«Փամփուշտ քունքին»․ 10 օրինակ, թե ինչպես են հայրենասիրություն սերմանում ՌԴ-ում
Հայրենասիրությունը և պատիժը Ռուսաստանում
Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած 10 միջադեպ, որոնք ռուսական անկախ պարբերականներն անվանում են «այսբերգի գագաթ» հաստատված պատժիչ համակարգում, որն ուղղված է քաղաքացիների մեջ հայրենասիրություն սերմանելուն՝ սկսած դպրոցից։
1.
Տուլայի մարզում ձերբակալել են հակապատերազմական նկարի հեղինակ վեցերորդ դասարանցի աղջկա հորը։ Ալեքսեյ Մոսկալևի դեմ քրեական գործ է հարուցվել «ռուսական բանակը բազմիցս վարկաբեկելու» համար։ Նրա աղջկան տեղափոխել են մանկատուն։
2.
Պերմի երկրամասում ուսուցիչը ութերորդ դասարանցուն խոստացել է փամփուշտ քունքին այն բանի համար, որ նա ուշացել է փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումից: «Հայրենասիրությունից զուրկ սրիկա, դավաճան, որոնք լիքն են Ուկրաինայում, գնա, ուր աչքդ կկտրի»,- ասել է նա։ Զրույցի տեսանյութը դիտարժան է, այն կարելի է դիտել տելեգրամյան ալիքի այս հղումով։
3.
Բառնաուլում՝ ուկրաինական պատերազմի տարելիցի օրը, աշակերտուհին հուշատախտակ, ծաղիկներ և խաղալիք է բերել քաղաքի կենտրոնում գտնվող Փառքի ծառուղի՝ ի հիշատակ զոհված ուկրաինացիների։ Նրա մոր նկատմամբ գործ է հարուցվել ծնողական պարտականությունները չկատարելու հոդվածով, տանից առգրավվել են բոլոր համակարգիչներն ու հեռախոսները։
- ՌԴ-ում ընդունել են ցուցակ բառերի, որոնցով արգելվում է անվանել Պուտինին
- Ուկրաինական պատերազմի մեկ տարին. ժամանակագրություն
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- Թուրքիան օգնո՞ւմ է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից
4.
Նավալնիի դաշնակից Լյուբով Սոբոլը հրապարակել է տեսանյութ մոսկովյան դպրոցից, որտեղ երևում է, թե ինչպես է դիմակավորված վագներյան վարձկանը ելույթ ունենում ավագ դպրոցի աշակերտների առաջ՝ նրանց առաջարկելով համալրել այս ոչ պետական ռազմական կազմավորման շարքերը, քանի որ նրանց «ուժեղ և խոստումնալից» մարդիկ են պետք: Նա նշում է, որ վագներական դառնալու շնորհիվ իր համար «կրճատվել է պատժի կրման ժամկետը»։
5.
Ժողովուրդների բարեկամության Մոսկվայի համալսարանը կազմակերպել էր ավանդական «հայրենակիցների ցուցահանդես», որտեղ, ի թիվս այլ բաների, ներկայացված էին ուկրաինացիներ Ուկրաինայի դրոշի ներքո։ Կրթության նախարարությունը հայտարարել է, որ «անընդունելի է համարում նեոնացիստական ռեժիմի դրոշների ծածանումը, և որ դա ոչ մի կապ չունի իրական ռուսական մշակույթի հանրահռչակման հետ»։
Ծառայողական քննություն է մեկնարկել, ուսանողները վրդովված բաց նամակ են տարածել։
6.
Նիժնի Նովգորոդում 17-ամյա սպորտսմենը միայնակ պիկետ է իրականացրել՝ «Ոչ պատերազմին, ոչ խելագարությանը» գրությամբ պաստառով։
Դենիս Բուշուևը տուգանվել է 700 դոլարին համարժեք ռուբլով: Ուսուցիչների հետ դաստիարակչական զրույցի ժամանակ նրան խորհուրդ են տվել «գնալ հիվանդանոց, որտեղ մեր տղաներն են, որոնց ուկրաինացիներն ամորձատել են», ինչպես նաև չկարդալ անկախ մամուլ, քանի որ «նրանք չեն ասում այն, ինչ ձեռնտու է Ռուսաստանին»։
7.
Բելգորոդի շրջանում տեղի կամավորների ղեկավարը ոստիկանությանն է հանձնել «Դոժդի» թղթակիցներին՝ նրանց անվանելով «թշնամիներ» և «աքլորներ»։ Նա ոստիկաններին խորհուրդ է տվել նրանց «մղձավանջի ենթարկել»։ Զենքի սպառնալիքով լրագրողին երեք ժամ պահել են ոստիկանությունում, ինչից հետո նրան ստիպել են ջնջել նկարահանված ողջ նյութը։
8.
Ռուսական բանակի մասին «ֆեյքերի» գործով Protest MGU Telegram ալիքի ադմինիստրատոր Դմիտրի Իվանովն ինը տարվա ազատազրկման է դատապարտվել։
Խոսքը ուկրաինացի խաղաղ բնակիչների մահվան, շենքերի ավերման, ռուսական ավիացիայի զգալի կորուստների, ռուսական զորքերի կողմից Մարիուպոլի ծննդատան պայթեցման, Բուչայում ու Իրպինում ռազմական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մասին է։ Վերջին կուրսի ուսանողը մայիսից կալանքի տակ է, արդյունքում չի պաշտպանել դիպլոմային աշխատանքն ու չի ավարտել համալսարանը։
9.
Մոսկվայի կալանավայրերից մեկում խցակիցները ստիպողաբար սափրել են 18-ամյա ակտիվիստ Մաքսիմ Լիպկանի գլուխը։
Նա ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո և մեղադրվում է կեղծ լուրեր տարածելու մեջ։ Փաստաբանի խոսքով՝ Լիպկանին սպառնում են, որ նա կարող է «աքլորի վերածվել» իր հայացքների պատճառով։
10.
Ռուսաստանում պատերազմի հետևանքները ներառում են նաև՝
- անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվության վերջնական գաղտնիացում,
- արտասահմանյան կլինիկաներում բուժման հասանելիության գրեթե ամբողջական կորուստ ռուսաստանցիների համար։