ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրինագիծը
Հայաստանի խորհրդարանը երկօրյա քննարկումներից հետո 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, «Հայաստան» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը։
Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ այս գործընթացը վտանգում է ՀՀ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը և հավելում՝ ԵՄ-ում ՀՀ-ին ոչ ոք չի սպասում։ «
Պատիվ ունեմ» խմբակցությունը նաև առանձին հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ օրինագիծը «այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու»։
Նախագծի հեղինակները կարծում են, որ Եվրամիությունում ՀՀ-ին սպասում են։ Ավելին, համոզված են՝ «մենք շատ արժեքավոր ենք ԵՄ համար»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն և հնարավոր տնտեսական խնդիրներին՝ նախաձեռնող խմբի անդամներից Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ՝ դրված է ոչ թե 185 մլն-անոց շուկան փոխարինելու, այլ այն 450 մլն-անոց շուկայով լրացնելու խնդիր։
Իշխանություններն ու քաղհասարակությունը նշում են՝ երբ հերթը հասնի ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելուն և այն ուժի մեջ մտնի, ՀՀ-ն չի կարող լինել ԵԱՏՄ անդամ, ինչը ենթադրում է, որ երկիրը կզրկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ առանց մաքսատուրքերի առևտուր անելու հնարավորությունից։ Չեն բացառում, որ այդ փուլում կարող են խնդիրներ առաջանալ։
Նախագիծը «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունն է ներկայացրել։ Այն ենթադրում է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացում։ ԱԺ-ին օրենքի նախագիծ ներկայացնելու համար նախաձեռնող խումբը հավաքել էր 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ 2024 թ․-ի հունվարի 9-ին նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո ուղարկվել էր ԱԺ։
Կառավարության կողմից հաստատվելուց հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են՝ այս գործընթացը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ, քանի որ ՀՀ-ն չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների։
Խորհրդարանական լսումների կարևոր դրվագները
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցության գործընթաց կմեկնարկի․ կառավարությունը կողմ է «Եվրաքվեին»
- Եվրաքվեի նախաձեռնողները ԿԸՀ հանձնեցին շուրջ 60 հազար ստորագրություն
- «ԵՄ որոշումները լավ հեռանկարներ են բացում Հայաստանի համար»․ հայ քաղաքագետ
- «Հայաստանը նոր չէ արևմտյան կուրս որդեգրել»․ Փաշինյան
«Օրինագծի ընդունումը ԵՄ-ին անդամակցելու հայտ չէ»․ փոխարտգործնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ օրինագիծն ամրագրում է ԵՄ հետ ՀՀ-ի հարաբերությունների խորացումն ու երկրի քաղաքացիների ձգտումները։ Սակայն դրա ընդունումն ինքնին «չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտ»։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ օրինագիծը համահունչ է «Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տնտեսական և անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը»։
ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ Պարույր Հովհաննիսյանն առանձնացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված ամենաէական ձեռքբերումներից մի քանիսը, մասնավորապես՝
- Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը,
- «Հայաստան-Եվրամիություն գործընկերություն․ նոր օրակարգ» խորագրով փաստաթղթի շուրջ բանակցությունները,
- Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում ՀՀ-ին աջակցության տրամադրումը,
- Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն ու դրա գործունեության երկարաձգումը։
«Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացմանն աջակցելու գործում»,- նկատել է նա։
«ԵԱՏՄ-ն չեզոքացնելու խնդիր դրված չէ»
«Եվրաքվե» նախաձեռնության անդամ, նախագծի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրենքի նախագիծը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին է, ոչ թե ԵԱՏՄ-ն չեզոքացնելու և ԵՄ մտնելու: Վստահեցնում է՝ խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելը չէ:
Զեյնալյանի փոխանցմամբ՝ ներկա պահին էլ Հայաստանը ԵՄ չափանիշներին է համապատասխանեցնում իր չափանիշները, մեծ գումարներ են ուղղվում արտադրանքի որակը ստուգող լաբորատորիաներին։
«ԵԱՏՄ-ում գործող ստանդարտներն ու կանոնակարգերը ԵԱՏՄ-ում չէ, որ ստեղծվում են։ Դրանք վերցվում են ԵՄ-ից, նվազեցվում, կրճատվում են և ստեղծվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները: Եվ, եթե մեր ստանդարտները համապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին, ապա դրանց մեջ կլանվում են ԵԱՏՄ-ի ստանդարտները»,- ասել է զեկուցողը։
Ըստ նրա՝ Հայաստանը, բնականաբար, պետք է դադարեցնի մասնակցությունը ԵԱՏՄ-ում։ Բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ «հասունացած կլինենք այնքան, որ պատրաստ լինենք մտնել ԵՄ մաքսային միություն»։ Արձանագրել է՝ «այո, ապրանքների գները կարող են թանկանալ»։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրենքի ընդունումը կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, ինչպես նաև՝
- տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով,
- ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը,
- Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին։
«ԵՄ հետ քաղաքական երկխոսության և տնտեսական գործակցության միջև ահռելի տարածություն կա»
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության և տնտեսական համագործակցության միջև։ Այդ բացը պետք է լրացնել»,- արձանագրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նրա դիտարկմամբ՝ դա պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին։
Եղոյանը պատասխանել է նաև ընդդիմության կողմից ամենահաճախ հնչեցվող հարցին՝ ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ՌԴ հովանու ներքո գործող ԵԱՏՄ-ից։
«Եթե նման փաստաթուղթ, այսինքն՝ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրվի Եվրամիության հետ, այն օրը, երբ այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանը այլևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ: Դուք ասում եք՝ ի՞նչ կլինի, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, իսկ էնտեղ դեռ չլինենք: Էդ դեպքում, եթե ժամանակային հեռավորությունը շատ լինի, մենք խնդիրներ կունենանք»,- ընդգծել է Եղոյանը:
«Եվրաինտեգրման համար նախ պետք է CEPA-ն իրականացնել»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը չի իրականացրել դեռևս 2017 թ․-ին կնքված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 40 տոկոսը:
Կարծում է՝ եթե ՀՀ-ն ուզում է ինտեգրվել եվրոպական արժեքներին, ապա նախևառաջ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները։
«Ո՞վ է մեզ խանգարում, որ ունենանք իրավական պետություն, ժողովրդավարական երկիր, պայքարենք կոռուպցիայի դեմ եվրոպական չափանիշներով, ապահովենք բազմակարծություն այդ չափանիշներով։ Եվ դրանք չարած՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացը թա՞փ է առնելու։ Մեր վիճակը շատ հեռու է ԵՄ չափանիշներից»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ CEPA-ն «լավագույնս հարմարեցված է ինչպես ԵՄ-ի հետ Հայաստանի իրավաքաղաքական մոտարկմանը, այնպես էլ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը»։ Ներկա պահին ըստ նրա, չկա քաղաքական մոտարկման ավելի մեծ հնարավորություն։
«Այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական, անիրատեսական, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված գործողություն է»,- ընդգծել է Օհանյանը։
Կարծում է՝ նման կտրուկ քայլերը մարտահրավեր են և հավելում՝ «Եվրամիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել»։ Թե որ երկրից կա նման սպառնալիք՝ պատգամավորը չի հստակեցրել։
«Շոշափելի և իրական վտանգներ պարունակող նախաձեռնություն է»․ հայտարարություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեմ է քվեարկելու երկրի համար «շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»։
Ընդդիմադիրների գնահատմամբ՝ փաստաթուղթը կարող է «անդառնալի» տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի համար․
«Այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար»։
Խմբակցության համոզմամբ՝ կարող են լինել նաև աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ։ Շեշտում են՝ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։
«Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ»-ի դիտարկմամբ՝ քաղհասարակության ներկայացրած օրենքի նախագիծն «իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է», որը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել ԵՄ-ին անդամակցելու կամ չանդամակցելու տեսանկյունից: Ընդգծում են՝ ԱԺ-ն կարող է արտահայտել իր կամքը, բայց ոչ ժողովրդի, քանի որ Սահմանադրության համաձայն՝ ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն հանրաքվեի միջոցով:
Խմբակցությունը, հերթական անգամ, հիշատակել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու շեշտել՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը «գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում»։
«Ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք»,- նշել են «Պատիվ ունեմ»-ից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրինագիծը