Հայաստան․ ինչպե՞ս է անդրադառնալու արտակարգ դրությունը տնտեսության վրա, որքա՞ն կտուժի բիզնեսը կորոնավիրուսից
Հայաստանը փորձում է չեզոքացնել կորուստները տեղաշարժի և ձեռնարկությունների աշխատանքի խիստ սահմանափակման պայմաններում։ Մարտի 16–ից երկրում արտակարգ դրություն սահմանվեց, և ձեռնարկությունների զգալի մասը՝ մեծ կոնցեռններից մինչև փոքր բիզնես, դադարեցին աշխատել։ Թույլատրվեց միայն կենսական կարևորության և ռազմավարական նշանակության ոլորտների գործունեությունը։
Ապրիլի 14–ից արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց ևս մեկ ամսով, սակայն պարետատունը թույլատրեց վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը, սկսեցին աշխատել շինարարներն ու ինժեներները։
Միաժամանակ կառավարությունն արագ մշակեց և ընդունեց բիզնեսին աջակցման ծրագրեր։
Որքանո՞վ են արդյունավետ այդ քայլերը, որքա՞ն ժամանակ է հարկավոր տնտեսությանը երկար դադարի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար, ե՞րբ սպասել աճի նախկին ցուցանիշներին․ տեղի փորձագետների և միջազգային կազմակերպությունների կարծիքը։
Ի՞նչ է անում կառավարությունը
Հայաստանի իշխանություններն արագ արձագանքեցին կորոնավիրուսի տարածմանը, և արդեն մարտի 16–ին, երբ երկրում դեռ միայն 50 վարակված կար, արտակարգ դրություն մտցրին։ Ըստ ամենայնի, դրա առիթը վարակվածների պոտենցիալ շրջանակի մասին օպերատիվ տեղեկատվությունն էր։
Արտակարգ դրության սահմանումից հետո վարակվածների թիվը կտրուկ աճեց։ Եվ, թեև իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է, և առողջապահական համակարգը դեռ դիմանում է ծանրաբեռնվածությանը, վարակվածների թվով Հայաստանը երկար ժամանակ առաջատարն էր տարածաշրջանում և միայն վերջերս Ադրբեջանն գերազանցեց այս ցուցանիշով։
Նախարարների կաբինետը կարանտինային միջոցների կիրառման բառացիորեն առաջին օրերից սկսեց մշակել կորոնավիրուսի բացասական սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու քայլեր։
Միջոցառումների մի ուղղությունը ֆինանսական օգնություն է նախատեսում բնակչության առավել խոցելի խմբերի համար՝ այդ ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ընտանիքների, անչափահաս երեխաների ծնողների, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի աշխատակիցների, հղիների և այլ խմբերի համար։
Երկրորդ փաթեթը մշակված է մասնավոր հատվածին սատարելու նպատակով։ Ըստ էության, բիզնեսին հնարավորություն է տրվել աշխատավարձերի վճարման, հումք գնելու, արտահանումը կարգավորելու համար անտոկոս վարկեր վերցնել։ Նախատեսվում է աջակցություն այն ձեռնարկատերերին, որոնք չաշխատելու ժամանակահատվածում չեն կրճատել իրենց աշխատակիցներին և նրանց աշխատավարձ են վճարում։
Այս ծրագրերի իրականացման համար պետությունն իր պահուստային ֆոնդից կտրամադրի մոտավորապես 150 մլրդ դրամ։ Փորձագետները նշում են, որ 2018 թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո տնտեսական աճը ներկայիս կառավարությանն այսօր ձեռնարկվող քայլերի համար որոշակի հիմք է տվել։
Ի՞նչ են կարծում միջազգային կազմակերպությունները
Հեղինակավոր վերլուծական և վարկանիշային գործակալությունները վերանայում են երկրների զարգացման հեռանկարների մասին ավելի վաղ արված կանխատեսումներն ու նոր կանխատեսումներ հրապարակում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Համաշխարհային բանկն ակնկալում է, որ երկրի ՀՆԱ–ն 2020 թ–ի արդյունքում կաճի 1.7%–ով։ Հետագա տարիներին աճը կտատանվի 4%–ի շրջանում։
Պակաս լավատեսական է Moody’s վարկանիշային կազմակերպության կանխատեսումը։ Այն կանխատեսում է այս տարի ՀՆԱ կես տոկոս աճ՝ այն ակնկալիքով, որ 2021–ին աճի տեմպերը կվերականգնվեն։
Արժույթի միջազգային հիմնադրամը մինուսային ցուցանիշներ է կանխատեսում աշխարհի ավելի քան 150 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Անկումը կկազմի 1.7%։ Ընդ որում, զեկույցի հեղինակները ենթադրում են, որ հաջորդ տարի ՀՆԱ–ն կաճի 4.8%–ով։
Միաժամանակ այս բոլոր կազմակերպությունները կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսությունը համընդհանուր ճգնաժամի պայմաններում ավելի քիչ կտուժի, քան տարածաշրջանի մյուս երկրներինը։ Վրաստանում և Ադրբեջանում ավելի խորը անկում է սպասվում, այդ թվում՝ նավթի ցածր գների պատճառով։
Ի՞նչ է լինելու իրականում․ Հայաստանի փորձագետների կարծիքը
Միջազգային կազմակերպությունների կանխատեսումներում միշտ ճշգրտության որոշակի թերացում է նկատվում։
Եվ տեղի փորձագետները նրանցից ստոիյգ թվեր չեն սպասում՝ հատկապես հիմա, երբ անհասկանալի է, թե որքան կտևեն կարանտինային սահմանափակումները Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Հայաստանի տնտեսությունը մինուսի մեջ է գրեթե բոլոր ճյուղերի կտրվածքով, ասում է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը․
«Բացառությամբ մի քանի ոլորտների, օրինակ, մանրածախ առևտրի և դեղագործական գործունեության՝ մնացած բոլոր ոլորտներում այժմ անկում է նկատվում։ Սակայն պահպանվում է ներկրման և արտահանման հնարավորությունը, և այդ համատեքստում այժմ գլխավորն այն է, որ պարենի, մթերքի ապահովման հետ կապված խնդիրներ չկան»։
Եթե կառավարությանը հաջողվի տարին փակել ցանկացած, նվազագույն, բայց դրական թվով, դա ձեռքբերում կլինի, կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Բոլոր երկրների տնտեսությունները, որոնք ապրում են կարանտինի ռեժիմում, այժմ հիմնված են միայն մթերքի և դեղորայքի արտադրության վրա։ Մնացած ճյուղերն ամբողջովին կանգ են առել․
«Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր տնտեսության վերականգնումը միայն մեզնից չէ կախված լինելու։ Շատ բան է պայմանավորված լինելու այն դինամիկայով, որը գրանցում են, նախևառաջ, Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերները [2015 թ–ից Հայաստանն անդամակցում է այդ միությանը, որը ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ — JAMnews]։ 2009 թ–ին [2008 թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո] հստակ պարզ դարձավ, որ Ռուսաստանի տնտեսության միտումներն ուղղակիորեն արտացոլվում են մեզ վրա»։
Իսկ Ռուսաստանը ծանր իրավիճակում է կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, նրա տնտեսությունն ու արժույթն ուղղակիորեն կախված են նավթի գներից։ «ՕՊԵԿ պլյուս»՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (The Organization of the Petroleum Exporting Countries – OPEC) ոչ պաշտոնական ձևաչափում ընդգրկված երկրներն ու Ռուսաստանը պայմանավորվել են նավթի արդյունահանման ծավալների նվազման մասին։ Բացի այդ, համաշխարհային տնտեսությունը բառացիորեն կանգ է առել, հետևաբար, զգալիորեն նվազել է նավթի պահանջարկը։ Եվ միջազային կառույցների կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը, որն, առանց այդ էլ, լճանում էր վերջին տարիներին, կարող է ևս 5-6 տոկոս կորցնել։
«Մեր հիմնական շուկան ինչպես արտահանման, այնպես էլ ֆինանսական միջոցների գեներացման համար Ռուսաստանն է։ Պարզ է, չէ՞, որ այժմ Ռուսաստանում տեղի է ունենում համախառն պահանջարկի մակարդակի նվազում։ Այժմ, եթե պատկերացնենք, որ հաղթահարել ենք պանդեմիան, ապա անգամ այդ դեպքում զբոսաշրջիկները, որոնք այցելում էին մեզ, այլևս չեն գալու», — նշում է Արտակ Մանուկյանը։
Փորձագետը ենթադրում է նաև, որ երկրորդ եռամսյակում անկումը շարունակվելու է․
«Եթե հուլիսից գոնե վերադառնանք զրո կետին կամ ինչ-որ աճ գրանցվի, դա մեծ ձեռքբերում կլինի։ Իմ ընդհանուր գնահատականը -1%–ից մինչև +2% է։ Սակայն, կրկին ասեմ, ամեն ինչ կախված է նրանից, թե երբ է դադարելու վարակի տարածումը»։
Ճգնաժամի պայմաններում կառավարությունը ֆերմերներին կոչ է անում հող մշակել։ Գյուղատնտեսությունը կրկին հավակնում է դառնալ տնտեսության գլխավոր ճյուղը։
Խթան կարող է լինել նաև շինարարության ոլորտը։ Կառավարությունը մեղմել է սահմանափակումները՝ գրեթե ամբողջությամբ թույլատրելով շինարարական գործունեությունը։
Եվրոպայում միայն երկու երկիր կարանտին չի սահմանել՝ Բելառուսն ու Շվեդիան։ Արդյո՞ք ճիշտ էր փակել ձեռնարկություններն ու սահմանափակել տնտեսական գործունեության բոլոր տեսակները Հայաստանում։
Ամեն ինչ կախված է առաջնահերթություններից, վստահ է Արտակ Մանուկյանը։ Հայաստանում ընտրել են մարդկանց առողջությունը։ Սակայն այս իրավիճակը չի կարող երկար տևել, և, հենց հնարավորություն հայտնվի, երկրները շահագրգռված են լինելու հնարավորինս արագ գործարկել բիզնեսն ու բացել սահմանները․
«Մենք պետք է ձգտենք հնարավորինս վերականգնել տնտեսությունը։ Մենք սովորաբար կողմնորոշվում ենք նրանով, թե որքան մարդ կարող է վարակվել։ Սակայն բուժվածներն իմունիտետ են ձեռք բերում, ինչը թույլ է տալիս չվարակվել։ Բանն այն է, որ կգա ժամանակ, երբ պետությունները կսկսեն դռները բացել համագործակցության համար։ Հատկապես մայիս–հունիսին հենց այդպիսի պատկեր ենք տեսնելու»։
Հայաստանի համար գլխավոր հարցն այն է, թե երբ է հաջողվելու վերադառնալ տնտեսության աճի նախորդ տեմպերին։
Վարակի տարածումից առաջ 2020 թ–ի առաջին երկու ամսում տնտեսական ակտիվությունն աճել էր 8.7%–ով՝ 2019 –ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անցյալ տարի տնտեսական աճը կազմել էր 7.6%։
«Եթե ենթադրենք, որ ամռանը համաճարակը կնահանջի, և համաշխարհային տնտեսությունը կսկսի վերականգնվել, ապա 2021 թ–ին մենք տնտեսական աճ ապահովելու իրական հնարավորություն կունենանք։ Եվ դա դրական արդյունք կլինի», — կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Արտակ Մանուկյանը կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսության անկման տեմպերն աստիճանաբար դանդաղելու են, շատ երկրներ սկսելու են մեղմել սահմանափակումները․
«Միգուցե ես չափից դուրս լավատես եմ, բայց կարծում եմ, որ մայիսի սկզբին կհաջողվի զգալի հաջողություն գրանցել վարակի դեմ պայքարում։ Եվ դրանից հետո կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնում»։