«Որոշվում է նաև Հայաստանի ապագան»․ հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին
Հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին
«Թբիլիսիի փողոցներում որոշվում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի ապագան»,- կարծում է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի ժողովրդավարական ապագան անհնար է առանց Վրաստանի համանման ապագայի, քանի որ հենց Վրաստանն է աշխարհագրական, տնտեսական, քաղաքական և մի շարք այլ հարթություններում երկիրն Արևմուտքի հետ կապող «հիմնական օղակը»։
Մի քանի օր է, ինչ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում։ Պատճառն այն է, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այն ենթադրում է, որ «օտարերկրյա գործակալ» կարող են ճանաչվել երկրում գործող այն ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման 20 և ավելի տոկոսն արտերկրից է։
Ակցիաների ճնշման ներքո իշխող ուժը երեկ հայտարարեց օրենքի նախագծի հետկանչման մասին։ Այս նյութի հրապարակումից րոպեներ առաջ հաղորդվեց, որ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել ու մերժել է այն։
Հայ քաղաքագետի կարծիքը Վրաստանում ընթացող գործընթացների մասին
Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Վրաստանի օլիգարխիան՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ մինչև վերջերս փորձում էր երկու ուղղությամբ խաղալ՝ բավարարել երկրի արևմտամետ հասարակության պահանջները, բայց նաև «կուշտ» պահել Ռուսաստանին։ Սա, ըստ նրա, պայմանավորված էր ոչ միայն վախերով, այլև «բավականին ծանրակշիռ բիզնես հետաքրքրություններով»։
«Խնդիրն արդեն իսկ ձեռք է բերում երկու շերտ. նախ՝ Ռուսաստանին գոհացնել փորձող օլիգարխիայի փորձերը, և երկրորդ՝ ինքնին օլիգարխիայի առկայությունն ու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա»,- «Մեդիալաբ»-ում հրապարակված հոդվածում գրում է Քոչինյանը։
Նրա խոսքով՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը կնշանակի լուրջ հետքայլ «ժողովրդավարական, ազատական ու օրինական Վրաստանի» տեսլականից, ինչպես նաև եվրաատլանտյան ինտեգրացիայից։
«Ժողովրդավարական հետընթացը այս օրենքի ընդունման գործընթացի հետ զուգահեռ մտնում է վճռական փուլ։ Այժմ ամբողջապես Վրաստանի հասարակության դիմադրողունակությունից է կախված լինելու ժողովրդավարական ու արևմտյան Վրաստանի ապագան»,- նկատել է նա։
Ինչո՞վ է գործընթացը կարևոր Հայաստանի համար
Քոչինյանի խոսքով՝ վրացիներն այժմ պայքարում են ազատության համար։ Նկատում է՝ եթե Վրաստանը չունենա ժողովրդավարական ապագա, անհնար կլինի նման ապագա պատկերացնել նաև Հայաստանի համար։
«Արևմուտքը չի կարող լուսնից կապվել Հայաստանի հետ, Հայաստանն էլ չի կարող ավտորիտարիզմի ու անախրոնիզմի այս ծովի մեջ լինել ինքնաբավ, մոդեռն ժողովրդավարական պետություն»,- ընդգծել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ եվրասիական (ռուսական) ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում անհնար է կառուցել և պահել «կայուն ու կայացած ժողովրդավարական համակարգ»։
Ասում է՝ Հայաստանի ժողովրդավարական ապագան ուղիղ կապ ունի արևմտյան ինտեգրացիայի հետ, ուստի «անհրաժեշտ պայման» են ժողովրդավարությունն ու արևմտյան ինտեգրացիան Վրաստանում։
«Անհրաժեշտ, բայց ոչ բավարար։ Անհրաժեշտ այնքան, որ առանց դրա պարզապես անիմաստ է խոսել Հայաստանի նշված ապագայի մասին»,- շեշտել է Քոչինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին