Հանուն կոնսեսուսի
Ամիսներ շարունակ քննարկվող, առճակատվող և բոցաշունչ ելույթների հիմք հանդիսացող Ընտրական օրենսգիրքն այլևս իրողություն է, հոկտեմբերի վերջին Ազգային ժողովը կոնսեսուսով ընդունեց այն, ինչը Հայաստանի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թևի ներկայացուցիչները պատմական համարեցին:
Հայաստանյան քաղաքական դաշտը 2016-ի մարտից աշխատում էր Ընտրական օրենսգրքի բարեփոխման վրա «4+4+4» ձևաչաով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության 4-ական ներկայացուցիչների ներգրավվածությամբ: Բարեփոխման անհրաժեշտությունը բխում էր հանրաքվեի արդյունքում փոփոխված Սահմանադրությունից:
Ընդիիմությունը պահանջեց, իսկ իշխանությունն էլ մասնակիորեն կամ ամբոջղությամբ բավարարեց ընդդիմության այն առաջարկները, որոնք աչալուրջ ու խելամիտ համարեց:
Ընտրական օրենսգրքի ընդունումն առանցքային էր ոչ միայն Հայաստանի ներքաղաքական դաշտի, այլ նաև եվրոպական մի շարք կառույցների համար, մասնավորպես ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի:
Եվրոպացի փորձագետները ողջունել էին այն փոփոխոթյուններն ու նորամուծությունները, որ տեղ էին գտել նախագծում: Սակայն իրենք էլ որոշակի նկատառումներ էին առաջարկել: Խոսքն մասնավորապես վերաբերում էր ընտրողների արդեն իսկ ստոարգրված ցուցակների հրապարակմանը: Ըստ Վենետիկի հանձաժողովի, դա խախտում է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ուստի՝ եվրոպացիները հորդորում էին վերանայել այս դրույթը:
Սակայն ընդդիմության հետ պատմական կոնսեսուսի գնալու համար իշխանությունը շրջանցեց եվրոպացիների կարծիքը՝ թույլ տալով, որ ընտրողների ստորագրված ցուցակները հասանելի դառնան բոլորին:
Իշխանության մոտեցումը
Իշխող Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Մկրտչյանը ցուցակների հրապարակմանն ի սկզբանե դեմ է եղել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է.
«Այո, սա, ըստ էության, ընտրության գաղտնիության մաս է համարվում: Հիմա դա Վենետիկն է ասում, թե մեկ այլ կառույց, էական չէ: Կարևորն այն է, որ մասնակցելու կամ չմասնակցելու դրույթը ևս գաղտնիք է, որովհետև դա անհատի իրավունքն է՝ ուզո՞ւմ է հրապարակվի, թե՞ ոչ: Այս հարցում խնդիր չէի տեսնի այն դեպքում, եթե դա սահմանված լիներ՝ որպես պարտականություն: Բայց հիմա մենք քաղաքական համաձայնության արդյուքնում եկանք մեկ ընդհանուր հայտարարի, որ ցուցակները հրապարկվում են:
Վենետիկի ասածներն ունեն խորհրդրատվական բնույթ, և եթե քաղաքական փոխհամաձայնության արդյուքնում մենք ցուցակները հրապարկում ենք, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում այստեղ: Եվ ես ողջունում եմ մեր քաղաքական կամքը, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքի՝ կարողացանք ընդհանուր հայտարարի գալ: Ընդդիմությունը տևական ժամանակ ծանրացել էր սրա վրա, ու եթե սա ընդդիմության համար այդքան կարևոր նորմ էր, ապա մենք տալիս ենք նրանց այդ նորմը: Չնայած համոզված եմ, որ առանց այդ նորմի էլ ընտրությունը շատ թափանցիկ ու մաքուր է ընթանալու»:
Ընդդիմության մոտեցումը
Ստորագրված ցուցակները հրապարակային դարձան ոչ թե իշխանության բարի կամքի դրսևորման արդյուքնում, այլ քաղաքական ակտիվ երկխոսության և աշխատանքի շնորհիվ: Այս կարծիքին է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը.
«Այնպես չէ, թե իրենք գնացին աննախադեպ հերոսության և ի հեճուկս Վենետիկի հանձնաժոովի ներառեցին այս դրույթը: Ոչ: Ես ինքս անձամբ Ստրասբուրգում խոսել եմ հանձնաժողովի փորձագետների հետ, և, գլոբալ առումով, չփոխելով իրենց տեսակետն ընտրացուցակների հետ կապված՝ հանձնաժողովականներն որևէ առարկություն չունեն, որ ԸՕ-ում ընտրացուցակների դրույթն ամրագրվի:
Իրենց ձևակերպումն այսպիսին է՝ մենք չենք ողջունում, բայց եթե ձեր ընտրական մշակույթը թելադրում է, ենթադրում է դրա ահնհրաժեշտությունը, ապա մենք այստեղ որևէ վերապահում չունենք: Այնպես որ՝ ես վստահ եմ, որ որևէ ընտրությունների ժամանակ այդ հարցը որևէ խնդիր բնականաբար չի կարող հարուցել, քանզի իրենք շատ լավ տեղյակ են (մասնավորապես և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը) հայաստանյան ընտրությունների բոլոր նրբերանգներին:
Մենք կարող ենք ունենալ ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքը, բայց եթե իշխանությունը չունի համապատասխան քաղաքական կամք, իշխանությունն էլի ամեն ինչ անելու է իր վերարտադրությունն ապահովելու համար»:
Քաղաքացիական հասարակության մոտեցումը
«4+4+4» ձևաչափի վերջին քննարկումներին չմասնակցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանին ստորագրված ցուցակների հրպարակայնությունն ապշեցնող հարցականների, այլ ոչ թե ուրախանալու առիթ է տվել: Տիկին Տիգրանյանը նշում է, թե սկզբում էյֆորիկ վիճակ էր իրենց մոտ, որ իշխանությունները նման ընդառաջ քայլ են կատարել, ինչից էլ հարց է առաջել՝ ինչո՞ւ հանկարծ անտեսվեց հեղինակավոր կառույցի տեսակետը.
«Կասկած չկար, որ ցուցակների հրապարակմանը հակընդեմ մեկ այլ քայլ կար իշխանության ռեզերվում: Եվ պարզվեց, որ դա ուրիշի փոխարեն քվարկության դեպքերի քրեականցումն էր, ինչին, միանշանակ, մենք դեմ ենք արտահայտվել: Եթե ուրիշի փոխարեն քվարկության դեպքերի մասին սուտ հաղորդումները քրեականցվում են, ապա դրանից հետո որևէ մեկը չի համարձակվի, կամ ծայրահեղ զգուշավոր կլինի, նման դեպքերի մասին հաղորդում տալ»:
Փորձագետը կարծիքով, ընտրողի անհատական տվյալների հրապարկումը և հանրայնացումը ո՛չ մեր լավ կյանքից է, ո՛չ էլ լավ պրակտիկայից: Դա վստահության պակասի հետևանք է: Եվ եթե եվրոպական երկրների համար ոչ ողջամիտ կարող է համարվել ընտրողների անձնական տվյալների հրապարկումը՝ ընտրական գործընթաց ապահովելու համար, ապա Հայաստանի համար սա միակ տարբերակն է, ինչի արդյունքում վերահսկելի կլինեն ընտրության արդյունքները: Ասել է թե՝ պետության համար գերակա է ոչ թե իր քաղաքացու, ընտրողի, այլ՝ ընտրական շահը:
Փորձագետի կարծիքը
Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով, եթե Եվրոպայում ստորագարված ցուցակների հանրայնացումը կարող է դիտվել որպես վերահսկողություն՝ անձը եկե՞լ է ընտրության, թե՞ ոչ, ապա Հայաստանի պարագայում դա բոլորովին այլ էֆեկտն է ունենալու.
«Ես կարծում եմ, որ սա օգտակար գործիք է: Ցուցակների հրապարակման հարցը հատկապես վերջին 10 տարիներին, մշտապես արդիական է եղել, բայց իշխանությունները մերժում էին դա՝ որպես պատրվակ մեջբերելով միջազգային որոշ կառույցների մոտեցումները: Եթե մենք Շվեյցարիա լինենք, այդ ժամանակ կարող էինք Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջարկվող նրբություններն էլ հաշվի առնել: Ես կարծում եմ, որ հիմա մեզ մոտ դոմինանտ է ընտրական գործընթացները թափանցիկ դարձնելը, որպեսզի մենք կարողանանք վստահություն ձևավորվել այդ գործընթանցի նկատմամբ»:
Հրապարակվել է՝ 08.11.2016