«Բաքուն կփորձի հայերին պահել ԼՂ-ում՝ որպես թանգարանային նմուշ»․ կարծիք
Հայ քաղաքագետը՝ Բաքվի նպատակների մասին
«Բաքուն կփորձի հայերին պահել Լեռնային Ղարաբաղում՝ որպես թանգարանային նմուշ, որպեսզի աշխարհին ցույց տա, թե հայերն այստեղ ապրում են, խնդիրներ չունեն»,- կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Դժվարանում է ասել՝ քանի հայ կշարունակի ապրել ԼՂ-ում, բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանը կբնակեցնի նախկին հայաբնակ հատվածները և «10 տարի հետո անիմաստ կլինի խոսել հայկական տարրի մասին»։
Ռազմական գործողություններից հետո Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների հանդիպումներում, ըստ նրա, քննարկվում է տարբերակ, որ լինի «անցումային կառավարում նախքան ամբողջական ինտեգրումը»։ Ասում է՝ Ադրբեջանն ուզում է գործընթացն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր, քանի որ այդ ժամանակ երկրում համապետական ընտրություններ են կայանալու։
Civilnet-ի հետ զրույցում Գրիգորյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, Հայաստանի պատասխանատվությանը, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ դերակատարությանը։
Հարցազրույցի կարևորագույն դրվագները։
«Հայաստանը փոքր զիջումներով հող էր նախապատրաստում այս իրավիճակի համար»
Փորձագետի խոսքով՝ նման արդյունքն արդեն իսկ ակնհայտ էր, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց «նշաձողն իջեցնելու մասին», իսկ միջազգային դերակատարները սկսեցին խոսել միայն «ինչ-որ իրավունքների և անվտանգության մասին»։
Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ իր անհետևողական քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունները զրոյացրին առկա բոլոր հնարավորությունները․
«Պարզ էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո բանակցային բովանդակությունը չէր կարող չփոխվել, նոր ստատուս քվոն պետք է արտացոլվեր նաև բանակցային սեղանին։ Բայց առնվազն ինչ-որ սկզբունքներ, դետալներ պետք է պահպանվեին»։
Արցախի նախագահի ընտրությունը «գրգռիչ գործոն» էր
«Այս էսկալացիան սպասվում էր ավելի շուտ, երբ Ղարաբաղում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Այդ ընտրություններից առաջ Ադրբեջանը փակ խողովակներով հստակ սպառնալիք էր հնչեցրել»»,- բացատրում է քաղաքագետը։
Ասում է՝ Ադրբեջանը 2023 թ․-ի ապրիլից տարբեր փակ քննարկումների ժամանակ խոսել է «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին, «Արցախում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներն առնվազն արագացրել են գործընթացը»։
«Ռուսաստանի կողմից կանաչ լույս էին ստացել»
Այն ստանալու գինն, ըստ փորձագետի, ռուս խաղաղապահների ներկայությունն է գետնի վրա։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում ադրբեջանական կողմն ընդգծում էր խաղաղապահների «ժամակավոր տեղակայված լինելու» հանգամանքը, ապա «հակաահաբեկչական գործողությունից» հետո հռետորաբանությունը կտրուկ փոխվել է։
«[Ադրնեջանի նախագահի օգնական] Հիքմեթ Հաջիևը խոսում է այն մասին, որ խաղաղապահները տեղակայված են մինչև 2025 թ․, նրանց տեղակայումը կարող է նույնիսկ երկարաձգվել»,- ասում է նա։
Մյուս կողմից նկատում է՝ ակտիվացել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները։ Գրիգորյանի խոսքով՝ եթե Մոսկվային հաջողվի հասնել այդ ճանապարհի, երկաթգծի վրա ռուսական ներկայության, ոչինչ չի կորցնի նույնիսկ այն դեպքում, եթե խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից։
«Եթե Ռուսաստանն ունենա վերահսկողություն այդ կարևոր կապուղու նկատմամբ, մեծ հաշվով կկարողանանս նաև պահպանել վերահսկողությունը թե Ադրբեջանի, թե Հայաստանի նկատմամբ»,- արձանագրել է նա։
Ո՞ւմ ուսերին է «պատասխանատվության առյուծի բաժինը»
Ըստ Գրիգորյանի՝ Ստեփանակերտում տեղի են ունեցել «խայտառակ» գործընթացներ, հատկապես՝ ներքաղաքական։ Ասում է՝ առավելապաշտական կարմիր գծեր էին սահմանվում, որոնք հետագայում շատ արագ խախտվում էին։ Սակայն շեշտում է՝ թեև Հայաստանում կա միտում բոլոր գործընթացների մեղքը բարդել Ստեփանակերտի վրա, սակայն «պատասխանատվության առյուծի բաժինը» Հայաստանի իշխանությունների վրա է․
«Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանն ինչ-որ մի փուլում պարզապես մի կողմ գնաց, դիստանցավորվեց այս հարցից, փորձեց ցույց տալ, թե «մենք կապ չունենք» էս խնդրի հետ»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ձևավորվել էր Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունի, սակայն Երևանն իրեն դուրս մղեց գործընթացից և այն մտցրեց «ռուս-ադրբեջանական, կարելի է ասել՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունների դաշտ»։
«Բաքուն հատեց ԱՄՆ կարմիր գծերը, սակայն պատժամիջոցներ չկան»
Ասում է՝ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում իրականացրեց, սակայն միջազգային հանրության կողմից եղավ «զրո արձագանք»։ Միևնույն ժամանակ արձանագրում՝ ունեին նաև տեղի ունեցածը կանխելու հնարավորություն, քանի որ Ադրբեջանն այդ մասին ուղիղ տեքստով էր հայտարարում, նույնիսկ այդ գործողությունը նախապատրաստող այցեր էին տեղի ունենում։
«Օրինակ՝ Ադրբեջանի արտաքին քաղքականության մեջ բավականին ծանրակշիռ դեր ունեցող գործիչներից Էլչին Ամիրբեկովը շրջագայել էր Եվրոպայում։ Իմ գործընկեր եվրոպացի փորձագետները հայտնում էին՝ ինքը հենց այդ նպատակով էր եկել, զգուշացնում, բացատրում էր, թե ինչու է անհրաժեշտ նման գործողություն իրականացնել»,- պատմել է նա։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հատել է ԱՄՆ կարմիր գծերը, էթնիկ զտման և էսկալացիայի դիմել, սակայն փակ հանդիպումների ժամանակ պատժամիջոցների մասին խոսքերն այդպես էլ իրականություն չեն դարձել։
«ԱՄՆ-ն ֆետիշացրել էր խաղաղության պայմանագիրը»
Ընդգծում է՝ Նահանգներից անընդհատ խոսում էին պայմանագիր կնքելու «պատմական հնարավորության մասին»։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ Վաշինգտոնը հաշվի էր առնում՝
- ՌԴ դերի նվազումը տարածաշրջանում,
- Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, որը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ։
«Օրինակ՝ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն նույնիսկ ճնշում էր գործադրում այլ դերակատարների վրա, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ում բանաձև չընդունվի, ևս այս գործընթացի մասն էր»,- նկատել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ շտապում էին, փորձում գործընթացն ավարտին հասցնել և «քաղաքական արդյունք» արձանագրել նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը։
Ներկա պահին, ըստ նրա, ԼՂ հարցը տեղափոխվել է հումանիտար հարթություն։ Նահանգները փորձում է ցույց տալ, որ մարդասիրական հարցերում կարող է օգնել, բայց «այլ հարցերով՝ դժվար թե»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ քաղաքագետը՝ Բաքվի նպատակների մասին