Հարուստների ֆուտբոլ
Նոր ֆուտբոլային սեզոնը Եվրոպայում հավանաբար առանց սենսացիաների կանցնի: Եվրոպայի ջոջերն, իրենց խաղադրույքներով թեժացնելով ֆուտբոլային շուկան, իրենց ապահովագրել են ցանկացած անսպասելիությունից: Բարձրագույն լիգայի առաջնությունում սենսացիոն կերպով հաղթած հեքիաթային թիմ ինչպիսին «Լեսթերն» էր, մոտ ապագայում հազիվ թե լինի:
Պետք է հաղթի միայն նա, ում գրպանի պարունակությունը թույլ է տալիս. սա ժամանակակից ֆուտբոլի թրենդն է, որը թույլ չեն տա անգամ փոքր-ինչ փոփոխություների ենթարկել:
Այստեղից էլ գների կտրուկ աճ տեղի ունեցավ: Լերոյ Զանեն «Շալկեից» գնաց «Մանչեսթեր Սիթի» 50 մլն եվրոյով, Ջոն Սթոունսը «Էվերթոնից» տեղափոխվեց «Մանսիթի» 55.6 մլն եվրոյով, Գոնսալո Իգուայինը 90 մլն-ով տեղափոխվեց «Նապոլիից» «Յուվենտուս», այնտեղից էլ իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն-ով տեղափոխվեց Պոլ Պոգբան:
Երբ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, գնահատելով անցած ամռան տրանսֆերային արշավը, այն եզրակացությանն է գալիս, որ «ֆուտբոլը խելագարվել է և կորցրել իր հոգին», նա հեռու չէ իրականությունից:
Եթե ֆինանսական հնարավորություններդ անսահմանափակ են, պետք չէ ֆուտբոլիստներին դաստիարակել, քարը քարին շարելով թիմ ստեղծել: Այժմ կարելի է պարզապես փողերը պատրաստել և գնել քո երազանքի թիմը. 11 աստղ խաղադաշտում, նույնքան՝ փոխարինման վրա, մի այդքան էլ չարությունից՝ շատ խորը փոխարինման վրա, որ մրցակիցներին չհասնեն:
Ֆուտբոլային աշխարհը կարծես վերջնականապես բաժանվել է հարուստների և աղքատների: Այժմ Ամստերդամի «Այաքսի» պես ակումբին մնում է միայն ֆուտբոլային բուծարան դառնալ. գոյությունը պահպանելու համար այն պետք է զարգացնի իր մանկական ֆուտբոլային դպրոցները և երիտասարդ ֆուտբոլիստներին պատրաստի վաճառքի: Մնացած ակումբներն, օրինակ պորտուգալական «Պորտոն» և «Բենֆիկան» ստիպված են «Այաքսից» էժանով գնել անհայտ տաղանդների և իրենց կազմ ներառել այնքան ժամանակ, մինչև ֆուտբոլիստի շուկայական գինն իր առավելագույնին հասնի:
Իսկ երրորդ ակումբները («Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Մանսիթի», «ՊՍԺ», «Բավարիա») գնին չեն նայի, կգնեն բոլոր նրանց, ովքեր կարողանում են լավ գնդակ գլորել: Կարող են դա անել հենց Ամստերդամի «բուծարանից», ինչպես նաև մի քանի անգամ ավելի թանկ գին վճարել՝ գնելով նրանց պորտուգալական միջնորդներից: Այստեղ առանձնահատուկ տարբերություն չկա, գլխավորը գնելն է:
Խաղի այս կանոնները հասել են իրավաբանական ձևակերպման ավարտական փուլին: Հաջորդ սեզոնից գործելու է Չեմպիոնների լիգայի անցկացման այլ ձևաչափ: Այժմ առաջատար առաջնությունների քառյակը մեխանիկորեն, առանց որակավորման նախընտրական փուլի, մրցաշարի հիմնական ցանց է ուղարկելու յուրաքանչյուրը 4 ակումբ: Այսինքն՝ Չեմպիոնների լիգայի մասնակիցների ուղիղ կեսին: Եթե հաշվի առնենք, որ նույնպես մեխանիկորեն խմբային փուլում են հայտնվում առաջնության՝ ՈՒԵՖԱ-ի վարկանիշում 5-6-րդ տեղերը զբաղեցնող երկուական ներկայացուցիչ, ստացվում է, որ մնացած Եվրոպայի համար ամենահեղինակավոր և ֆինանսապես շահեկան մրցաշարին մասնակցության ընդամենը 12 թափուր տեղ է մնում, ընդ որում, սովորական ստատիստի ի սկզբանե սահմանափակ դերով:
Նախընտրական փուլի մաղով Ռումինիայի, Սերբիայի և նույնիսկ ավելի բարեհաջող Նիդերլանդների ակումբների համար անցնելն ու հաջողության հասնելը՝ Չեմպիոնների լիգան հաղթելը, ակամա անիրական երազանք է դառնում: Եթե անգամ արաբ մի շեյխ գտնվի, ով կգնի ենթադրենք Բուխարեստի «Ստյաուան» և չի խնայի, նրա առջև Չեմպիոնների լիգան հաղթելու նպատակ կդնի, ինչպես 30 տարի առաջ, ոչինչ չի ստացվի: Քանի որ այդ ճարպկությունն արդեն մի քանի տարի է սահմանափակում է դեռևս Միշել Պլատինիի օրոք ընդունված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը, որի համաձայն, ակումբները չեն կարող ծախսել իրենց վաստակածից ավել գումար:
Իսկ մեծ գումարներ վաստակել, մասնակցելով ոչ հեղինակավոր առաջնության, որը հանդիսատեսի մոտ առանձնահատուկ հետաքրքրություն չի առաջացնում, գովազդատուի մոտ՝ նույնպես, հետևաբար նաև՝ հեռարձակման համար թանկ իրավունքներ (ժամանակակից ֆուտբոլում եկամտի հիմնական աղբյուր), հնարավոր չէ:
Հեռարձակման իրավունքների վաճառքի հաշվին վաստակվող գումարների տարբերությունը հասկանալու և հետևաբար տարբեր առաջնություններ ներկայացնող ակումբների հնարավորությունների մասին խոսելու համար բավական կլինի ասել, որ անգլիական պրեմիեր-լիգան այդ ցուցանիշով 1.4 մլրդ եվրոյի պայմանագիր ունի, իսկ, օրինակ, հոլանդական առաջնությունն այս հոդվածով 100 մլն է ընդամենը վաստակում, ռումինականն ու ռուսականը՝ 27 մլն, իսկ բուլղարականը՝ 4.5 մլն:
Բաց տեքստով կանոնների մեջ այս մասին ասված չէ, այնուամենայնիվ, այժմ հաղթել եվրոպական գլխավոր առաջնությունը ոչ հարուստները չեն կարողանա, ինչպես նաև մեծ և փառահեղ պատմությամբ, բայց միջակ առաջնությունների մասնակից ակումբները:
Սակայն կանոնները՝ կանոններ, բայց գնդակը, ինչպես կլոր եղել է, այնպես էլ մնում է: Այդ պատճառով էլ միգուցե «լեսթերներն» ու «ռոստովները» մեծ բարձունքների չհասնեն, սակայն միշտ կլինեն, որպեսզի ջոջերի կյանքն այդքան էլ անամպ չլինի:
«Միայն նայեք այս շիկացած տրանսֆերային շուկային: Ֆուտբոլը խելագարվել է, կորցրել իր հոգին: Այժմ սա բիզնես է: Ամեն ինչ պետք է անել արագ, արագ, արագ: Այսօր ոչ ոք համբերություն չունի:
Մյուս կողմից էլ սովորական կյանքում էլ է այնպես, ինչպես ֆուտբոլում: Եթե այս կամ այն պատճառով պատասխան չկա, արձագանքը սպասեցնել չի տալիս: Եվ դա սարսափելի է», — ասել է Հայնկեսը:
Հրապարակվել է 06.09.2016