Հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը խորանում է․ ի՞նչ սպասել 2025 թ․-ին
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ծրագիր
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։ Նշվում է, որ ծրագիրն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Հաղորդագրության համաձայն՝ հայ-ֆրանսիական ռազմավարական խորհրդակցության ժամանակ կարևորվել է երկկողմ գործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է՝ միայն զենքի ձեռքբերումը չի կարող բավարար լինել, զուգահեռ պարտադիր պետք է տեղի ունենա բանակի արդիականացման գործընթաց։
«Կրթական, պաշտպանական համակարգի վերափոխման վերաբերյալ հաղորդագրությունները սովորաբար ՀՀ-ում այնքան էլ լուրջ չեն ընկալվում։ Հաշվի չի առնվում, որ կարող ես ունենալ նորագույն զենքեր, բայց քո անձնակազմը պատրաստ չլինի դրանք կիրառել»,- նշել է Դալլաքյանը։
2024 թ․-ի հունիսին հաղորդվեց, որ Երևանն ու Փարիզն ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնեց, որ խոսքը Caesar հաուբիցների տրամադրման մասին է։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագիր էին ստորագրել 2023 թ․-ի հոկտեմբերին։ Փաստաթղթի համաձայն՝ Ֆրանսիան պետք է մատակարարի պաշտպանական նշանակության զինատեսակներ՝ GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ։ Արդեն նոյեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ Թբիլիսիից հաստատեցին, որ «հատուկ բեռ» են ուղարկել ՀՀ։
2024 թ․-ի փետրվարին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։ «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը մինչև 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարների, գիշերային տեսողության հեռադիտակների մատակարարման մասին է։
«Կողմերը սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող»
Թե ինչի մասին է խոսքը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել։ Նշել է միայն, որ տեղի է ունեցել ռազմավարական խորհրդակցություն, որը գլխավորել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիան։
Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Վերջինս գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
«Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը»,- հաղորդում են ՊՆ-ից։
Կողմերը կարծիքներ են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Այս տարվա հունիսին Ֆրանսիա էր այցելել Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա հանդիպումներ էր ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել և պայմանագրեր ստորագրել։ Այլ մանրամասներ, սակայն, չէին հաղորդվել։
Արդեն սեպտեմբերին Ֆրանսիա էր մեկնել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը, այցելել նաև Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ:
Մեկնաբանություն
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը դրական է գնահատում ցանկացած քայլ, որն ուղղված է արևմտյան գործընկերների հետ համագործակցության խորացմանը։
«Մեր բնական դաշնակիցների հետ գործակցության խորացումը կարևոր է, հատկապես աշխարհաքաղաքական նման բարդ և փխրուն իրավիճակում՝ սիրիական դեպքերից հետո։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչով կավարտվի սիրիական թնջուկը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Ասում է՝ պետք է ուսումնասիրել Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ծրագիրը, հետո նոր պատկերացում կազմել, թե կոնկրետ որ ուղղություններով է աշխատանք իրականացվելու։ Կարևոր է համարում այն հանգամանքը, որ զենքի գնումներին զուգահեռ նաև սպայակազմի վերապատրաստումներ արվեն, Զինված ուժերը մոտենա ՆԱՏՕ ստանդարտներին․
«Արդիականացման լուրջ խնդիր ունենք, և ես դա ավելի ցածր, պակաս կարևոր չեմ գնահատում, քան զենքերի ձեռքբերումը»։
Դալլաքյանը օրինակ է բերել Ուկրաինային F-16-ներ տրամադրելն ու նշել, թե «օդաչուների խնդիր ունեն, շատ քչերն են վերապատրաստված»։ Շեշտել է՝ միայն զենքի ձեռքբերումը չէ կարևոր, պետք է կարողանալ տիրապետել դրան։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար խնդիր է նաև այն, որ հակաօդային պաշտպանությունն իրականացվում է Ռուսաստանի հետ համատեղ։ Ուստի կարծում է՝ ՀՕՊ միջոցներ ձեռք բերելիս պետք է հասկանալ՝ ինչպես ենք դրանք օգտագործելու, արդյոք կարող ենք ինքնուրույն, առանց ՌԴ-ի կիրառել․
«Շատ փորձագետներ նշում են, որ եղել են արդեն դեպքեր, երբ ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի ՀՕՊ ապահվելու հարցում»։
Շեշտում է՝ Հայաստանի պաշտպանական համակարգում ռուսական ներկայությունը պետք է հասցվի մինիմալի։
Կարծում է՝ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և հայ-ֆրանսիական համագործակցությունները պետք է դիտարկել միևնույն փաթեթի մեջ։ Հիշեցնում է՝ ՀԱՊԿ անդամ երկրներին զենք վաճառելը նոնսենս էր, ու հավելում՝ առանց ԱՄՆ-ի Ֆրանսիան նման քայլի չէր գնա։
Դեկտեմբերի սկզբին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Պենտագոնում Պապիկյանին ընդունել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։ Հայկական կողմի հաղորդմամբ՝ Օսթինը ՊՆ նախարարի այցը պատմական էր որակել, ինչպես նաև հայտնել ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ Զինված ուժերի բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։
Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել էին պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Մյուս կողմից նկատում է՝ կան նշաններ, որ Թրամփի իշխանության գալուց հետո Եվրոպան կփորձի ինքնուրույն զարգացնել իր պաշտպանական համակարգը։
«Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը շատ ակտիվ իրենց բանակների ամրացման մասին են խոսում, դա մեզ համար էլ է լավ․ ոչ թե մի կետից կախված կլինենք, այլ Եվրոպայի մի շարք երկրների հետ կկարողանանք երկկողմ համաձայնագրեր կնքել՝ այնպես, ինչպես Ուկրաինան»,- շեշտել է նա։
Լիլիթ Դալլաքյանի փոխանցմամբ՝ փոխշահավետ գործարքի պարագայում այդ երկրները կհամագործակցեն Երևանի հետ, քանի որ «ՀՀ-ն արդեն կոտրել է այն կարծրատիպը, թե ՌԴ ռազմավարական դաշնակիցն է»։
Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքին, ըստ նրա, կարող է խոչընդոտ լինել, հատկապես հարձակողական զինատեսակների ձեռքբերման համար։ Սակայն կարծում է՝ պետք է հաշվի առնել կառույցից դուրս գալու ռիսկերը, ունենալ անվտանգության բարձիկներ, ոչ թե «օդում քայլեր կատարել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ծրագիր