«Հայաստանի բնակչության մոտ 35%-ը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա»․ սննդաբան
Հայաստանի բնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար սնունդ ստանալու խնդրին։ «Առողջ սնունդ, առողջ ապրելակերպի խթանում» խորագրով ասուլիսի ժամանակ նշել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդաբան Դավիթ Պիպոյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե թերսնուցումը միայն վատ ֆինանսական վիճակի արդյունք է, այնինչ սխալ սննդային սովորույթները կապված չեն ընտանիքի ցածր եկամուտ ունենալու հետ։
Հետազոտության արդյունքների, պետական ծրագրերի և իրազեկման աշխատանքների մասին։
Երևանում և մարզերում ապրողների սննդային սովորույթների, ինչպես նաև սննդակարգի գնահատումն ու հետազոտությունները Պիպոյանի ղեկավարած կենտրոնն իրականացրել է ՀՀ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ասուլիսի ընթացքում Պիպոյանը ներկայացրել է հետազոտական տվյալներ, ինչպես նաև խոսել մարդկանց թյուրընկալումների մասին։
Սննդաբանի խոսքով՝ մարդիկ թերսնուցումը ասոցացնում են անբավարար սնուցման, երբեմն նաև սովի հետ, այնինչ այդպես չէ․
«Թերսնուցումը միայն անբավարար սնուցումը չէ, թերսնուցման տարբեր ձևեր կան․ մի դեպքում կարող է լինել սննդարար նյութերի՝ բավարար քանակությամբ սպիտակուցների, ածխաջրերի կամ ճարպերի ընդունման հետ կապված, բայց դրա հետ մեկտեղ կարող է լինել բնակչության միկրոէլեմենտների, ինչպես նաև միկրոսննդանյութերի հետ կապված, որի մեջ են մտնում նաև վիտամինները»։
Պիպոյանի գնահատմամբ՝ թեև ՀՀ-ում սոցիալական խնդիրները բազմաթիվ են, բայց թերսնուցման հետ բախվում են ինչպես ցածր, այնպես էլ բարձր եկամուտ ունեցողները․
«2020 թ․-ին համավարակի պայմաններում իրականացրինք հետազոտություններ, նկատեցինք, որ համավարակը ավելի շատ բացասական ազդեցություն է թողել կայուն եկամուտ ունեցող ընտանիքների վրա, որովհետև մնալով տանը պատվիրել են արագ սնունդ, քաղցրավենիք, թխվածքներ և այլն»։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հացի և ալրային հենքով մթերքների սպառումը մարզերում ավելի բարձր է.
«Եթե Երևանում սպառողների ճնշող մեծամասնությունը՝ 70 տոկոսը 150-200 գրամ հաց օգտագործողների խմբին է պատկանում, ապա գյուղական համայնքներում ունենք ավելի շատ հացի սպառում։ Ունենք մարզեր, որտեղ բնակչության 35 տոկոսը կալորիաների 75 տոկոսից ավելին ստանում է հացից, ալրային հենքով մթերքներից և կարտոֆիլից»։
Սննդաբանի փոխանցմամբ՝ հացի սպառումն ավելի բարձր է Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ բնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար սնունդ ստանալու խնդրին, մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա։
Պիպոյանի խոսքով՝ սննդային սխալ սովորույթ է նաև ոչ բալանսավորված սննդակարգը, երբ օրական անհրաժեշտ կալորիան մարդը ստանում է միայն որոշակի մթերքներից։
Նրա համոզմամբ՝ խնդիրը չի կարող լուծվել միայն հանրային իրազեկմամբ, ուստի պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ բուհերում ճաշարաններ, որտեղ կմատուցվի միայն առողջ սնունդ։ Ասում է՝ զարգացած երկրներում կան նման ճաշարաններ, դրանք գործում են պետական վերահսկողություն ներքո։
Առողջ ապրելակերպի խթանումը՝ պետական քաղաքականության մաս
Հայաստանի առողջապահական գերատեսչությունը առողջ ապրելակերպի խթանումը դիտարկում է որպես պետական քաղաքականության կարևոր ուղղություն։
Ըստ ԱՆ տվյալների՝ ոչ վարակիչ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված են կենսակերպով։
Նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպչի խոսքով՝ ռիսկի գործոն են հանդիսանում ինչպես ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը, այնպես էլ անառողջ սննդի։
«Առողջ սննդակարգին ուղղված միջոցառումների իրականացման համար ԱՆ-ն ձևավորում է աշխատանքային խումբ, ընդգրկված են լինելու տարբեր գերատեսչությունների, գիտական ոլորտի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ»,- ասուլիսի ժամանակ նշել է Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։
Մասնագետի կարծիքով՝ սննդային սովորույթները ձևավորվում են վաղ տարիքում, ուստի կարիք կա առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումներն իրականացնել նաև նախադպրոցական հաստատություններում․
«Հետազոտությունները վկայում են, որ երեխաների 50 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, 30 տոկոսը՝ չիպս»։
ԱՆ ներկայացուցիչը հիշեցնում է՝ քաղցրավենիքի երկարատև օգտագործման դեպքում բարձրանում է շաքարային դիաբետի ռիսկը, աղի չարաշահման պարագայում՝ սրտանոթային հիվանդությունների։
Մարիամ Մնացականյանի խոսքով՝ երեխաների վարքագծի վրա ազդում է ինչպես տան մեծերի վարքագիծը, այնպես էլ գովազդները։ Կարծում է՝ կարիք կա վերահսկողություն սահմանել երեխաներին ուղղված գովազդի նկատմամբ։
Վստահեցնում է՝ պետությունը առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքներ է իրականացնելու տարբեր ուղղություններով՝ օրենսդրական փոփոխություններ, իրազեկման աշխատանքներ և այլն։
Նախարարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ դեռևս նախորդ տարի գործադիրը հաստատել է «Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարությունն» ու միջոցառումների ծրագիրը, որով ևս նախատեսված են այս նպատակին ուղղված գործողություններ։
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հիմք ընդունել գիտահետազոտական տվյալներն ու միջազգային փորձը, իսկ գործողություններ իրականացնելուց առաջ՝ դրանք քննարկել շահագրգիռ մարմինների և ոլորտային մասնագետների հետ։