Հիշում ենք ու շնորհակալ ենք
Երկու տարի անց այս օրը մենք նշելու ենք մուսուլմանական Արևմուտքում առաջին ժողովրդավարական հանրապետության հարյուրամյակը: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն: Թարգմանությունն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի որ օրգինալում «ժողովրդական» է:
Համացանցում այսպիսի թեստ էր տարածված. «Ո՞ր ժամանակներ կցանկանայիք տեղափոխվել, եթե ժամանակի մեքենա լիներ»: Ես պատասխանեցի՝ 1918թ. Բաքու:
Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Առաջին աշխարհամարտով, իսկ հետո նաև՝ քաղաքացիական պատերազմով զբաղված Ռուսաստանը գաղութների հարցերով զբաղվելու ժամանակ չուներ: Դա թույլ տվեց առաջադեմ ադրբեջանական ինտելիգենցիային պահն օգտագործել և Ադրբեջանն անկախ պետություն հռչակել (իհարկե ոչ առանց Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցության): Վրաստանը նույն բանն արեց մայիսի 26-ին, Հայաստանը՝ Ադրբեջանի հետ նույն օրը:
Առաջին աշխարհամարտի ավարտ, բոլշևիկներ, ազգային տարաձայնությունների սրում, կոտորած, տարածքային հավակնություններ բոլորի հանդեպ… Եվ այդ խառը ժամանակահատվածում հայտարարվում է Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման մասին: Սրբապղծություն է, չէ՞. ինչպես կարող է մուսուլմանական երկիրը հանրապետություն լինել, այն էլ կանանց ընտրական իրավունքով: Ի դեպ, եվրոպական ժողովրավարության օրրան Մեծ Բրիտանիայում կանանց այդ իրավունքն ընդունվել է տասը տարի ուշ:
Ժամանակակից Ադրբեջանը ԱԺՀ-ից ժառանգել է դրոշը, հիմնը և կրթության և սոցիալական ոլորտում բարափոխումների մասին հիշողությունները:
Առաջին հանրապետության հիմնադիր հայրերն անկասկած ռոմանտիկներ էին: Կառավարության առաջին ղեկավար Ֆատալի խան Խոյսկին միանգամից պաշտոնից հեռանալու մասին դիմում գրեց, երբ իմացավ, որ իր գերատեսչության պաշտոնյաներից մեկը կաշառք է վերցրել: Ազգային ժողովի նախագահ Մամեդ Էմին Ռասուլաձեն միամտորեն կարծում էր, որ «մեկ անգամ բարձրացված դրոշն էլ երբեք չի իջնի»:
Այն իջեցվեց 1920թ-ի ապրիլի 28-ի, երբ Բաքու մտավ 11-րդ Կարմիր բանակը՝ Սերգեյ Կիրովի առաջնորդությամբ:
Դիմադրություն գրեթե ցույց չտրվեց: Ռասուլաձեն արյունահեղություն չէր ուզում, իսկ ադրբեջանական բանակն այն ժամանակ ղարաբաղյան ճակատում էր: Արդեն այն ժամանակ Ռուսաստանի նախկին գաղութների միջև տարածքային վեճեր սկսվեցին: Ադրբեջանը Հայաստանի հետ վիճելի տարածքներ ուներ՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, Վրաստանի հետ՝ Զաքաթալի շրջանը: Արդյունքում, Ադրբեջանը դարձավ Կովկասում առաջին խորհրդային հանրապետությունը: Նշանակալի է Կիրովի առաջին ելույթը. «Կեցցե Խորհրդային Ադրբեջանը՝ Գյանջա մայրաքաղաքով»: Դա նշանակում էր, որ Մոսկվան ուզում էր բազմազգ և նավթով հարուստ Բաքուն մտցնել Ռուսաստանի կազմ: Սակայն Բաքվի բոլշևիկների առաջնորդ Նարիման Նարիմանովի շնորհիվ հնարավոր եղավ պահել մայրաքաղաքը:
Մայիսի 27-ին, Ադրբեջանի նախագահը ծաղկեպսակ դրեց Առաջին հանրապետության հիմնադիր հայրերի հուշարձանին: Դա շատ համեստ հուշարձան է, որին ժողովուրդը «մատիտ» է անվանում: Բաքվում մինչ այժմ չկա ոչ մի արձան՝ նվիրված Ռասուլաձեին, Խոյսկուն, Ռաֆիբեկովին և այլ առաջնորդներին: Բաքվի պետհամալսարանը, որը հիմնվել է ԱԺՀ ժամանակ, այլևս չի կրում անկախության գլխավոր գաղափարախոս Մամեդ Էմին Ռասուլաձի անունը: Պատճառն, իմ կարծիքով, քաղաքական խանդն է: Ազգը միայն մեկ առաջնորդ կարող է ունենալ և դա, անկասկած, Հեյդար Ալիևն է: