Հայաստան. նա, ով հաց բերեց և մահացավ
Երևանում նյարդային իրավիճակ է. հասարակության մեծ մասը սուր է արձագանքել մարտի 16-ին Արթուր Սարգսյանի մահվանը: Արթուրը հայտնի դարձավ Երևանում 2016թ-ի հուլիսին ընդդիմադիր խմբի և ոստիկանության միջև դիմակայությունից հետո:
2016թ-ի հուլիսի 17-ին զինված խումբը Երևանում գրավել էր Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը՝ պահանջելով դրանից մոտ մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ու նախագահ Սարգսյանի հրաժարականը:
Դիմակայությունը շարունակվում էր ավելի քան երկու շաբաթ:
07/2016
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը Ֆեյսբուքում հայտարարել էր զինված ապստամբություն սկսելու մասին և ժողովրդին կոչ արել մոբիլիզացվել: «Հեղափոխությունը սկսվել է, միացեք», — գրել էր նա՝ կոչ անելով փողոց դուրս գալ և իշխանափոխություն սկսել: JAMnews-ի ռեպորտաժը 2016թ-ի հուլիսի իրադարձությունների մասին:
Հուլիսի 26-ին դեպքի վայրում հայտնվեց Արթուր Սարգսյանը: Ոստիկանության գնդակոծության ներքո նա իր մեքենայով մեծ արագությամբ ճեղքեց ոստիկանության պատնեշն ու հասավ պաշարված խմբին: Ինչպես ավելի ուշ բացատրեց, իր միակ նպատակը մի քանի օր սովի մատնված ընդդիմադիրներին սնունդ հասցնելն էր:
Արթուր Սարգսյանն անհավանականորեն հայտնի դարձավ այդ պատմությունից հետո՝ ստանալով «Հաց բերող» մականունը: Նա, սակայն, ձերբակալվեց և մեղադրվեց «ոստիկանական ստորաբաժանման և հարակից տարածքների վարչական շենքի գրավման և վերահսկողության տակ պահելու աջակցության մեջ»:
Սկզբում՝ կալանավուրումից 6 ամիս անց նրան ազատ արձակեցին երկրից չբացակայելու ստորագրությամբ: Սակայն 2017թ-ի փետրվարի 9-ին մեղադրեցին այդ պայմանը խախտելու համար, և դատարանը վճիռ կայացրեց նրան երկու ամսով կալանավորելու մասին: Ի պատասխան Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց:
Հացադուլը շարունակվեց 25 օր: Այնուհետև մարտի 6-ին նրան ազատ արձակեցին 26 պատգամավորի երաշխավորմամբ, որոնցից վեցը յուրաքանչյուրը 500 հազար դրամ գրավ վճարեց:
Սակայն մարտի 15-ին Արթուրի վիճակը կրիտիկական վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց և նույն գիշեր անմիջապես վիրահատվեց: Սակայն «Հաց բերող»-ին փրկել չհաջողվեց: Արթուրը մարտի 16-ին մահացավ: Մահվան պաշտոնական պատճառը՝ սրտի աշխատանքի դադարն էր:
Ակտիվիստները նրա մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և այժմ պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնք նպաստել են նրա կալանավորմանը:
Հիմնական մեղավորների թվում նշում են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ պահանջելով նրանց հրաժարականը:
Ակտիվիստները պահանջում են նաև հուղարկավորել Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, քանի որ նա 1991-1994թթ-ին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին:
Բողոքի ալիքի ժամանակագրությունը
Փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը (Արթուր Սարգսյանի ազատ արձակման օրը) մի խումբ ակտիվիստներ շարունակում էին Երևանի Ազատության հրապարակում նստացույց անցկացնել ի աջակցություն «Հաց բերողի»:
Մարտի 2-ին «Հակահարված» արտ-խումբը գրաֆիտի նկարեց խորհրդարանի պատին՝ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Սակայն գրաֆիտին շատ շուտով համապատասխան մարմինները մաքրեցին:
Մարտի 16-ին՝ Արթուր Սարգսյանի մահվան օրը, մոտ 100 մարդ, չնայած հորդառատ անձրևին, երթով անցավ Երևանի փողոցներով՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ Արթուր Սարգսյանի հիշատակի ակցիային :
Մարտի 17-ին երկու հազարից ավել ցուցարարներ Երևանում մասնակցեց երթին: Նրանք պարբերաբար արգելափակում էին երթևեկությունը՝ կարճատև նստացույցեր անցկացնելով: Հասնելով Հանրապետության հրապարակի կառավարության շենքին՝ բողոքի ակցիայի կազմակերպիչները Հայաստանի նախարարների կաբինետին փոխանցեցին Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու պահանջը: Վարչապետի խորհրդական Հայկ Զոհրաբյանը խոստացավ, որ պատասխանը կլինի հաջորդ օրը:
Նույն օրը մոտ 30 ակտիվիստներ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Նրանք հայտարարեցին, որ մտադիր են փուլ առ փուլ հասնել իրենց պահանջների կատարմանը:
Շաբաթ՝ մարտի 18-ին, ցուցարարների մոտ կառավարությունից այդպես էլ ոչ ոք դուրս չեկավ և չհայտնեց Արթուր Սարգսյանի հուղարկավորության հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Ի նշան բողոքի ակտիվիստները փորձեցին փակել Հանրապետության հրապարակի երթևեկությունը, սակայն ոստիկանությունն ուժ կիրառեց՝ նրանց հեռացնելով երթեևկելի մասից:
Այդ ժամանակ ակտիվիտները վերադարձան Ազատության հրապարակ և հայտարարեցին, որ կշարունակեն բողոքել և երկրի բնակչությանը զանգվածաբար կներգրավեն իրենց կազմակերպած անհնազանդության ակցիաներին:
Ինչո՞ւ են մեղավոր հենց առողջապահության և արդարադատության նախարարությունները
Որովհետև Արթուր Սարգսյանը տառապում էր Բեխտերևի հիվանդությամբ: Այն ներառված է նախարարների կաբինետի հաստատած հիվանդությունների ցուցակում, որոնք համատեղելի չեն բանտարկության հետ: Այնուամենայնիվ նա կալանավորվել էր:
Բացի այդ, Արթուր Սարգսյանը նախկինում ողնաշարի պրոթեզավորման վիրահատության էր ենթարկվել: Իսկ առաջին կալանավորման ժամանակ բանտում նրա մոտ ստամոքսի և կերակրափողի էրոզիա, ինչպես նաև կերակրափողի ճաք հայտնաբերվեց, որի պառճառով Արթուր Սարգսյանի մոտ ներքին արյունահոսություն և արյունով փսխում էր նկատվել:
2016թ-ի դեկտեմբերի կեսերին Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով հանձնարարել Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրա բուժման համար: Մի քանի օր անց ՄԻԵԴ-ը երկրի կառավարությյունից կալանավորի առողջության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պահանջեց:
Արդյո՞ք հացադուլն էր Արթուր Սարգսյանի մահվան պատճառը: Մոտ ապագայում կհրապարակվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, սակայն, ըստ ամենայնի, միգուցե կարելի է պնդել, որ հացադուլը մոտեցրեց նման հիվանդություններն ունեցող մարդու մահը:
Հայ իրավապաշտպաններն այսօր Արթուր Սրգսյանին «խղճի գերի» են անվանում:
Ինչ են գրում սոցցանցերում
Աղբյուրը՝ medialab.am
Դատելով հայկական սոցցանցերի հրապարակումներից՝ հասարակության մեծ մասը կատարվածը որպես անձնական ողբերգություն է ընկալում:
Թրենդ առաջին՝ ռեժիմը սպանեց Արթուրին
«Հանրապետական կուսակցությունը ցավակցություն է հայտնել Արթուր Սարգսյանի մահվան կապացությամբ: Ձե՞ռ եք առնում: Մարդուն սպանում եք, հետո ցավակցությո՞ւն հայտնում: Ո՞ւր էին հանրապետականները, երբ 25 օր շարունակ Արթուրը հացադուլ էր անցկացնում: Ո՞ւր էին հանպարետական պատգամավորները, երբ ի աջակցություն Արթուրի ստորագրահավաք էր անցկացվում: Գոնե հիմա զո՛ւսպ եղեք, ձեր ցինիզմը սահմաններ չի ճանաչում»:
«Դուք [իշխանությունները] ոչ թե Արթուրին եք սպանել, դուք սպանել եք համբերության վերջին կաթիլը: Մենք այլևս չենք սպասելու, մենք պատրաստվելու ենք»:
Թրենդ երկրորդ՝ Արթուրին սպանել է հասարակության անտարբերությունը
«Նա մահացավ ոչ թե իշխանությունների պատճառով, այլ մեր, մեր փոքրոգության պատճառով»:
«Արթուրը չկա: Ռեժիմը սպանեց նրան, իսկ մենք դա թույլ տվեցինք»:
Թրենդ երրորդ՝ նախընտրական
«Իր մահով Արթուրը մարտահրավեր է նետել ճահճին, որը կոչվում է քաղաքական համակարգ. դա մարտահրավեր է և՛ իշխանական կուսակցությանը, և՛ այն ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են անվանում: Նա հաղթեց, առջևում մեր ընտրությունն է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ քաղաքական երեսպաշտությանը»:
«Ով հարգում է Արթուրի հիշատակը, պետք է բոյկոտի ընտրությունները, քանի որ ըտրությունները խաթարելը նրա վերջին ծրագիրն էր»:
«Լավ կլիներ, որ բոլոր այն թեկնածուները, որոնք գիտեն հացի գինը, հրապարակայնորեն հրաժարվեին նախընտրական պայքարին մասնակցելուց»: