Հարբեցողներ, մարմնավաճառներ ու դպրոցականներ
«Ստացվում է, որ մեր բյուջեի եկամտի հիմնական հոդվածները հարբեցողները, մարմնավաճառներն ու դպրոցականներն են», — կատակում է բլոգեր Ֆուադը, և նա այդքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ վերջին ժամանակներս բյուջեն լցնելու համար ադրբեջանկան պետությունը բազմաթիվ օրենքներ է ընդունել: Իսկ մի քանի օր առաջ հայտնվածները թեժ քննարկումների թեմա են դարձել:
1. Ամենաշատը քննարկվում է նոր օրենքը, որն արգելում է ալկոհոլային խմիչքներ գնել կանխիկ գումարով
Հունվարի մեկից ալկոհոլային խմիչք կանխիկով գնելու կամ վաճառելու համար (այսինքն՝ վաճառողին ու գնորդին) տուգանելու են 100 մանաթի չափով: Իսկ եթե գնված ապրանքի գինը գերազանցում է 50 մանաթը, գործարքի մասնակցին սպառնում է 1000 մանաթի տուգանքից մինչև մեկ տարի ազատազրկում:
Սոցկայքերում վրդովմունք է հնչում օրենքի կապակցությամբ, շատերը վստահ են որ օրենքի կիրառումն անհնար է: «Օրենքը կենսունակ չէ, որովհետև դրա իրագործումը դժվար կլինի վերահսկել, — ասում է քիմիկոս Թեյմուրը: — Պետք է ամեն կրպակի ու սրճարանի մոտ մի զույգ ոստիկան կանգնեցնել: Մարդիկ չեն հերիքի»:
Ոմանք կարծում են, որ օրենքը, եթե չաշխատեց, կչեղարկեն, մյուսները՝ որ հաճախորդներն ու վաճառողներն այն շրջանցելու ձևերը կգտնեն: «Լրացուցիչ գումարի դիմաց ես կարող եմ իմ քարտով վճարել ուրիշների գնած ալկոհոլի համար, — ասում է Թամիլլան, — կամ էլ հենց դրամարկղում քարտ կլինի, որից կհանվի այդ գումարը, իսկ հաճախորդներից կանխիկ կվերցնեն: Մի խոսքով ալկոհոլային խմիչքները կթանկանան»:
2. Քննարկման մեկ այլ թեմա էլ Վարչական իրավախախտումների օրենսգիրքն է, որում ավելացվել են մարմնավաճառությամբ զբաղվելու համար նախատեսված տուգանքները՝ 35-ից 40-100 մանաթ
«Նոր փոփոխությունների համաձայն, մարմնավաճառության համար տուգանքն ավելացել է համարյա եռակի, ահա և հակաճգնաժամային ծրագիր», — ասում է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:
3. Վարչական իրավախախտումների օրենսգրքում ևս մեկ լրացում է կատարվել՝ կտուգանվեն այն ծնողները, ում երեխաները դասերը բաց կթողնեն
Խոսքը գնում է 100 մանաթի տուգանքի մասին, եթե երեխան մեկ ամսում 7 օրից ավել բացակայի:
Ճիշտ է՝ վերաբերմունքն այս փոփոխություններին շատ տարբեր է: «Ինչ է, եթե երեխաս հիվանդանա ու տանը պառկի, ստացվում է, որ ամեն դեպքում պետք է վճարեմ՝ և բժշկին կանչի ու տեղեկանքի համար, և տուգանքը», — բողոքում է Թահմինան:
«Ես Թովուզի շրջանի գյուղերից մեկում մաթեմատիկա եմ դասավանդում, և մեզ մոտ ծնողների մեծ մասը աղջիկներին հանում է դպրոցից, հենց որ նրանք փոխադրվում են բարձր դասարաններ, — ասում է Վալեհը: — Ստացվում է, որ մեզ մոտ աղջիկները սովորում են մինչև 12 տարեկանը: Ես լավ եմ վերաբերվում նոր օրենքին պայմանով, որ այն կսկսի աշխատել»:
Բացի այդ, աշնանն ու դեկտեմբերին հայտնվեցին նոր օրենքներ, որոնք խստացնում են ցանկացած տեսակի պատասխանատվություն՝ ավելացվել են տուգանքներն ու ազատազրկման ժամկետները չթույլատրված հանրահավաքների ու «լրագրողների իրավունքների չարաշահման» համար: Աճել են նաև հարկերից խուսափելու համար տուգանքներն ու բարձրացվել առևտրի ու ծառայությունների ոլորտում գործող տուրքերը: Բացի այդ, վերջերս բնակարանների վաճառքի որոշ դեպքեր հարկվում են: Միաժամանակ իշխանամետ լրատվամիջոցները ակտիվորեն հորդորում են բնակիչներին վճարել հարկերը:
Ադրբեջանի եկամուտներն, ինչպես հայտնի է, շատ դեպքերում կախված են նավթի գներից: Այս տարի, երբ նավթի գինը կտրուկ անկում ապրեց, դա անդրադարձավ տնտեսության վրա՝ ազգային արժույթը 34%-ով արժեզրկվեց, աճեց գործազրկությունը (միայն բանկային ոլորտում ամենաքիչը ամեն տասներորդն աշխատանքը կորցրեց), ճգնաժամի մեջ են ավտոմեքենաների ու անշարժ գույքի շուկան, կրճատվեց ներկրումը: Իսկ հաջորդ տարվա պետբյուջեի պլանավորված եկամուտը նույնիսկ մանաթով հաշվարկի դեպքում մեկ քառորդով պակաս է այս տարվա եկամտային հատվածից, ընդ որում նավթի գինն ամրագրված է 50 դոլար 1 բարելի դիմաց, ինչը չի համապատասխանում ներկայիս ցուցանիշներին:
Բայցևայնպես, մի շարք տնտեսագետների կարծիքով, ոչ մի «տուգանային» միջոցներ չեն կարող էապես ազդել իրավիճակի վրա: