Հարավային Օսիայի հայտնի «հեղափոխական» Ալլա Ջիոևան
Հարավային Օսիան մոտենում է նախագահական ընտրությունների օրվան՝ ապրիլի 9-ին, ավելի ու ավելի նյարդային իրավիճակում: Սկանդալները, մեղադրանքները, ցույցերը հանրապետությունում նորմա են դարձել 2017թ-ի սկզբից:
Ընտրություններին մասնակցելու համար երեք թեկնածու է գրանցվել. գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, գործող խոսնակ Անատոլի Բիբիլովն ու տեղական Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը:
Բոլոր երեք թեկնածուներին բազմիցս մեջբերել է JAMnews-ն ու այլ լրատվամիջոցները: Նույնը վերաբերում է նաև նախկին նախագահ Էդուրադ Կոկոյտին, որը քաղաքականություն է վերադարձել և, չնայած նրան չեն գրանցել որպես նախագահի թեկնածու, բավականին ակտիվ է և ազդեցիկ որպես ընդդիմադիր ուժ:
Այս անգամ JAMnews-ն ընտրություններից առաջ Հարավային Օսիայի հայտնի քաղաքական գործիչ Ալլա Ջիոևային առաջարկել է մեկնաբանել իրավիճակը որպես Հարավային Օսիայի այսօրվա քաղաքական դաշտի ձևավորմանն ուղղակի առնչություն ունեցող մարդու:
Նրա մասին՝ հակիրճ.
Ալլա Ջիոևան Հարավային Օսիայի կրթության նախարար է եղել 2002թ-ից սկսած: Նա խստորեն քննադատում էր այն ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտիին, և 2008թին ազատվեց աշխատանքից: Միաժամանակ նրա դեմ քրեական գործ բացեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:
Ջիոևան ի պատասխան հայտարարեց, որ նրա դեմ սկսած գործընթացը քաղաքական է, այլ ոչ թե քրեական. և իր թեկնածությունն առաջադրեց 2011թ-ի ընտրություններում:
Ալլա Ջիոևան այն ժամանակ օրվա հերոս դարձավ՝ խոստանալով նոր տնտեսական և քաղաքական ապագա հանրապետությանն ու Մոսկվայից ավելի պակաս կախվածություն:
Նրա հիմնական մրցակիցն ընտրություններում ներկայիս խոսնակ և նախագահի թեկնածու Անատոլի Բիբիլովն էր:
2011թ-ի նոյեմբերի 27-ին Ալլա Ջիոևան հաղթանակ տարավ ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 52%-ը: Նա նույնիսկ ԿԸՀ-ի արձանագրությունն է ստացել, որը հաստատում էր նրա հաղթանակը:
Սակայն դրան հետևեց Հարավային Օսիայի Գերագույն դատարան ներկայացրած հայցը, որը խախտում էր գտել ընտրությունների գործընթացում և չեղարկել արդյունքները: Ի պատասխան Ջիոևան իրեն նախագահ հռչակեց, Պետական խորհուրդ ձևավորեց և իր երդմնակալության օրը նշանակեց 2011թ-ի փետրվարի 10-ին:
Սակայն ոստիկանության հատուկ ջոկատը նախօրեին նրա նախընտրական շտաբի գրոհ կազմակերպեց՝ փորձելով ուժով Ալլա Ջիոևային հարցաքննության տանել գլխավոր դատախազություն: Արդյունքում նրա մոտ գերճնշումային կրիզ եղավ, նա գիտակցությունը կորցրեց, և նրան հիվանդանոց տարան դատախազության փոխարեն: Այնտեղ նրա մոտ ողջ մարմնի վրա կապտուկներ և վնասվածքներ գրանցեցին:
Այդ իրադարձությունները «Ձյան հեղափոխություն» անվանումը ստացան. այդ օրերին Հարավային Օսիայում աննախադեպ շատ ձյուն էր տեղացել:
Մեկ տարի անց՝ 2012թ-ի մայիսին, Ալլա Ջիոևային նշանակեցին Հարավային Օսիայի փոխվարչապետի պաշտոնում, և նա պետք է սոցիալական ոլորտը համակարգեր: 2014թ-ին նա հեռացավ այդ պաշտոնից:
Ալլա Ջիոևան ղեկավարում է «Օսիա – Ազատության հրապարակ» կուսակցությունը և մտադիր է ակտիվ քաղաքականություն վերադառնալ: «Մեր կուսակցությունն իր ժողովրդին ասելու բան կունենա», — ասում է Ջիոևան:
Why has the state budget been re-examined in Azerbaijan and what has changed?