպական երեք և ծրագրով շահագրգռված մի շարք այլ երկրների հետ ընթանում են այդ թեմայով բանակցություններ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ Իրանի ԱԳ նախարարի այցը ՀՀ