«Հանրային կարծիք է նախապատրաստվում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համար»
Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին
Ադրբեջանի վարչապետը հյուրի կարգավիճակով մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնականը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի մեկնելուց հրաժարվելուն։ Փորձագետներն ասում են՝ Ադրբեջանում հասարակական կարծիք է նախապատրաստվում երկրի՝ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար։
Օգոստոսի 26-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացել է Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Հանդիպմանը որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Հաջորդ օրը Շուշիում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննադատեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձած քաղաքում միջազգային համաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար:
Փորձագետների կարծիքով՝ այս երկու իրադարձությունները պատահական չեն հաջորդել իրար։
«Հասարակական կարծիք է նախապատրաստվում»
Ակտիվիստ Բախտիյար Հաջիևը կարծում է, որ Շուշի մեկնելուց հրաժարվելը չպետք է դիտարկվի որպես դեսպանների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
«Ներկայումս Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների պաշտոնները պասիվ են։ Ավարտվել է դիվանագիտական առաքելությունների ժամկետը, նոր դեսպանները դեռևս չեն սկսել աշխատանքը»։
Հաջիևը հիշեցրել է Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակի տեքստը.
«Այդ նամակում Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասել է, որ երկրի անկախության առաջին իսկ օրից ԱՄՆ-ն եղել է այն պետություններից մեկը, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ակտիվիստի խոսքով՝ պատահական չէ, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հասցեին հնչող քննադատությունների և ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի վարչապետի մասնակցության օրերը համընկել են.
«Կարծում եմ, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ պատրաստվում է որոշակի շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան, և հասարակական կարծիք է նախապատրաստվում դրա համար։ Հասարակության մեջ ձևավորվում է հակաարևմտյան կարծիք, որից հետո տեղի կունենա ինտեգրում Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը»։
«Հնարավոր է՝ Ադրբեջանի դրոշը բարձրացվի նաև Խանքենդիում»
Քաղաքական մեկնաբան Ազեր Գասիմլիի դիտարկմամբ՝ ինչ-որ իմաստով Ադրբեջանի իշխանությունները երկիրը նախապատրաստում են հետպուտինյան շրջանին։
«Այդ ժամանակաշրջանի համար արտաքին քաղաքականության նոր ռազմավարություն է մշակվում։ Այդ ռազմավարությունը պարունակում է Թուրանի, թուրքիզմի, Մեծ Ադրբեջանի գաղափարները։ Էրդողանի հետ նման մերձեցումը կարելի է բացատրել այդ գործոններով։ Ղազախստանի նախագահի այցը Բաքու, Իլհամ Ալիևի այցը Ուզբեկստան, Թուրանի թեմայի առաջմղումը իշխանամետ լրատվամիջոցներում։
Բայց այստեղ կա նաև որոշակի ռիսկ։ Եթե հաջորդ տարի Էրդողանին չհաջողվի վերընտրվել նախագահի պաշտոնում [2023 թվականի հունիսին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ], այս ամբողջ նախապատրաստությունը ոչ մեկին օգուտ չի բերի։
Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ուղղված քննադատությունը բացատրվում է ինչպես դրանով, այնպես էլ Արևմուտքին ինտեգրվելու թեմայից ազատվելու մտադրությամբ.
«Մյուս կողմից, Ալիևն ու Պուտինը հավանաբար ունեն որոշակի պայմանավորվածություններ։ Դրանց լույսի ներքո հնարավոր է Խանքենդիում (հայերն այս քաղաքն անվանում են Ստեփանակերտ) Ադրբեջանի ազգային դրոշի բարձրացում և Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի ներկայություն։ Բայց խոսքն այն մասին չէ, որ ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առնելու Խանքենդին։ Սրա դիմաց ռուսական խաղաղապահ զորախմբին Ադրբեջանի տարածքում ռազմակայանի կարգավիճակ կտրվի, հնարավոր է՝ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ»։
«Արևմուտքին ուղղված քննադատության աճը պատահականություն չէր»
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության առաջնորդ Գուբադ Իբադօղլուն, ոչը բնակվում է Լոնդոնում, հայտարարել է, որ ներկայումս ընթացող գործընթացները երկիրը տանում են սխալ ճանապարհով։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը ներկայացվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին և դրական արձագանքել սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ անցկացվելիք զորավարժություններին ադրբեջանական զինուժի մասնակցության հրավերին, Արևմուտքին ուղղված քննադատության աճը պատահականություն չէր։
Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ Կոնգրեսում երբեք ներկայացված չեն եղել այդքան շատ մարդիկ, որոնք սերտ կապեր ունեն հայկական սփյուռքի հետ և մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշումների վրա։ Նրանք շահագրգռված են Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների վատթարացմամբ, նրանով, որ Ադրբեջանը մնա Ռուսաստանի հետ։ Այդ իսկ պատճառով պետք չէ սխալներ թույլ տալ։
Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանի կողքին զարգացման հեռանկար չկա, հետևաբար պետք չէ հանուն իշխանությունների ներկայիս շահերի զոհաբերել պետության ռազմավարական շահերը, սա մեզ վրա կարող է թանկ նստել։
Այդ իսկ պատճառով չի կարելի անտարբեր մնալ վերջին օրերին տեղի ունեցողի նկատմամբ, պետք է ժողովրդին ասել ճշմարտությունը, թեկուզ դառը, բայց տեղեկացնել բնակչությանը»,- գրել է Իբադօղլուն սոցցանցի իր էջում։
Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին