Ռուսաստան մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները հացադուլ են հայտարարել
Հայաստանում 20 մարդ հացադուլ է հայտարարել։ Նրանք «Хочу в Россию» (Ռուսաստան եմ ուզում մեկնել) ակցիայի մասնակիցներն են։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այս բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են վերսկսել կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։
Նրանցից շատերը հայրենիք են եկել ինչ-որ գործերով կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարելուց առաջ և մինչ օրս չեն կարողանում Ռուսաստան վերադառնալ, որտեղ շատերն աշխատանք ունեն և ոմանց էլ ընտանիքն է սպասում։
Հայկական իշխանություններն այս ողջ ընթացքում բացատրում են, որ այդ հարցով բանակցություններ են վարում, սակայն ռուսական կողմը դեռևս մտադիր չէ վերսկսել կանոնավոր չվերթները։
Սեպտեմբերի 23-ի առավոտյան ցուցարարների հետ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն կառավարության ղեկավարի հետ հանդիպումն արդյունք չի տվել․ հացադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ օդային սահմանները չեն բացվել։
Մինչդեռ, Ռուսաստանի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ սահմանը բացում է Հարավային Կորեայի և Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետություների համար՝ բացառությամբ Հայաստանի։
Այն դեպքում, երբ Հայաստանն արդեն 5 տարի է՝ ԵԱՏՄ անդամ է, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ։ Միությանն անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
•«Տանը կողպված»․ հայ աշխատանքային միգրանտները չեն կարողանում Ռուսաստան մեկնել
•Հայաստան։ Երեք կանանց պատմություններ, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
Ակցիայի մասին
Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են թույլ տալ Ռուսաստան մեկնել, Ֆեյսբուքում խումբ են ստեղծել և այն անվանել՝ «Хочу в Россию» (Ռուսաստան եմ ուզում մեկնել)։
Սեպտեմբերի 22-ի ցերեկը սոցցանցերում հաղորդագրություն հայտնվեց, որ հացադուլ է հայտարարվելու։
Սեպտեմբերի 22-ին ժամը 22:00-ից ակցիայի խմբի 20 մասնակիցներն արդեն սկսեցին հացադուլը և գիշերեցին կառավարության շենքի մոտ։ Նրանց թվում նաև կանայք կան։
Ակցիայի մասնակիցներին սեպտեմբերի 23-ի առավոտյան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանցից մեկի խոսքով՝ կառավարության ղեկավարը բացատրել է, որ իրավիճակը բարդ է կորոնավիրուսի տարածման տեմպերի պատճառով։ Կառավարության ղեկավարը խոստացել է հարցը քննարկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին Երևանում։
«Սակայն մենք ասել ենք, որ այդքան չենք կարող սպասել», — լրագրողներին հաղորդել է Արթուր Ոսկանյանը։
Իրավիճակի մասին
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր այն մասին, որ օդային սահմանների բացման հարցը Հայաստանն արդեն բարձրացրել է ԵԱՏՄ-ում․
«ԵԱՏՄ մեր գործընկերները պատրաստ են քննարկել այս հարցը, և մենք նվազագույնը կարող ենք հասնել միասնական կանոնների հաստատման, որ դրանք համարժեք գործեն ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Անգամ եթե մոտ ժամանակներս հնարավորություն չլինի վերսկսելու կանոնավոր ուղևորափոխադրումները, նվազագույնը միասնական չափորոշիչներ կստեղծվեն», — ասել է նա։
Մինչ Հայաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Ռուսաստանի կառավարությունն աստիճանաբար վերսկսում է ավիահաղորդակցությունը։ Ռուսաստանի կառավարության վերջին հրահանգի համաձայն՝ երկիրը սեպտեմբերի 21-ին բացել է սահմանները ԵԱՏՄ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, իսկ սեպտեմբերի 27-ից ավիահաղորդակցությունը կվերսկսվի Հարավային Կորեայի հետ։
«Մենք չգտենք, թե դա ինչով է պայմանավորված, սակայն մեզ համար շատ վիրավորական է, որ Ղազախստանի, Ղրղզստանի, Հարավային Կորեայի, Բելառուսի հետ Ռուսաստանը կարող է ազատ տեղաշարժի շուրջ բանակցություններ տանել, իսկ մենք, ԵԱՏՄ անդամ լինելով, որի պայմանագրի համաձայն՝ ազատ տեղաշարժի իրավունք ունենք, պարզապես տեղում դոփում ենք», — ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ սեպտեմբերի 21-ից ավարտվել է հատուկ չվերթների ծրագիրը, որի միջոցով Հայաստանից կարելի էր Ռուսաստան մեկնել։ Տեղերի քանակը խիստ սահմանափակ էր, այդ պատճառով էլ Ռուսաստանի այս կամ այն քաղաք մեկնելու համար պետք էր նախապես գրանցվել Ռուսաստանի «Պետծառայությունների» կայքում։
Այժմ Հայաստանից կարելի է Ռուսաստան մեկնել՝ միայն օգտվելով «Աերոֆլոտ» ավիաընկերության ծառայություններից, որը չարտերային չվերթներ է իրականացնում։ Ողջ խնդիրը թանկությունն է․ Երևանից Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսի արժեքն ավելի քան 55 հազար ռուբլի է (մոտ 690 դոլար)։
Այս պահի դրությամբ «Աերոֆլոտը» հայտարարում է հոկտեմբերի 25-ից կանոնավոր չվերթները վերսկսելու մտադրության մասին։
«Կայսրությունը մնում է կայսրություն»
Ռուսաստանն այս հարցը նույնպես օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ՝ կառավարության դեմ հանրային դժգոհություն առաջացնելով, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․
«Իրավիճալի հիմքում այն է, որ կայսրությունը մնում է կայսրություն, նրանք հասկանում են, որ, որքան մեծ լինի ներքին ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, այնքան ավելի հեշտ կլինի իրենց ուզածին հասնել։
Սա կայսրական քաղաքականություն է․ մշտապես ճնշման տակ պահել ներկայիս իշխանություններին՝ ինչ-որ բաների հասնելու համար»։