Հայ տանտերերի սիրելի վարձակալները․ ո՞ւմ Երևանում բնակարան չեն հանձնում
Եթե դուք երիտասարդ ամուսնական զույգ եք՝ առանց երեխաների կամ կենդանիների, ծնվել և մեծացել եք Հայաստանում, չեք ծխում, չեք խմում, չունեք ընկերներ, որոնք կարող են այցելել ձեզ, բարի գալուստ Երևան։ Եթե այդպես չէ, ապա պատրաստ եղեք առերեսվել բնակարանային խնդրին՝ իր բոլոր դժվարություններով։
Երևանում ապրում է Հայաստանի բնակչության մոտ կեսը՝ ավելի քան 1 մլն մարդ։ 2020 թվականին Երևանում են կնքվել բնակարանների վարձակալության գործարքների շուրջ 52%-ը։ Այս ամենով հանդերձ՝ մայրաքաղաքը շարունակում է խնդրահարույց լինել բնակարաններ վարձակալելու տեսակյունից։ Գլխավոր խնդիրներից մեկը դրանց բարձր և գնալով աճող գինն է, որն անհաղթահարելի արգելք է նվազագույն աշխատավարձ ստացողի և ծանր բեռ՝ միջին աշխատավարձ ունեցողի համար։
Ի տարբերություն բնակարանների առուվաճառքի՝ վարձակալման գործարքները Հայաստանում հաճախ իրավական գրանցում չեն ստանում։ Վարձակալ-վարձատու հարաբերությունները սկզբնավորվում և գործում են ստվերային դաշտում՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Սա թույլ է տալիս ոչ միայն վարձակալման կամայական գին սահմանել ու չվճարել հարկերը, այլև շատ հաճախ խտրական մոտեցում ցուցաբերել վարձակալների նկատմամաբ։
Պատմությունների այս շարքը նվիրված է խտրական վերաբերմունքի արժանացած մարդկանց, որոնց անձնական կյանքի, սեռի կամ բնակության վայրի հիմքով հրաժարվել են բնակարան տրամադրել։
- Բնակարանային խնդիր․ Հայաստանում միջին եկամուտ ունեցողները նորակառույց շենքերում չեն ապրի
- Դեպոպուլյացիա Հայաստանում․ չծնված աղջիկներ, զոհված տղաներ, համավարակ
- Ինչպես փոխել գյուղի կյանքը․ SMART-մոտեցում, որն աշխատեց Հայաստանում
«Արցախցիների տեղը Արցախում է»
Լուսինե Դավթյանը Ստեփանակերտից է։ Ամուսնությունից հետո՝ 2013 թվականին, տեղափոխվել է Երևան, որի կյանքին այդպես էլ չի հարմարվել։ 2019-ին վերադարձել է Ստեփանակերտ։ Սակայն 2020-ի աշնանը պատերազմը սկսվեց, ու ստիպված էին ընտանիքով գալ Երևան։
Պատմում է՝ պատերազմի ժամանակ հեշտությամբ բնակարան վարձեց, բայց տան տերը շուտով արտերկրից վերադարձավ, և սկսվեց 4-5 ամիսների փնտրտուքը։ Բնակարան գտնել չէր հաջողվում, տան տերերը «ղարաբաղցիներին տուն չէին տալիս»։
«Մի քանի անգամ լսել եմ բրոքերներից, որ ղարաբաղցիներին տուն տալ չեն ուզում։ Մեզ չէին բացատրում, թե ինչն է պատճառը, հաղորդագրությունը բրոքերների միջոցով էր փոխանցվում։ Ես ինքս նման մարդկանցից տուն վարձել չէի ուզենա․․․ Մի քանի ամիս չէի կարողանում բնակարան գտնել, այդ պատճառով որոշ ժամանակ ապրեցինք քաղաքից դուրս», — պատմում է Լուսինեն։
Ըստ նրա՝ արցախցիներին տուն չտալու պատճառը Հայաստանի պետական քաղաքականության հետևանքն է, այն, որ հետևողականորեն սերմանում են՝ «արցախցիների տեղը Արցախում է և ոչ Հայաստանում»։
Բնակարան ճարելու ամենատարածված տարբերակը List.am կայքում փնտրելն է, բոլոր հայտարարությունները հիմնականում այդտեղ են տեղադրում։ Բայց, Լուսինեի խոսքով, հայտարարությունների զգալի մասը անպետք է․ որի մասին հարցնում ես՝ կամ արդեն չկա, կամ կլինի մի քանի ամսից։
«Ում զանգել եմ, առաջին հերթին հարցրել են՝ ո՞վ է ապրելու, երեխաները քանի՞ տարեկան են։ Ընդ որում՝ խոսքը սովետական ռեմոնտով ու նույն դարաշրջանի կահույքով բնակարանի մասին է, ոչ թե ժամանակակից նորոգումով։ Բայց էլի ափսոսում են, ուզում են վճարը ստանան առավելագույնը, բայց բնակարանը օգտագործվի մինիմալ։ Ցանկալի տարբերակը՝ միայնակ, աշխատող կինն է կամ երիտասարդ ամուսինները, որոնք դեռ երեխա չունեն», — ասում է Լուսինեն։
«Երեխաներով ընտանիքներին չի՛ տրվում»
Մերուժ Տաշչյանը տնտեսագետ է, 29 տարեկան: Բնակարան պետք է եղել տարիներ առաջ, երբ որդին նոր էր ծնվել: Այս փուլն իր համար անցյալում է, կնոջ ու 3 տարեկան երեխայի հետ հիմա սեփական բնակարանում է ապրում։ Ժպիտով է հիշում օրերը, երբ նորածին երեխան ձեռքներին տուն էին փնտրում Երևանում։ Պատմում է, ինչպես է տանտերերից մեկը հրաժարվել բնակարան տրամադրել։
«Բացատրեց, որ երեխան խանգարող հանգամանք է՝ կահույքն ու վերանորոգումը նոր են, կփչացնի, կկոտրի, տունը կվառվի… Էդ շրջանում մեզ մտերիմ մարդկանց բնակարանը վարձեցինք՝ զերծ մնալով միջանձնային գլխացավանքներից։
Ես նկատել եմ մի այսպիսի օրինաչափություն. երբ ծառայություն մատուցողն իր վերջին խնայողությունների հաշվին, մի կերպ վերանորոգել է բնակարանը և պատրաստվում է վարձով տալ, տվյալ դեպքում նշված բծախնդիր պահանջները առավելագույնի են հասնում։ 150 հազար դրամ ամսական և ավելի թանկ բնակարանների դեպքերում նման անոմալիաներ կարծես թե քիչ են նկատվում», — ասում է Մերուժը:
«Տղամարդկանց մուտքը՝ միայն կանանց հետ»
Միայնակ տղամարդկանց հայ վարձատուները ևս չեն սիրում, հատկապես, եթե նրանք ունեն տնային կենդանիներ։
«Միայնակ տղամարդկանց վարձով տուն չեն տալիս, որովհետև մտածում են՝ գույքը կփչացնեն, տունն էլ բորդելի կվերածեն։ Շանս մասին էլ չեմ խոսում, անգամ թաքցրել եմ, որ շուն ունեմ և տանը պահել եմ», — պատմում է իր փորձառության մասին Էմին Օհանջանյանը:
Նա սկսել է վարձով բնակարան փնտրել մոտ 3 տարի առաջ՝ այդ ընթացքում փոխելով 3 տուն։
«Սովորաբար, երբ գնում ես տներ նայելու, տիրոջ առաջին հարցն է՝ ոնց եք ապրելու, մենա՞կ, թե՞ ընտանիքի հետ։ Պատասխանիցդ շատ բան է կախված լինում։ Մի քանի անգամ ասել եմ, որ մենակ եմ ապրելու, և իրենց վերաբերմունքից ու դեմքի արտահայտությունից հասկացել, որ մերժելու են։
Այդ պատճառով շատ անգամներ ասել եմ, որ ապրելու եմ ընկերուհուս հետ, շատերն անգամ այդ պարագայում չէին համաձայնում։ Դրանից հետո սկսեցի ընկերուհուս ներկայացնել որպես նշանած, այ դա իրենց համար արդեն ընդունելի տարբերակ էր», — պատմում է էմինն ու թեթևությամբ շունչ քաշում՝ հիմա կնոջ հետ ապրում է սեփական տանը, որը հարմար է նաև շան համար։
«Երիտասարդ աղջիկների համար չէ»
Աղավնին լուսանկարիչ է, Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից՝ երկու տարի առաջ։ Վարձով բնակարան սկսել է փնտրել, երբ հասկացել է, որ երկար է մնալու այստեղ։
«Առաջին բանը, որ հարցնում էին՝ ո՞վ է ապրելու բնակարանում։ Պատասխանում էի՝ ես, ինչին հետևում էր մերժումը․ «Մենք մենակ աղջկա տուն չենք տալիս»։ Մեկն անգամ ասաց՝ գի՞ժ եմ տունս տամ, սարքեն բարդակ, սրան-նրան բերեն, հետո տանս անունը ընկնի», — հիշում է Աղավնին։
Վարձակալները նաև մշտական հսկողության տակ են պահում թե՛ տունը, թե՛ վարձակալողին։
Աղավնիին դժվարությամբ, բայց հաջողվեց բնակարան գտնել, ինչից հետո պետք էր հարևաններին և տան տիրոջն ապացուցել իր «բարոյական բարձր արժեքները»։
«Որ նոր էի տեղափոխվել, շենքում բոլորն ինձ թարս էին նայում։ Ինչ-որ մեկը մեր շենքում ծխում էր, կողքի հարևանը ինձ հասկացնում էր, որ հյուրերիս զգուշացնեմ՝ չծխեն, թեպետ ես հյուր չեմ ունենում երբեք։ Այդ ամենը վերջացավ նրանով, որ մի օր անկեղծ զրույց ունեցա հարևանների հետ, սկսեցի մասնակցել շենքի թոհուբոհին, նրանց համար կարևոր խնդիրներ լուծել․․․ Հիմա արդեն մի քիչ ընկերացել ենք», — պատմում է Աղավնին։
«Կատուներն այստեղ տեղ չունեն»
«Երիտասարդ ամուսիններ ենք, կատու ենք պահում։ Երկու ամիս է փորձում ենք բնակարան գտնել։ Առցանց հայտարարություններից սկսած, տարբեր գործակալներով վերջացրած, բոլոր տարբերակները փորձել ենք, ու՝ ապարդյուն», — դժգոհում է Նուշ Աբյանը։
Նա աշխատում է թվային տեխնոլոգիաների ոլորտում, զբաղվում է դիզայնով և անիմացիայով։ Պատմում է, որ չի հաջողվում բնակարան գտնել «կատվից զզվող» տանտերերի պատճառով։
«Հենց լսում են կատվի անուն, ասում են՝ «իմ տուն կատու չի մտնի», ու անջատում են։ Փորձում ես բացատրել, որ մենք կենդանու համար պատասխանատու ենք, պայմանագրի մեջ անպայման կոմպենսացիայի մասին կետ կլինի։ Ոնց բնակարանը հանձնեք, էդպես էլ կվերադարձնենք։ Պատասխանում են՝ «չէ, ես կատվից զզվում եմ, մազ ա թողնում»։ Ախր, հարգելիս, դուք չեք ապրելու էդ տանը, որ իր մազ թողնել-չթողնելը ձեզ վերաբերի։ Կատուները, առհասարակ, ինձ հայտնի ամենամաքուր կենդանիներն են»։
Նուշը այս իրավիճակը բացատրում է կենդանիների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով ու բերում Ռուսասռանի օրինակը.
«Ամռանը Պետերբուրգում էինք։ Մեր բոլոր ընկերները այնտեղ վարձով են ապրում և ունեն կենդանիներ։ Մենք էլ աշխատանքի բերումով որոշ ժամանակ այնտեղ ապրեցինք։ Մեր ընկերներին խնդրել էինք բնակարան փնտրել մեզ համար, բոլոր տանտերերը առանց մտածելու համաձայնել էին։ Այնտեղ կենդանիների հանդեպ առանձնակի ուշադրություն ու հոգատարություն կա»։
Նուշը պնդում է, որ Հայաստանում տանտեր-վարձակալ հարաբերությունների մշակույթը դեռ շատ ցածր մակարդակի է, ու հիշում գործակալներից մեկի խոսքերը․
«Ասում էր, որ ոչ ոք չի ուզի իր նորոգված տուն կատու թողնել, այսինքն՝ եթե կենդանի ունես, կա՛մ դրսում մնա, կա՛մ ապրի գլխիդ փլվող ու ոչ մի կոմունալ հարմարություն չունեցող տանը, որի գները վերանորոգվածից ոչ մի բանով, չգիտես ինչու, չեն տարբերվում։ Էլ չեմ խոսում աննորմալ հարևանների մասին, որ կարող են սպառնալ, որ կատվիդ կսատկացնեն»։
Նուշը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, բոլոր կենդանասերները կարտագաղթեն․
«Սեփական երկրումդ փաստացի քեզ ավելորդ ես զգում ու ոնց որ տեղ չունենաս ապրելու, հույս էլ չունենաս, որ ինչ-որ մի օր մի բան կփոխվի։ Սեփական բնակարան ձեռք բերելն էլ 25-26 տարեկանում ամեն մարդու բան չէ, ինչքան էլ որ ձգտում ենք դրան։ Ու շատ տխուր է, որ պետք է երկիրս լքեմ, թեկուզ ժամանակավոր»։