«Բաքվի նպատակը ՀՀ-ն Ադրբեջանին ենթարկեցնելն է»․ կարծիքներ Երևանից
Հայ փորձագետները՝ Հաջիևի հարցազրույցի մասին
Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում․ գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում խաղաղության պայմանագրի ստորագրման Բաքվի նախապայմաններն է կրկնել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա պնդել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, թե ՀՀ-ի մայր օրենքում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան» և հայտարարել, որ «հայ ժողովուրդը պետք է վերջ դնի դրանց»։
«Կարևոր է ծայրաստիճան զգոն լինել հայկական հանրության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ։ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի սեփական հանրությանը: Հավատում եմ, որ այդ երկրի Սահմանադրության փոփոխությունները կդառնան կարևոր քայլ նման գործընթացների դադարեցման ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևի խորհրդականը։
Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբին և հայտարարել՝ այն «պետք է հանձնվի պատմության արխիվին»։
Հայ փորձագետների կարծիքով՝ Ալիևի օգնականի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն չունի Հայաստանի հետ որևէ հարցում համաձայնության հասնելու նպատակ։ Շեշտում են՝ գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակն է «վերահսկել ՀՀ-ի ներքին օրակարգն ու խաղաղության պայմանագիրը վերածել կապիտուլյացիայի»։
- «ՀՀ-ով անցնող ճանապարհը լինելու է այլընտրանք, ոչ թե հիմնական երթուղի»․ կարծիք
- «Եթե բացվի միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա»․ կարծիք
- «ՀՀ-ի ճանապարհների արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ-ն»․ Փաշինյան
- «Տանգոն մենակ չեն պարում». ինչու՞ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը
Էլ ի՞նչ է հայտարարել Հիքմեթ Հաջիևը
Հաջիևը շեշտել է՝ հայ-ադրբեջանական բանակցություններում փոխհատուցումների հարց չի քննարկվում, բայց նաև հավելել՝ Բաքուն իրականացնում է «Ադրբեջանին հասցված վնասի» գնահատում․
«Համաձայն այդ գնահատականի՝ մեր երկրին հասցված ընդհանուր վնասը մոտենում է 150 միլիարդ դոլարին»։
Ալիևի օգնականը վստահեցրել է՝ տարածաշրջանում խաղաղություն է տիրում, Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում այլևս չկան ռազմական բախումներ կամ լարվածություն։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտմանն ու ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանությանը՝ Հաջիևը պնդել է՝ հեռանալը եղել է նրանց «սեփական որոշումը»։ Մինչդեռ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները (Human Rights Watch, Amnesty International) գտնում են, որ հայերն այլընտրանք չունեին։
«Նախ՝ մենք հայերին չենք վտարել Ղարաբաղից։ Երկրորդ՝ Ադրբեջանը պատրաստել է բավականին համապարփակ վերաինտեգրման ծրագիր, բայց հայերը մերժել են այն»,- նկատել է նա։
«Վերաինտեգրման ծրագիրը» ԼՂ-ի հայերին առաջարկվել է Արցախի հայաթափումից հետո միայն։ Ալիևի վարչակազմն այդ փաստաթղթով խոստանում էր պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստացող հայերի իրավունքները, մասնավորապես՝ թույլ տալ կիրառել մայրենի լեզուն, ապահովել կրոնական ազատությունը, պահպանել մշակութային, կրոնական հուշարձանները։
Հայերի՝ ԼՂ վերադառնալու մասին հարցին Հաջիևը կոնկրետ պատասխան չի տվել։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն իրականում մանիպուլացնում է: Ռևանշիզմը ծնվում է ոչ թե Հայաստանի Սահմանադրությունից, այլ հետևյալից՝
- 2020 թ․-ի պատերազմ, հազարավոր զոհեր ու գերիներ,
- Հայաստանի տարածքների օկուպացիա,
- Արցախի հայաթափում 2023 թ․-ին,
- Ադրբեջանի մշտական սպառնալիքներ և ուժի կիրառում։
Հաջիևի պահանջը պարզապես քաղաքական ճնշում է, որի նպատակն է Հայաստանի ներքին օրակարգը վերահսկել և խաղաղության պայմանագիրը վերածել կապիտուլյացիայի։
Պատահական չէ, որ նույն հարցազրույցում Հաջիևն ասում է. «Մենք ցանկանում ենք այս խաղաղության համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Երևանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են հայերը փոխում Սահմանադրությունը և պաշտոնապես հրաժարվում մեր տարածքի նկատմամբ իրենց պահանջներից»:
Ես բազմաթիվ անգամներ արտահայտել եմ իմ դիրքորոշումն այն առթիվ, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է արգելի քաղաքական այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում արտահայտված են տարածքային պահանջներ այլ երկրների նկատմամբ: Սակայն դա պետք է լինի ոչ թե Ադրբեջանի պահանջի, այլ մեր հանրային ու քաղաքական կոնսենսուսի արդյունքում, որը որևէ կապ չունի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Հաջիևի՝ հաղորդակցությունների բացման մասին արձանագրումներին․
«Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային և ամերիկյան ընկերության շուրջ խոսակցությանը՝ Հաջիևը հարցազրույցում անում է հետևյալ հայտարարությունը։
«Արդյո՞ք նրանք [Հայաստանը] համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, դա նրանց գործն է։ Իսկ մինչ այդ մենք զբաղված ենք մերով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։
Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք միասին զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,- ասում է Հաջիևը:
Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ ցամաքային կապի համար ՀՀ-ից արտատարածքային միջանցք է պահանջում։ Հայկական կողմը պնդում է՝ պատրաստ է տրամադրել ճանապարհներ, սակայն հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության։
Այս կապակցությամբ Վաշինգտոնն առաջարկել էր կապուղիի վերահսկումը հանձնել մասնավոր ամերիկյան ընկերության։ Նշվում էր, որ ձեռքբերվող համաձայնությունների իրականացումը «կերաշխավորվի ամերիկյան բիզնեսի և ամերիկյան օգուտի շնորհիվ»: Առաջարկի մանրամասները, սակայն, հայտնի չեն։
Հարց է առաջանում, թե ինչի՞ն պետք է պատրաստ լինի Հայաստանը: Չէ՞ որ Երևանը հայտարարում է, որ պատրաստ է ապաշրջափակման՝ տարածքային ամբողջության ու սուվերենության սկզբունքի լիակատար ապահովմամբ: Էլ ինչի՞ն պատրաստ լինել է ակնկալում Ադրբեջանը:
Միթե՞ Վրաստանի, Ռուսաստանի կամ Իրանի հետ Բաքուն իր տրանսպորտային կապերը զարգացնում է որևէ այլ սկզբունքով: Իհարկե, ոչ: Համենայն դեպս այդ մասին չկա որևէ խոսակցություն:
Չի քննարկվում Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի հետ հաղորդակցության, տրանսպորտային կապի և ոչ մի հատուկ ռեժիմ: Ուրեմն ինչու՞ է այդ հարցն առաջանում Հայաստանի դեպքում: Ինչու՞ Ադրբեջանը նույն սկզբունքով չի պատրաստվում գալ համաձայնության ապաշրջափակման հարցում ՀՀ-ի հետ:
Չի՞ վստահում Հայաստանին: Շատ լավ: Թող գա ապաշրջափակման շուրջ համաձայնության, թող իր տարածքով ու Հայաստանով անցնեն այլ երկրների բեռներ, իսկ ինքն իր բեռները թող շարունակի տեղափոխել իր համար վստահելի ճանապարհներով: Ո՞րն է խնդիրը:
Իսկ խնդիրը այն է, որ Ադրբեջանը բացարձակապես չունի ՀՀ-ի հետ տրանսպորտային հաղորդակցության հարցում և ընդհանրապես որևէ հարցում համաձայնության գալու նպատակ:
Ադրբեջանի համար այդպիսի ցանկացած թեմա ենթակա է մեկ՝ գլխավոր նպատակի: Այն է՝ Հայաստանի լիակատար ենթարկեցում Ադրբեջանի պետական ռազմավարական պատկերացումներին և ուղենիշներին: Մնացած ամեն ինչ ծառայեցվում է այդ նպատակին:
Սա ի գիտություն Հայաստանում այն միամիտ պատկերացումների, թե հնարավոր է Ադրբեջանի հետ կառուցել «ընդհանուր կովկասյան տուն»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ փորձագետները՝ Հաջիևի հարցազրույցի մասին