Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել, այս անգամ՝ երկու կողմերի պաշտպանության նախարարություններն էլ հաստատել են փաստը։ Կա մեկ զոհ և մեկ վիրավոր։ Մանրամասն տեղեկություններ երկու կողմից և փորձագետների մեկնաբանությունները։
- Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա։ Հայաստանի օմբուդսմենն՝ ընդդեմ իշխանության դիրքորոշման
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Շուշի մեկնել
- Նոր ընտրություններ, Արցախյան հարց, գերիների վերադարձ․ քաղաքագետը՝ Հայաստանի ապագայի մասին
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ի առավոտյան, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Երասխի հատվածում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող։
Երկու երկրների փորձագետները կատարվածի վերաբերյալ համակարծիք չեն։ Ադրբեջանական կողմն ասում է, որ կատարվածը ոչ ավելին է, քան տեղային բախում և ավելի մեծ բանի վերածվելու սպառնալիք չկա։
Իսկ Երևանում վստահ են, որ լարվածության աճը հայ-ադրբեջանական սահմանին կապված է Ռուսաստանի և թալիբների միջև բանակցությունների հետ։
Տեղեկություններ Բաքվից
«Հուլիսի 14-ին ժամը 10:00-ին մոտ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլա Մահսուդօղլուն։ Վիրավորին առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո նա տարհանվել է բուժհաստսատություն։
Պատասխան կրակով հակառակորդը ճնշվել է։ Ներկա պահին իրավիճակը նշված ուղղությամբ կայուն է, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է մեր զորքերի ստորաբաժանումների կողմից», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է նաև Արցախում հրադադարի խախտման մասին․
«Հուլիսի 13-ին ժամը 21:34 և 21:45 հայկական ապօրինի զինված ջոկատները, որոնք Ադրբեջանի տարածքում են, և որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված, գնդացիրներով և ինքնաձիգներով կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ Շուշա քաղաքի մերձակայքում։ Մեր ստորաբաժանումների անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ․
«Մենք քննադատում ենք հայկական կողմի փորձերը, որոնք ուղղված են տարածաշրջանում փխրուն խաղաղության խախտմանը՝ վերջին օրերին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հաճախակի դարձած հրաձգության միջոցով։ Մինչ այս ընթացքում Ադրբեջանը խաղաղության, համագործակցության և տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման համար քայլեր է ձեռնարկում, անընդունելի է նման ապակառուցողական մոտեցումը Հայաստանի կողմից։ Տարածաշրջանում իրավիճակի նման զարգացման համար պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»։
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց մարտական դիրքերի առաջխաղացման համար․
«Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»։
Փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող, ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում: Սակայն կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»։
Հայտարարության մեջ ասվում է, որ հայկական կողմը «խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը» և նախազգուշացնում է, որ դրանք արժանանալու են «կոշտ հակազդման»․
«Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Արցախի Պաշտպանության բանակի հայտարարությունը
Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Շուշիի գնդակոծության մասին Ադրբեջանի ՊՆ լուրը։ Գերատեսչությունը հաղորդել է, որ ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ։
Բացի այդ, ՊԲ-ը նշել է նաև, որ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները չեն խախտում հրադադարի ռեժիմն ու իրավիճակն ապակայունացնող գործողությունների չեն դիմում։
Հուլիսի 13-ի ուշ երեկոյան Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հաղորդել է, որ Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել, սակայն հայկական կողմի նախազգուշացնող գործողություններից հետո կրակոցները դադարել են։ Կրակոցներն օդ են արձակվել, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել, գրել է մարդու իրավունքների պաշտպանը Ֆեսյսբուքում:
Մեկնաբանություն Բաքվից
Ռազմական մեկնաբան Ասաֆ Գուլիևի կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան տեղային բախում և չի սպառնում ավելի մեծ բանի վերածվել․
«Կարծում եմ՝ ինչ-որ փոքր տարաձայնություններ կան պաշտոնական Բաքվի և Մոսկվայի միջև։ Այս հրաձգությունները նախազգուշացում են Ռուսաստանի կողմից։ Սակայն Ադրբեջանն էլ իր հերթին է ռուսական կողմին զգուշացնում՝ հայտարարելով տարածքների գնդակոծության մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ՌԴ խաղաղապահները։
Բայց ես չեմ հավատում, որ այս տեղային բախումները կարող են ավելի մեծ բանի վերածվել։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Բաքուն պահանջի Ղարաբաղից խաղաղապահ ուժերը դուրս բերել, սակայն դրանց մանդատի ավարտին, որը դեռևս չի վավերացրել խորհրդարանը, ավելի քան չորս տարի կա»։
Գուլիևը նաև հավելել է, որ ինքը տեղեկություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների Շուշի կատարած այցի նախօրեին տեղային միջադեպերի մասին։
«Սակայն դրանց մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել», — ընդգծել է նա։
Մեկնաբանություն Երևանից
«Ադրբեջանական, իսկ իմ կարծիքով, դե ֆակտո թուրքական սադրանքը Նախիջևանի հետ սահմանին կարելի է դիտարկել մի շարք վարկածների լույսի ներքո, սակայն դրանցից մեկը, թերևս, Ռուսաստան-թալիբներ բանակցությունների համատեքստում է», — կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նախիջևանն, ըստ նրա, «առանցքային» հանգամանք են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում․
«Կգնա՞ Մոսկվան թալիբների հետ թուրքերի դեմ որևէ համաձայնության, ինչը կարող է լրջորեն խաթարել ամբողջ ռուսական աշխարհաքաղաքականությունը, որը կառուցված է Թուրքիայի հետ հարաբերության առանցքով, թե՞ Մոսկվան կփորձի դառնալ Թուրքիայի ու թալիբների «միջնորդ»։
Ռուսաստանի միջինասիական այդ բարդ խնդիրները ամենևին ոգևորիչ չեն Հայաստանի համար, այդ համատեքստում առանցքային խնդիր է այդ դիտարկումների թիրախում չհայտնվելը: Կստացվի՞ դրանից հետո: Սա էապես կախված է ոչ թե արտաքին ճկուն քաղաքականությունից, այլ ճկունության ներքին մեխանիզմների ձևավորումից: Արտաքին ճկունությունը կարող է կառուցվել միայն դրա վրա: Խորհրդարանի ընտրության արդյունքն առերևույթ չի տալիս այդպիսի գնահատականի հիմք:
Մյուս կողմից սակայն, կա այն, ինչ կա, և լուծումները պետք է գտնել եղածի շրջանակում, անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի եղած պատկերի այս կամ այն մասի հանդեպ: Ի վերջո, ակնառու է մի բան, որ Հայաստանի հանդեպ արտաքին նկրտումներ ունեցողները օգտագործում են հենց ներքին պատկերում եղած «հիմքերը»:
Ըստ այդմ՝ կա՛մ Հայաստանն է գտնում ներքին առկա պատկերը իր համար օգտագործելու բավարար ճկուն մեխանիզմներ, կա՛մ այդ մեխանիզմները գտնում են այն երկրները, որոնք հայկական հարցերը դիտարկում են որպես ավելի մեծ օրակարգի մանրադրամ»: