«ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․Նիկոլ Փաշինյան
Հայ պաշտոնյաները՝ երաշխավորի ինստիտուտի մասին
Հայաստանում սպասվող ընտրությունների ֆոնին իշխող և ընդդիմադիր ուժերը շարունակում են խաղաղության թեմայով իրենց բանավեճը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է։ Ընդդիմադիր ուժերը, սակայն, հայտարարում են, թե իրենց հարկավոր է «երաշխավորված» խաղաղություն։
«Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Մինչ այդ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա խոսում են խաղաղության մասին, բայց երաշխավորներով»,- խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրել է՝ Հայաստանը ժամանակին ունեցել է երաշխավոր, որը փորձել է երկիրը տանել «կառափնարան տանող ճանապարհով»։
«Մենք 2020 թվին ունեցե՞լ ենք, թե՞ չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք, ո՞վ է եղել, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց»,- հայտարարել է Փաշինյանը։
ՀՀ-ն Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ է։ Տևական ժամանակ է, ինչ Երևանը հայտարարել է իր անդամակցությունը սառեցնելու մասին, թեև նման պաշտոնական ընթացակարգ դաշինքը չունի։ Սառեցման պատճառն այն է, որ 2021-22 թթ․-ին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումներից հետո Երևանը դիմել է դաշինքին, սակայն աջակցելու փոխարեն կառույցից արձագանքել են․ «Սահմանը սահմանազատված չէ»։
«Եթե ասում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է՝ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը որոշվում է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրեմն չկա նաև պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա նաև կազմակերպություն»,- պատասխանել էր Փաշինյանը։
Ի՞նչ պատկերացումներ ունեն Հայաստանի քաղաքական ուժերը երաշխավորության մասին․ կարծիքներ
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- «Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Ընդդիմությունը խոսում է «հզոր պետությունների» կողմից երաշխավորված խաղաղության մասին
Խորհրդարանական ընտրւթյուններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից մի քանիսն ակտիվորեն շրջանառում են, այսպես կոչված, «երաշխավորված խաղաղության» մասին իրենց դիրքորոշումները։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը «որևէ իրավական հիմք չունի»։
«Մենք խոսում էինք երաշխավորված խաղաղության մասին։ Դա նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ խաղաղությունը չի կարող կախված լինենլ մեկ մարդու, նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, բարի կամքից։
Քոչարյանի խոսքով՝ ներկա պահին գործ ունենք «քարոզչական խաղաղության» հետ, իսկ երաշխավորի առկայություն չի ուզում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այդ պարագայում խաղաղությունը չի կապվի իր անվան հետ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի (իշխանազավթման կոչի համար տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի) կարծիքով՝ փաստաթուղթը որևէ արժեք չի ունենալու, եթե չկա մեկից ավելի երաշխավոր։
«Դա միակ ճանապարհն է Հայաստան երկարաժամկետ խաղաղություն բերելու»,- ասել է Կարապետյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ խաղաղությունը չի կարող ձևական լինել։
«Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե բարձունքների վրա ադրբեջանցիներ են նստած։ Բոլոր նախադրյալները կան, պետք է պայմանավորվենք հզոր 3, 4, 5 պետությունների հետ։ Պետք է կապ, ծանոթություն, հարաբերություն, որ լինի երաշխավորված խաղաղություն, որ մեր տարածքներով ճանճ էլ չանցնի»,- ընդգծել է Ծառուկյանը՝ առանց մատնանշելու որևէ երկրի անուն։
«Հայաստանի քաղաքացին է իր իսկ երաշխավորը»․ Փաշինյան
Ընդդիմությանը խորհրդարանի ամբիոնից արձագանքել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է՝ համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել, Թուրքիան»։
Խոսելով Հայաստանի մասին՝ Փաշինյանը հիշեցրել է՝ անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ դաշինքն էր, որը 2020 թ․-ին երկիրն առաջնորդեց դեպի սպանդանոց․
«Հիմա մենք քանի որ դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ «էս ո՞ւր եք գնում, մի րոպե»»:
Փաշինյանի որակմամբ՝ ՀԱՊԿ երաշխավորության ժամանակ Հայաստանն ուներ «հորթի կարգավիճակ»։
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունքի չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա։ Ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի․ «Եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի»»,- մանրամասնել է նա։
Վարչապետը նաև հայտարարել է՝ այսօր ՀՀ-ն այդ նույն կարգավիճակում չէ, իսկ երաշխավորը հենց Հայաստանի քաղաքացին է։
«Սիրուն աչքերի համար չեն երաշխավոր դառնում»․ ՀՀ արտգործնախարար
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ միջազգային հարաբերություններում երաշխավորները միշտ առաջնորդվում են սեփական շահերով․
«Սառը հաշվարկների աշխարհում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսեր չի անում»։
Ըստ նախարարի՝ պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ երաշխավորված և ստորագրված համաձայնությունները խախտվել են, երբեմն հենց այդ նույն երաշխավորների կողմից։
Միրզոյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ապացուցել է իր կենսունակությունը տարածաշրջանային լարված պայմաններում։
«Խաղաղությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է երկու կողմերին»,- հավելել է նա։
Նախարարի խոսքով՝ Երևանի նպատակը Բաքվի հետ փոխշահավետ համագործակցության համակարգի ձևավորումն է, ինչը, իր հերթին, կխթանի երկարաժամկետ խաղաղության պահպանումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ պաշտոնյաները՝ երաշխավորի ինստիտուտի մասին