Հայաստանի նախկին նախագահն առաջին մեծ հարցազրույցն է տվել բանտից դուրս գալուց հետո
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվելուց հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել։ Նա շատ թեմաների է անդրադարձել, այդ թվում՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Նախիջևանի սահմանին թուրք–ադրբեջանական զորավարժություններին։
Նախկին նախագահը կալանավորվել էր 2018 թ–ի հուլիսի 28–ին։ Նրան սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել։ Խոսքը 2018 թ–ի մարտին նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիների ցույցը ցրելու մասին է։ Այն ժամանակ Երևանում մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։
Քոչարանի փաստաբաններն արդեն երեք անգամ կարողացել են փոխել նրա խափանման միջոցը։ Վերջին անգամ նա կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի 2020 թ–ի հունիսի 19–ի վճռով երկու միլիարդ դրամ գրավով։
Սակայն արդեն հուլիսի 1–ին գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել նրան ազատ արձակելու որոշման դեմ։ Դատարանն այն դեռ չի քննել։
● Ինչի՞ համար են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
● Կարծիք․ ո՞վ է սրացում հրահրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող էր Ռուսաստանը լինել
«Պատերազմի վերսկսման վտանգը շատ բարձր է»
Հարցազրույցի գլխավոր թեմաներից մեկը հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան ռազմական գործողություններն էին։
Քոչարյանը ներկայացրել է այդ իրադարձությունների իր վարկածը։ Նրա կարծիքով, երկու տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերը չեզոքացրել են՝ իր մարտական դիրքերը բարելավելու Ադրբեջանի փորձը։ Ընդ որում, հայկական ԶՈՒ–ն ոչ միայն կանխել է հակառակորդի մտադրությունն, այլև, ըստ նրա, կարողացել այդ ընթացքում բարելավել սեփական դիրքերը։
Ադրբեջանական կողմը, փորձելով վերականգնել իր նախորդ դիրքերը, սկսել է գնդակոծել հայկական գյուղերը։ Այդպիսով, տեղային միջադեպը վերաճել է մասշտաբային ռազմական գործողության, կարծում է նախկին նախագահը։
Վերջին իրադարձությունները Քոչարյանին համոզել են ոչ միայն, որ Ադրբեջանի նախագահը կառուցողական չէ տրամադրված, այլև որ հարևան երկրի ժողովուրդը պատարստ չէ խաղաղության։ Նրա խոսքով՝ անգամ ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլում՝ 1991–1994 թթ–ին, հայերի և ադրբեջանցիների միջև Ռուսաստանում և ԱՄՆ-ում այդպիսի բախումներ չեն եղել, ինչպես վերջին օրերին․
«Մենք այսօր ունենք Ադրբեջանի ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն, այլև նույն կերպ տրամադրված ադրբեջանցի ժողովուրդ։ Եվ երբ այս երկու հանգամանքները համընկնում են, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է»։
Ղարաբաղյան խնդրի մասին
Նախկին նախագահը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Այս առնչությամբ նա հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները։ Դրանցից առաջինը «Արցախը Հայաստանն է, և վերջ» արտահայտությունն է, որը նա արել է 2019 թ–ի օգոստոսին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այն հակասում է պեության ղեկավարի մյուս հայտարարությանն՝ այն մասին, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերին․
«Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես են համադրվում «Արցախը Հայաստանն է, և վերջ» բանաձևն ու այն որոշումը, որը պետք է բավարարի բոլոր կողմերին։ Այս իշխանությունների բանաձևը ենթադրում է, որ կամ Ղարաբաղը պետք է հրաժարվի անկախության գաղափարից, կամ Ադրբեջանը պետք է համաձայնի Ղարաբաղի անկախությանը։ Սակայն չկա ոչ մեկը, ոչ մյուսը»։
Նախկին նախագահը կարծում է, որ անիմաստ է հույս դնել Ադրբեջանի կառավարության կառուցողական դիրքորոշման վրա, հետևաբար, հակամարտությունը դեռ երկար հնարավոր չի լինի կարգավորել։
Թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին
Հայաստանի սահմանից ոչ հեռու՝ Նախիջևանի սահմանին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մասշտաբային զորավարժությունները, որոնք սկսվել են հուլիսի 29–ին, Քոչարյանն «ուժի ցուցադրում» է համարում․
«Նման լայնամասշտաբ զորավարժությունները ոչ միայն զորավարժություն են զորավարժության համար, այլև լուրջ քաղաքական ազդանշան տարածաշրջանի բոլոր երկրներին։ Չեմ կարծում, որ դրանք կարող են վերաճել ներխուժման, սակայն փաստ է, որ քեզ ասում են․ նման սցենար հնարավոր է»։