Օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 181-ով և դարձել 43 451:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 5 մարդ, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 869-ի։
Առողջացել է ևս 276 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 37 264։
Շարունակում է բուժում ստանալ 5 052 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 202 253 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 746:
Օգոստոսի 27-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է վարակման թվերի նվազման մասին․
«Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված։ Եվ էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»։
Փաշինյանը հիշեցրել է նաև, որ կանոնները թուլացվել են և այժմ դրանք պահպանելն ավելի հեշտ է, քան նախկինում: