«Կրեմլին հավատարմության մրցակցություն Աբխազիայում». ովքե՞ր են նախագահի թեկնածուները
Աբխազիայի նախագահի թեկնածուները
2025 թ.-ի փետրվարին Աբխազիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու մտադրություն ունեն հինգ քաղաքական գործիչներ։ Դրանք են՝ իշխող ուժի թեկնածուն, ընդդիմության առաջնորդը և երեք այլ գործիչներ։ Նրանց մեջ չկա ակնհայտ ֆավորիտ, ով կարող է հաղթել ընտրությունների առաջին փուլում։
Պաշտոնից վաղաժամ հեռացած (ավելի ճիշտ՝ հարկադրված հրաժարական ներկայացրած) նախկին նախագահ Ասլան Բժանիան նոր ընտրություններին չի մասնակցի։ Թեև նախկինում նա հայտարարել էր նման մտադրության մասին, սակայն նրա շրջապատը, սթափ գնահատելով իրավիճակը, այդ գաղափարը համարել է ի սկզբանե ձախողված։ Արդյունքում իշխող կուսակցությունից առաջադրվում է փոխնախագահ Բադրա Գումբան։
Գումբայի գլխավոր և թերևս միակ ակնհայտ խաղաքարտը Մոսկվայի բացահայտ աջակցությունն է։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Կրեմլը փոխել է իր մոտեցումն աբխազական ընտրությունների նկատմամբ։ Սովորաբար նրա համար տարբերություն չկար, թե ով կնստի նախագահական աթոռին, քանի որ Աբխազիայում ցանկացած քաղաքական գործիչ պատրաստ էր բարեկամություն անել Մոսկվայի հետ։ Սակայն հիմա առաջին անգամ խաղադրույք է արվել մեկ կոնկրետ թեկնածուի վրա։
Ակնհայտ է, որ դա կապված է Աբխազիայում նոյեմբերյան իրադարձությունների հետ, երբ ընդդիմությունը, գրոհով վերցնելով կառավարական շենքերի համալիրը, Ասլան Բժանիային ստիպեց հրաժարական տալ, իսկ այնուհետև նրա ճնշման ներքո խորհրդարանը չվավերացրեց ռուս-աբխազական ներդրումային համաձայնագիրը։ Դա Կրեմլին ստիպեց լրջորեն կասկածել աբխազական ընդդիմության հավատարմության և ռուսամետ տրամադրվածության մեջ։ Իսկ Բադրա Գումբայի վրա «կարելի է հույս դնել»։ Առնվազն՝ համեմատած ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբայի հետ, որը նույնպես հավակնում է նախագահի պաշտոնին։
Ինքը՝ Արձինբան, ամեն կերպ փորձում է ընդգծել, որ առավելագույնս ռուսամետ է։
«Ես և իմ թիմը՝ մենք բոլորս Ռուսաստանի քաղաքացիներ ենք։ Մեր ողջ թիմը բաղկացած է ակտիվ մարդկանցից, որոնք հատուկ ռազմական գործողության [ՌԴ-ն այդպես է անվանում Ուկրաինայում ընթացող պատերազմը,- խմբ.] սկզբից ակտիվորեն մասնակցել են դրան։ Մենք նրանցից էինք, ովքեր նախաձեռնեցին Սուխումի մարզադաշտում հանրահավաք՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գծի։ Հատուկ ռազմական գործողության ժամանակ արդեն իսկ զոհվել է ավելի քան 50 հազար մարդ Աբխազիայից:
Վլադիմիր Պուտինն Աբխազիայում ընկալվում է որպես վերազգային առաջնորդ։ Մենք գտնվում ենք Ռուսաստանի աշխարհաքաղաքական նավարկուղում և որևէ տեղ գնալու մտադրություն չունենք»,— Արձինբայի խոսքերը մեջբերում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն։
Եթե Գումբան և Արձինբան ներկայացնում են քաղաքական բևեռներ, ապա նախագահության մյուս երեք հավակնորդներին կարելի է անվանել կենտրոնամետներ։
Նրանք են՝
- Ռուսաստանում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը,
- հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան,
- և «Աբխազիայի ժողովրդական կուսակցության» առաջնորդ Շամիլ Աձինբան։
Նրանք նախագահական մրցավազքի ֆավորիտներ չեն, սակայն, այնուամենայնիվ, կարող են ձայների զգալի տոկոս վերցնել թե՛ Գումբայից, թե՛ Ադգուր Արձինբայից։ Այդ պատճառով փորձագետների մեծամասնությունը համակարծիք է, որ ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը 50%-ից ավելի ձայն չի հավաքի։
Հաշվի առնելով աբխազական հասարակությունում բողոքի տրամադրությունների մակարդակն ու ընդհանուր առմամբ իրավիճակի անկանխատեսելիությունը՝ չի բացառվում, որ առաջին փուլի արդյունքներով այս եռյակի «աութսայդերներից» մեկը կարող է պայքարից դուրս թողնել սկզբնական ֆավորիտներից մեկին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աբխազիայի նախագահի թեկնածուները