Հիջաբ vs շորտեր
Ի՞նչ եք զգում, երբ ձեզ ընդառաջ հիջաբով կին է գալիս կամ անգամ ամբողջությամբ ծածկված այնպես, որ միայն աչքերն են երևում: Ձեզ հաճելի՞ կլինի, թե՞ կվախենաք: Երբեք չե՞ք մտածել՝ ինչ են զգում մուսուլման կանայք: Նման փորձարկումներ լրագրողներն արդեն անցկացրել են տարբեր քաղաքաներում. Սիդնեյում հիջաբով լրագրողի հետ ոչ մի տարօրինակ բան տեղի չունեցավ, Մոսկվայում՝ նույնպես, իսկ ահա Էստոնիայում փորձարկման մասնակիցների հասցեին ողջ օրը վիրավորանքներ տեղացին և քիչ էր մնացել անգամ ծեծեին:
Հիջաբ
Բաքվում նման էքսպերիմենտ անելու գաղափարն իմ գլխում ծագեց, երբ այգում զբոսնելիս հիջաբով մոտ 10 տարեկան երկու աղջիկների տեսա: Նրանք ռուսերեն էին խոսում, բավականին ակտիվ էին իրենց պահում, չմուշկ էին քշում և հագուստից բացի ոչնչով չէին տարբերվում մնացած երեխաներից: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին են նրանց զգացողությունները, ինչպես են հասարակության մեջ իրենց զգում:
Չնայած որ Ադրբեջանն աշխարհիկ երկիր է՝ մեծամասնության կրոնն իսլամն է: Դրսում մուսուլմանական հագուստով շատ կանանց կարելի է հանդիպել: Անկասկած, այժմ նրանք ավելի շատ են, քան 10 տարի առաջ:
Էլնարայի հետ (անունն աղջկա խնդրանքով փոխված է) ծանոթացել եմ սոցիալական ցանցի խմբերից մեկում: Նա երկու երեխաների ժպտերես և ակտիվ մայր է: Էլնարան սիրով համաձայնեց էքսպերիմենտի համար ինձ հագուստ տրամադրել, բացատրեց, թե ինչպես պետք է հագնել, և պատմեց, թե ինչպես է ինքն իսլամն ընտրել:
Էլնարան այն ժամանակ Մոսկվայում է ապրել: «8 տարի առաջ հայրս մահացավ: Շատ ճնշված էի, այնպես ստացվեց, որ կողքս մարդ չկար, և ես սփոփանք փնտրեցի մզկիթում: Այնտեղ ինձ օգնեցին, իսկ հետո ես որոշեցի. ես էթնիկ մուսուլման եմ, սակայն նամազի խոսքերը չեմ հասկանում: Ես դա ինձ համար ամոթալի փաստ էի համարում: Սկսեցի պարապմունքների գնալ, պարզվեց մեր տնից ոչ հեռու գտնվող մզկիթում կիրակնօրյա դպրոց էին հավաքում: Մենք ուսումնասիրում էինք հավատքի, արաբական քերականության հիմքերը, մարգարեների կյանքի պատմությունները, Թաջվիդը [Ղուրանի ուղղախոսության կանոններ ու համապատասխան ղուրանական դիսցիպլին – հեղ.]»:
Արտասահմանցու համար կարող է տարօրինակ հնչել «էթնիկ մուսուլման» արտահայտությունը, սակայն Ադրբեջանում այս կոնցեպտը լայնորեն տարածված է. որոշակի շրջանների բնակիչներ ի ծնե իրենց սունիներ կամ շիաներ են համարում: Ինչպես նաև յուրաքանչյուր ադրբեջանցի լռելյայն մուսուլման է համարվում, և քչերին է մտահոգում կրոնի ընտրության հարցը:
Ուսումնառության առաջին տարին Էլնարան ամբողջությամբ փակ հագուստ չէր կրում՝ միայն մզկիթում դասերի ժամանակ: «Իմամը դասերի ժամանակ ասում էր, որ մուսուլման կանայք, որոնք մզկիթում գլուխները ծածկում են, իսկ այնտեղից դուրս գալիս հանում են այն, երկերեսանի են, — ժպպտալով ասում է Էլնարան: — Եվ ես մտածեցի, որ դա հենց իմ մասին է, չէ՞ որ ես էլ եմ գլուխս ծածկում միայն դասերի ժամանակ: Եվ ես ինձ խոստացա, որ երեխա ունենալուց հետո կսկսեմ հիջաբ կրել: Այդպես էլ եղավ, ծննդատնից ես դուրս եկա արդեն հիջաբով»:
Էլնարայի խոսքով՝ մուսուլմանական հագուստ կրելը որևէ անհարմարություն չի պատճառում: «Սկզբից անսովոր էր, շատ զարմացած հայացքների էի հանդիպում, սակայն հետո սովորեցի»:
Ինչպես պնդում են Բաքվի մուսուլման կանայք՝ իսլամը նրանց ոչ մի կերպ չի սահմանափակում, այսինքն, նրանք կարող են լիարժեք կյանք վարել, զբոսնել քաղաքում, զվարճանալ, սպորտով զբաղվել, աշխատել: Խիստ սահմանափակումներն իսլամում կապված են ավելի արմատական ճյուղերի հետ, դրանք հատկապես զարգացած են Սաուդյան Արաբիայում և մի շարք այլ մուսուլմանական երկրներում: Օրինակ, այնտեղ կինը չի կարող տնից դուրս գալ առանց ամուսնու կամ արական սեռի բաեկամի ուղեկցության, որոշ երկրներում կանանց չեն թույլատրում մեքենա վարել (կամ չի կարելի առանց ամուսնու թույլտվության), չի կարելի բուժվել, ճանապարհորդել, կրթություն ստանալ առանց թույլտվության:
Ադրբեջանում մուսուլման կանանց տարածված հագուստը բավականին անբռնազբոս է: Ինչպես ինձ հայտնեց Էլնարան, հագնել կարելի է ամեն ինչ, կարևորը, որ բաց լինի միայն դեմքն ու դաստակները: Դա աղջիկներին թույլ է տալիս, չեմ վախենա այս խոսքից, բավականին նորաձև տեսք ունենալ: Ինքը Էլնարան երկարաթև վառ բլուզ էր հագել (թևքերն ավելի լավ է նեղ լինեն, որպեսզի ձեռքը բարձրացնելիս չմերկացնեն այն) և երկար ծաղկավոր կիսաշրջազգեստ, հարմար սպորտային կոշիկ:
Սակայն ես ուրիշ պլաններ ունեի. ուզում էի ամբողջական հանդերձանքով լինեի, և որոշեցի ոչ թե հիջաբ հագնել, այլ նիկաբ: Դա գլուխը ծածկող հանդերձ է, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը և աչքերի համար կտրվածք ունի: Չգիտեի՝ որտեղից այն գտնել, սակայն Էլնարան գտավ ելքը. պարզվում է նիկաբի փոխարեն կարելի է պարզապես սև շարֆ կրել՝ այնպես հարմարեցնելով, որպեսզի դեմքն ամբողջությամբ ծածկված լինի: Կերպարի ամբողջականության համար Էլնարայից աբայա վերցրի: Դա երկար մուսուլմանական հանդերձանք է, սև ազատ ձևվածքի զգեստ: Գեղեցկության համար այն օձիքի և թևքի հատվածում ծաղկավոր զարդանախշ ունի, այն կարող է ասեղնագործած լինել, բիսերով կամ ստրազներով պատված:
Եվ վերջապես պահը եկավ: Չհանդգնելով տնից նման հագուստով դուրս գալ հարևաններիս չանհանգստացնելու համար՝ որոշեցի հագուստս փոխել 28 մոլ առևտրի կենտրոնի զուգարանում: Տարակուսանք չառաջացնելու համար որոշեցի զգեստափոխվել ոչ թե հենց զուգարանում, այլ մայրերի համար նախատեսված սենյակում. այն օգտագործում են երեխային կերակրելու և բարուրելու համար: Սակայն այստեղ էլ երկու աղջիկ դիմահարդարվում էին: Մի փոքր տատանվեցի և այնուամենայնիվ որոշեցի այստեղ հագնվել:
Ամենադժվարը մանր քորոցներով գլխաշորն ամրացնելն էր այնպես, որ չընկներ և որ, աստված մի արասցե, մազերը տակից չերևային: Այնուհետև պետք էր այն դեմքին այնպես կոկիկ ամարցնել՝ քունքերի մոտ քորոցներով այնպես կպցնելով, որ միայն աչքերս բաց մնային: Ցավոք, հատուկ գլխարկ չունեի, որը մուսուլման կանայք կրում են գլխաշորի տակից, դա հարթ գլխարկ է՝ կիպ գլուխն ու մազերը ծածկող: Ծայրահեղ դեպքում կտորից հարթ եզրակ էլ կարելի է օգտագործել, որը ճակատին է քաշվում մազերի աճի գիծը թաքցնելու համար:
Աղջիկները հետաքրքրությամբ ինձ էին նայում: Ականջի ծայրով լսեցի. «Կազմվածքը վատը չէ…»: Նրանք ինձ թերևս «ուխտադրուժի» տեղ դրեցին, որը որոշել է զվարճանալ առանց վերնահագուստի, իսկ հիմա վերադառնում է իր սովորական կերպարին:
Զգեստափոխվելով՝ ես դուրս եկա և ուղևորվեցի դեպի Music Gallery մեծ խանութը, որը հենց առրևտի կենտրոնի առաջին հարկում է: Միայնակ խանութներով քայլող նիկաբով կինը բավականին տարօրինակ երևույթ է, սովորաբար նրանք խմբերով են քայլում կամ տղամարդու ուղեկցությամբ: Ինձ թվաց՝ մի քանի հետաքրքրված և զգույշ հայացքներ գցեցին վրաս: Երեխաներն ավելի վատ են թաքցնում զգացմունքները, նրանց զգուշավորությունն ավելի նկատելի էր. մոտ տասը տարեկան մի տղա զգուշությամբ ինձ շրջանցեց մեծ հեռավորության վրա:
Պետք է ասել, որ հանդերձանքը անսովոր լինելու պատճառով բավականին դժվար է կրել: Հատկապես դժվար է ծածկած գլխով լինելը. նիկաբի ստորին հատվածն ազատ ծալքերով կախվում է՝ դժվարացնելով տեսադաշտը տեսնելը, մի քանի անգամ սայթաքեցի աստիճաններին ու շարժասանդուղքին, դժվար էր պետք եղածը պայուսակից հանել, երբ սովորականի պես հայացքս ներքև էի հառում:
Հենց խանութում, երբ շարքերով անցնում էի, իրավիճակը մոտավորապես նույնն էր. մարդկանց հայացքները մի պահ կանգ էին առնում վրաս, այնուհետև, քանի որ գեղեցիկ չէ սևեռուն նայելը, արագ հեռացվում: Իմ ներկայիս «կարգավիճակին» հարիր չէր մոտենալ տղամարդ վաճառողներին, այդ պատճառով էլ պարզապես ման եկա խանութում: Հետաքրքիր է, որ մարմնեղ «սեքյուրիթին» անքթիթ ինձ էր հետևում: Չկամենալով երկար նրան լարվածությա մեջ պահել՝ որոշեցի դուրս գալ խանութից:
Ըստ պլանի՝ հաջորդը մետրոն էր: Մուտքի մոտ կանգնած ոստիկանները, որքան էլ դա հիասթափեցնող լինի, գրեթե ուշադրություն չդարձրին ինձ, երևի արաբ զբոսաշրջիկի տեղ դրեցին: Խնդիրս «բարդացնելու» համար որոշեցի ինչ-որ մեկի հետ շփվել. 20 կոպեկանոց պատրաստեցի (Բաքվում մետրոյի մուտքը քարտերով է, սակայն նրանք, ովքեր հազվադեպ են մետրո նստում, քարտ չեն ունենում կամ հաճախ տանն են մոռանում. նման դեպքերում կարելի է վճարման տերմինալի մոտ մեկին մոտենալ, մետաղադրամ տալ և խնդրել իր քարտով անցնել)՝ դիմելով երիտասարդին: Նա իհարկե անցկացրեց ինձ՝ զուսպ գլխով անելով:
Շարժասանդուղքի վրա մարդիկ հետաքրքրությամբ ինձ էին զննում: Ոմանք անթաքույց սևեռուն հայացքով էին նայում՝ միմյանց արմունկով հրելով՝ թե նայի՛ր: Ցավոք, հայացքների, միմյանց աչքով անելու և փսփսալու ողջ սպեկտրը չկարողացա գնահատել՝ և հագուստս էր փակում տեսադաշտը, և կարգավիճակս թույլ չէր տալիս:
Երթուղուս հաջորդ հատվածը Իսթիգլալիաթ փողոցն էր: Լավ է՝ գոնե ամառն ավարտվել է, իսկ շոգը՝ հանդարտվել, բայց այնուամենիվ մոնումենտալ աբայայով շատ շոգ էր: Դրան նպաստում էր նաև դեմքս ծածկած լինելը: Մի փոքր զովանալու հաար որոշեցի հյութ գնել՝ բնականաբար ձողիկով, որովհետև այնքան էլ չէի պատկերացնում, թե ինչպես դա պետք է անել: Խանութի վաճառողը նույնպես բավականի զուսպ էր, նրա դեմքին ոչ մի էմոցիա չէր արտացոլվում: Հնարավոր է՝ արաբ զբոսաշրջիկներ արդեն եղել էին նրա խանութում:
Զբոսանքից հոգնած՝ նստեցի նստարանին Ցայտաղբյուրների հրապարակի մոտ: Անցորդները հետաքրքրությամբ զննում էին ինձ, սակայն ընդհանուր առմամբ, դա արդեն սովորական էր դարձել:
Պարզվեց, հյութ խմելը բարդ էր, ստիպված էի հյութի տուփը հարմարեցնել շարֆի ծայրին: Անկեղծ ասած, բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ կանեի, եթե նման հագուստով ստիպված լինեի ուտել: Ինչպես համացանցում կարդացի (այդ մասին զարմանալիորեն քիչ տեղեկատվություն կա), հենց այդպես էլ պետք է ուտեի. նիկաբի ներքին հատվածը մի փոքր բարձրացնելով՝ զգուշությամբ ուտելիքը բերանս տանեի փոքր չափաբաժիններով:
Ընդհանուր առմամբ, նման հանդերձանք կրելուն պետք է սովորել, իհարկե: Հիջաբով սովորական մուսուլման աղջիկների համար ավելի հեշտ է: Եվ ինչպես արդեն նշեցի և ինչպես Էլնարան էր ասում, սկզբից պետք է մուսուլմանական հագուստ կրելու ներքին պահանջ առաջանա: Չնայած փողոցներում հիջաբով կանանց մեծ թվին՝ նիկաբով կանանց հաճախ չես տեսնի: Ինչպես Էլնարան նշեց, Ղուրանի պահանջը մեկն է, որ բաց լինեն միայն դաստակներն ու դեմքը: «Նիկաբը, հնարավոր է, ամուսնու կամ ընտանիքի կամ էլ հենց կրող կնոջ ցանկությունն է», — ասում է նա: Ընդհանուր առմամբ, ինչպես համացանցի աղբյուրներում է նշվում, նիկաբը պարտադիր չէ:
Ինչպես Էլնարան է ասում, հիջաբ կրելը թույլ է տալիս պաշտպանված զգալ. «Ես կարող եմ փողոցով քայլել և իմանալ, որ ինձ չի դիպչի որևէ անպատեհ հայացք կամ խոսք: Նայեք, օրինակ, եթ ինչպես են նայում կարճ կիսաշրջազգեստ հագած այն աղջկան»:
Այնուամենայնիվ, շատ բաքվեցի մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից աշխատանքի ընդունվելիս, ընդ որում ոչ միայն սպասարկման ոլորտում, այլ նաև օֆիսային աշխատանքի:
Ինչ վերաբերում է երեխաներին, Էլնարան ասում է, որ իսլամի կանոններով, հիջաբ աղջիկները պետք է սկսեն կրել 10 տարեկանից: «Եթե աղջիկը հավատացյալների ընտանիքում է մեծանում, տեսնում է, թե ինչպես է հագնվում նրա մայրը, նրա համար դա բնական ու նորմալ պետք է լինի: Ինչո՞ւ նա պետք է այլ բան ցանկանա: Հատկապես որ մուսուլմանական ընտանիքներում աղջկան զուսպ պահվածք և հագուստ կրել են սովորեցնում, և նա իրեն անպարկեշտ չպետք է պահի, ինչպես ազատ հագուստով աղջիկը»:
Շորտեր
— Այ փչացա՛ծ, — քնքուշ ասաց երկար ծաղկավոր կիսաշրջազգեստով տարեց կինը՝ ինձ ընդառաջ դուրս գալով խանութից:
Ես տնից խանութ էի իջել ամառային մի օր՝ եղանակին ու ընտանեկան կարգավիճակիս հարիր հագնված՝ մայկայով և, ազնիվ խոսք, բավականին պարկեշտ երկարության շորտերով: Սակայն Բաքվի ծայրամասերից մեկում ապրելը պարտավորեցնում է: Այստեղ աղջիկներն ամոթխած հայացնքերն իջեցնում են, եթե տղա է գալիս, իսկ տղամարդ հարևանները երբեք առաջինը չեն բարևում, որպեսզի նրանց ոտնձգության համար չմեղադրեն:
Այդ պատճառով էլ իմ էքսպերիմենտը՝ շորտերով զբոսանքը, սկսած մեր թաղից, ավարտած քաղաքի կենտրոնով, կարող է բավականին ռիսկային լինել: Ես կտրեցի հին ջինսե տաբատս և մի քիչ վերև ծալեցի էքսպերիմենտի մաքրության համար:
Անկեղծ ասած, քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներն այնքան էլ չէին տարբերվում: Երբեմն կնոջ հայացք էր կանգ առնում վրաս, տարեցներինը՝ հատկապես քննադատական, երիտասարդների դեմքին, չգիտեմ ինչու, հեգնական ժպիտ էր հայտնվում: Տղամարդիկ աշխատում էին անտեսել և՛ ինձ, և՛ շորտերը:
Մետրոյում դիմացս մոտ 50 տարեկան տղամարդ էր նստած: Մի քանի անգամ ինձ թվաց թե նա ինձ աչքով է անում: Սակայն հետո եզրակացրի, որ դա ոչ թե աչքով անել է, այլ ջղաձգություն:
Քաղաքում կարճ շորտերին վերաբերմունքն ավելի հանգիստ է: Երիտասարդ աղջիկներն ավելի կարճ հագուստ էլ են կրում: Երիտասարդ տղաներն ավելի շատ սիրում են, որ «ներքևի» և «վերևի» հատվածները ներդաշնակ լինեն. եթե աղջիկն այնքան էլ գրավիչ չէ, ապա կարճ շորտերը կամ կիսաշրջազգեստը քննադատություն կառաջացնեն, իսկ եթե նա գեղեցիկ է, ապա բաց ոտքերը լրացուցիչ «բոնուսի» պես բան են:
Հիջաբի դեպքում դժվարությունը աշխատանքի տեղավորվելն է: Սակայն եթե գործարարն իր գրասենյակում հիջաբով աղջիկ չի ուզում տեսնել, ապա շորտերով աղջկա խնդիրն այլ է. ադրբեջանցի տղաների մեծ մասը նրան չեն դիտարկում որպես իրենց երեխաների մայր: Կարելի է վիճել այն մասին, թե բնակչության քանի տոկոսն է շորտերով աղջիկներին այլասերված համարում, սակայն նման կարծրատիպի գոյությունը կասկածների տեղիք չի տալիս:
Վերադառնալով փոոցում անվտանգության թեմային՝ նշենք, որ այն կարծրատիպը, թե կարճ հագած աղջկան անպայման պետք է անհանգստացնեն, արդարացված չէ: Առաջին հերթին՝ քաղաքում շատ են զբոսաշրջիկները: Երկրորդ հերթին՝ ինչպես արդեն նշեցի, հստակ արտահայտված քննադատություն ես չնկատեցի, ինձ ավելի շուտ պարզապես անտեսում էին:
Իսկ շորտեր կրելու զգացողությունները փոխվում են՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներում ես դրանք կրում: «Արևելյան կնոջ» մասին հնացած պատկերացումները ստիպում էին շատ թեթև անհարմարություն զգալ մանր խանութների կողքով անցնելիս, որտեղից ամեն օր բանջարեղեն եմ գնում ավելի «պարկեշտ» տեսքով: Քաղաքի կենտրոնում անհարմարության զգացում բոլորովին չկար:
Ընդհանուր առմամբ դա նաև նիկաբ կրելուն է վերաբերում. հարմարվել կարելի է բացարձակապես ցանկացած հագուստի: Եթե ջղաձգված դեմքով քայլես (այո, նիկաբով դա պակաս նկատելի է), անվստահ քայլվածքով, անընդհատ շտկելով հագուստիդ այս կամ այն դետալը, դա ուշադրություն կգրավի և մարդկանց կսկսի անհանգստացնել: Իսկ եթե հանգիստ ես և վստահ, հենց այդ ներքին զգացողությունն էլ փոխանցվում է շրջապատին:
Արդյունքներն ամփոփելով՝ կարելի է ասել, որ Բաքվում հագուստի հետ կապված վտանգավոր էքսպերիմենտ անցկացնել չստացվեց: Այս քաղաքի բնակիչներն ամեն ինչի սովոր են և նրանք շատ հեռու են «տարօրինակ հագնված» մարդուն քարկոծելուց: Մենք մարդու հագուկապի հետ կապված կարծրատիպեր ունենք, սակայն այնուամենայնիվ ոչ ոք ձեզ չի խանգարի կրել այն, ինչ ուզում եք:
Հրապարակվել է 21.09.2016