«Կրեմլը փորձում է լուծել ինչպես Վրաստանի, այնպես էլ ՀՀ հարցը»․ հայ փորձագետ
Հայ փորձագետը՝ Վրաստանի ընտրությունների մասին
Հոկտեմբերի 26-ին հարևան Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։ Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը բնակվում է Վրաստանում։ Նա նշում է, որ Մոսկվան այդ ընտրություններում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։
«Կրեմլը իր ներկայացուցիչների՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա քաղաքական խմբի համար աջակցություն է պատրաստում։ Եվ հասկանալի է՝ ինչն է նպատակը։ Իվանիշվիլիի միջոցով Կրեմլը փորձում է լուծել երկու պետության ՝ Հայաստանի և Վրաստանի եվրոպական ապագայի հարցը»,- հայտարարում է Թումասյանը։
Factor TV-ի եթերում փորձագետը նշել է, որ այդ նպատակին հասնելուց հետո Մոսկվան ակտիվորեն կշարժվի Բաքվի հետ միասին Երևանին արտատարածքային միջանցք (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք») պարտադրելու ճանապարհով։ Կարծում է՝ գործ ունենք զուգահեռ գործընթացների հետ։
Գիորգի Թումասյանի կարծիքը՝ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ՌԴ դերի, ՀՀ համար հնարավոր հետևանքների և հայատյացության դրսևորումների մասին
Գիորգի Թումասյանի մեկնաբանությունը
Վրաստանի իշխանությունը կանգնած է ավտորիտարիզմի ճանապարհին
«Այս իշխանությունները բացահայտ ռուսամետ են, հակաեվրոպական և հակաարևմտյան։ Նախընտրական քարոզարշավին ակտիվ աջակցում է ՌԴ-ն, Թուրքիան։ Ադրբեջանի քարոզչամեքենան շատ ակտիվ է այս օրերին, փորձում է Վրաստանի իշխանությունների նման թիրախավորել, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը, Վրաստանի արևմտամետ նախագահին։
Վրաստանը թուրք-ռուսական ճարտարապետության դաշինքում է գտնվում։ Երկրի այսօրվա իշխանությունները կանգնած են ավտորիտարիզմի ճանապարհին։
Պատահական չէ, որ դեպի ավտորիտարիզմ շարժվող երկիրն ունի էթնիկ, կրոնական խտրականություն։ Իսկ իշխանություններն օգտագործում են հայատյացությունը, որովհետև հնարավորություն չունեն օգտագործել, օրինակ՝ հակասեմական նարատիվներ»։
Վրաստանում հայատյացություն տարածողն Ադրբեջանն է
«Տասնամյակների ընթացքում հայատյացությունը Վրաստանում ակտիվորեն տարածվել է։ Տարածողը եղել է Ադրբեջանը։ Ականատես ենք եղել փաստերի, որ Վրաստանի իշխանությունները, նախկին իշխանությունների հետ կապ ունեցող ուժերը ուղիղ կամ անուղղակի կապ ունեն Ադրբեջանի հետ, SOCAR-ի հետ։
Հայատյացությունը դրսևորվել է առանձին դեպքերում, երբեք չի ունեցել պետական բնույթ, առնվազն բացահայտ։ Հիմա այն օգտագործում են իշխանությունները։
Մամուկա Խազարաձեի հետ կատարվածն առաջին դեպքը չէ։ Բայց սա բացահայտ քարոզ է, երբ ակնհայտ օգտագործվում է հակահայկական թեզը։
Օրեր առաջ իշխանամետ POSTV-ի լրագրողը Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեին հարցրել էր, թե «ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Հեռուստաընկերությունը հրապարակել էր «Խազարաձեի հայկական շալախոն» վերտառությամբ հոլովակ և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել էր որպես գործչի ազգական։ Խազարաձեն սա բնորոշել է որպես իր դեմ սկսված հայատյաց արշավ, որը շարունակվում է արդեն մի քանի տարի։
«Իվանիշվիլիի և նրա կամակատարների, ռուսական КГБ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները։ Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանք»-ի բարոյազուրկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Սա միայն երևացող շերտն է։ Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան քաղաքականության պատճառով ՀՀ եվրաինտեգրումն է խոչընդոտվում։
Եվ իհարկե այն, որ վերջին հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ զենքի մատակարարումների հետ կապված խնդիրները դեռևս առկա են, ես ենթադրում եմ, որ Վրաստանի տարածքով մատակարարումների խնդիրը կա, կզարգանա և կաճի, եթե Վրաստանը շարունակի ղեկավարել ռուսամետ իշխանություն»
Թբիլիսին խախտել է Երևանի հետ կնքած հռչակագիրը
«Վրաստանը խախտել է ՀՀ հետ կնքած ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ գրված է, որ կողմերը կիսում են եվրոպական արժեքներ։ Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետը գնաց Բրյուսել, եռակողմ հանդիպում տեղի ունեցավ, Երևանը սկսեց գործնական քայլեր անել դեպի Արևմուտք։ Իսկ ապրիլի 25-ին Իվանիշվիլին ելույթ ունեցավ և ասաց, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն «Գլոբալ պատերազմի կուսակցություն» են։
Հայաստանի համար այդ փաստաթուղթը ստորագրելը նպատակահարմար էր միայն այն դեպքում, եթե ՀՀ և Վրաստանի արտաքին քաղաքականությունները համընկնում են։ Եթե ոչ, եթե արժեքային համակարգը չի համընկնում, ռազմավարական գործընկերություն չի կարող զարգանալ։
Եթե այսօր Վրաստանը հակաֆրանսիական քաղաքականություն է վարում, ապա ՀՀ-ն չի կարող հույս ունենալ, որ Վրաստանը կօգնի ՀՀ-ին [ցամաքային] կապ հաստատել Ֆրանսիայի հետ»։
Կրեմլը Վրաստանում ընտրությունների կեղծում է պատրաստում
«Ակնկալում ենք, որ իշխանությունը կհավաքի 30 տոկոս, դրա մասին են վկայում հանրային կարծիքի ուսումնասիրությունները։
Միաժամանակ, Կրեմլը Վրաստանում ընտրությունների կեղծում է պատրաստում։ Նախագահ Զուրաբիշվիլին Financial Times-ի հետ զրույցում դրա մասին խոսել է։ Հրապարակման վերնագիրն է «Վրաստանում ռուսամետ իշխանությունները կեղծում են ընտրությունները»։
Օգտագործվում է ադմինիստրատիվ ռեսուրս։ Կան փաստեր այն մասին, որ հնարավոր է՝ իշխանությունները պատրաստեն ուղիղ և բացահայտ կեղծումներ, որոնց դեմ ժողովրդավարական մեխանիզմները չկարողանան աշխատել։
Հասկանալի է, որ եթե ընտրությունները կեղծվեն, դրանք չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, կլինեն ցույցեր, իշխանության հրաժարականի պահանջ և այլ ներքաղաքական գործընթացներ։
Ակնկալում ենք, որ Վրաստանի հանրությունը կկանգնի ի պաշտպանություն իր ընտրած ուժերի, իր տված ձայնի, պետության և ժողովրդավարության»։
Եթե արդար ընտրություններ լինեն, իշխանությունը չի հաղթի
«Ուզում եմ հստակ ասել՝ հնարավոր չէ, որ արդար և թափանցիկ ընտրություններում հաղթի այս իշխանությունը։ 2020 թ․-ի, մինչ այդ՝ 2016 թ․-ի ընտրություններում նրանք ստացել են 48 տոկոս ձայն, կարողացել են շարունակել իրենց իշխանությունը միայն այն պատճառով, որ համամասնականի հետ միասին նաև մեծամասնական համակարգ կար Վրաստանում։ Եվ դա ավելացնում էր իրենց մանդատները խորհրդարանում։
Հիմա կա միայն համամասնական, և 48 տոկոսը «Վրացական երազանքի» համար երազանք է։ Շատ լրջորեն նվազել է, մոտ 25-30 տոկոս է իրենց ցուցանիշը, որովհետև տեղի է ունեցել արտաքին քաղաքականության ոչ օրինական փոփոխություն, ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցում։
Բնակչությունը հասկանում է, որ այս ընտրությունները պետության զարգացման ուղու մասին են, այլ ոչ թե նրա, թե որ քաղաքական ուժը կղեկավարի երկիրը։
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փորձում են հստակ Վրաստանի քաղաքացիներին ասել, որ եթե այս իշխանությունը մնա, ապա Վրաստանը ոչ միայն կկորցնի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը, այլև առհասարակ ԵՄ և ԱՄՆ աջակցությունը։ Օրերս Մեծ Բրիտանիան էլ է հայտարարել Վրաստանի հետ ռազմական համագործակցության և ռազմավարական երկխոսության դադարեցման մասին»։
Իշխանությունները պատերազմով են սպառնում
«Որպես ռուսամետ ուժ՝ «Վրացական երազանքը» փորձում է շարունակել և զարգացնել ՌԴ այն քարոզչությունը, թե իբր Արևմուտքն է «ճակատ բացել» Ռուսաստանի դեմ։ Իրականությունը հակառակն է։ Ռուսաստանն է Ուկրաինայում «ճակատ բացել» Արևմուտքի դեմ՝ ժողովրդավարությունների դեմ։ Մոլդովայի ուղղությամբ է փորձում աշխատել։ Բելառուսում արդեն կարողացել է իր ավտորիտար համակարգն ամրապնդել։ Հիմա էլ օլիգարխ Իվանիշվիլիի շնորհիվ Վրաստանում է փորձում նույնն անել և ՀՀ-ում՝ Գալստանյանի հեղաշրջման փորձերի շնորհիվ, որոնք կարծես արդյունքի չեն հասնում։
Վրաստանի իշխանությունները փորձում են ասել, որ պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի։ Սրանով փաստացի սպառնում են թշնամով։
Պետք է նշել, որ Վրաստանի և ՌԴ միջև ժնևյան բանակցությունների ֆոնին ռուսական կողմը արել է զարմանալի, բայց սպասելի հայտարարություն, որ հնարավոր է լարվածություն վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանային գծում։ Սա փաստացի Մոսկվայի կողմից հստակ ուղերձ է Թբիլիսիին և վրաց հանրությանը, որ եթե ՌԴ-ն Վրաստանում կորցնի իր իշխանությունը, ապա հնարավոր է սրացում օկուպացված տարածքների ուղղությամբ։ Ռուսական կողմը կարող է կրակ բացել և մեղադրել վրացական կողմին»։
Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի թեման քարոզչության մաս է
«Այդ մասին խոսակցություններն ակտիվանում են նախընտրական շրջանում նրա համար, որ իշխանությունը ձայներ ստանա։ Դրանց հեղինակը իշխանությունն է, ոչ թե ՌԴ-ն։ Փորձում է ասել, որ ինքը, իբր, Ռուսաստանի հետ պայմանավորվել է և կկարողանա «հետ բերել» այդ տարածքները։
Երբ իշխանությունները նման հայտարարություն արեցին, տեսանք Լավրովի խոսքը, թե պատրաստ են երեք երկրներին օգնել բարելավել հարաբերությունները։ «Վրացական երազանքի» քարոզչամեքենան շրջանցեց հայտարարության այն մասը, որտեղ երեք պետության մասին էր խոսվում։ Իհարկե, ՌԴ-ն չի առաջարկում որևէ տարածքի վերադարձ, սա միայն քարոզչամեքենայի թեմա է։
Վրաստանի համար՝ որպես ժողովրդավարական երկիր, ի տարբերություն Ադրբեջանի, նպատակը մարդկանց վերադարձն է, ոչ թե տարածքների, տարբերակը՝ եվրաինտեգրումը։
Պատկերացնում ենք, որ Բրյուսելի միջոցով կկարողանանք աբխազներին և օսերին առաջարկել ապրել այնպիսի եվրոպական երկրում, որտեղ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։ Բայց մինչ այդ պետք է կարողանանք այնպես անել, որ Վրաստանի բնակչության իրավունքները պաշտպանված լինեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ փորձագետը՝ Վրաստանի ընտրությունների մասին