Հայաստան, կորոնավիրուս. երկարաձգվել է խիստ սահմանափակումների ռեժիմը, գործարկվում է մարդկանց տեղաշարժի առցանց վերահսկման համակարգ
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 571-ի։ Ապաքինվել է 31 մարդ, 3-ը մահացել է, 150-ը՝ դուրս եկել մեկուսացումից։
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրության ռեժիմի խիստ սահմանափակումների տևողությունը երկարաձգվել է։ Արտակարգ իրավիճակը հաստատվել է մարտի 16-ին և կտևի մինչև ապրիլի 14-ը։ Մարտի 25-ից մինչև 31-ը տեղաշարժի սահմանափակում էր մտցվել։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 12-ը։
Վարչապետը, որը վստահության բարձր վարկանիշ ունի, խիստ միջոցների երկարաձգման հնարավորության մասին նախապես էր զգուշացրել՝ մինչ պարետատան հայտարարությունն այս որոշման մասին։
«Ստիպված ենք նվազագույնը 10 օրով երկարաձգել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է։ Երկու բացասական ծայրահեղություն կա. մեկը խուճապն է, մյուսն՝ իրավիճակի նկատմամբ շատ հանգիստ վերաբերմունքը։ Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն կարողացանք իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Կարծես, մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկնում. շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին», — ասել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Հայաստան. պաշտոնյաների պարգևավճարները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Վարակի էլ ավելի տարածումը կանխելու համար խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժին։ Մարդկանց վայրից վայր տեղափոխումների և շփման նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է հատուկ ծրագրով, որը մարդիկ պետք է ներբեռնեն հեռախոսների մեջ։
Կառավարության այս նախաձեռնությանը սատարել են միայն իշխող դաշինքի պատգամավորները։ Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել քվեարկությանը՝ չնայած նախագծի հեղինակների այն պնդումներին, որ
- մարդկանց աձնական տվյալները հեռացվելու են արտակարգ դրության ռեժիմի ավարտից անմիջապես հետո,
- զանգերը չեն գաղտնալսվելու։
Արդարադատության նախարարը, որը ներկայացնում էր նախագիծը, պարզաբանել է, որ առցանց համակարգը միայն հետևելու է մարդկանց գտնվելու վայրին և շփման շրջանակին, ինչը թույլ կտա անհապաղ մեկուսացնել նրանց, ովքեր շփվել են վարակված անձանց հետ։
Ավելի շատ սահմանափակումներ՝ պարետից
Այսպիսի տեսք ունի սահմանափակումների նոր ցանկը.
- Դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի։ Թույլատրված է տաքսիների գործունեությունը։ Որոշման համաձայն այժմ տեղաշարժը հնարավոր է միայն տնից դեպի աշխատավայր և հետ։
- Սահմանափակվում է քաղաքացիների միջմարզային տեղաշարժը։ Այս պահանջի կատարման համար ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգվել էր ապրիլի 1-ից ժամը 14։00-ից հատուկ հսկիչ անցակետեր տեղադրել։
- Թույլատրված է ընտանիքի անդամների, միևնույն կազմակերպության աշխատակիցների տեղաշարժը մարդատար ավտոմեքենաներով՝ առանց թվի սահմանափակման։
- Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է ներկայացնել ձևաթուղթ, որը լրացված է գործատուի կողմից։ Դրանում պետք է նշված լինեն անձնագրայի տվյալները, ընկերության անվանումը, տվյալ անձի պաշտոնը և աշխատանքային ժամերը։
- Խստացվում են սանիտարահիգիենիկ նորմերը գրասենյակային տարածքներում։ Աշխատակիցների միջև հեռավորությունը պետք է լինի երկու մետրից ոչ պակաս, տասն աշխատակիցների համար նախատեսված է մաքուր ջրի մեկ ծորակի առկայություն։
- 60 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողների և փոքր երեխաների ծնողների համար գործատուին խորհուրդ է տրվում հեռավար աշխատանք կազմակերպել։
- Բոլոր նրանք, ովքեր տնից դուրս են գալիս խիստ անհրաժեշտության դեպքում, պետք է, ինչպես արդեն պահանջվում էր մարտի 25-ից, տեղաշարժի ձևաթուղթ լրացնեն՝ նշելով ելքի հասցեն, դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը։
Ո՞ւմ է թույլատրվում աշխատել
— Հեռահաղորդակցման ընկերություններին թույլատրվում է սպասարկել բնակչությանը առցանց (միայն անհետաձգելի դեպքերում կարող են իրականացվել, օրինակ, վերանորոգման աշխատանքներ՝ պահանջված տեղերում)։
— Նույնն է կոմունալ ծառայությունների հետ կապված իրավիճակը. բոլոր վճարումներն ընդունվելու են առցանց կամ վճարային սարքերի միջոցով։ Տեղում իրականացվելու են միայն վթարային-վերականգնողական աշխատանքներ։
— Բանկերի և ապահովագրական ընկերությունների աշխատանքը սահմանափակված է։
— Թույլատրված են գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև մթերքի և ալկոհոլային խմիչքների արտադրությունը։
— Կարող են աշխատել հանքերը։
— Թույլատրված է դեղագործական, թղթի-ստվարաթղթի ձեռնարկությունների և տպագրատների աշխատանքը, պլաստիկ տոպրակների և փաթեթների արտադրությունը։
— Կարելի է արտադրել օճառ և մաքրող միջոցներ։
— Կարելի է արտադրել կոսնետիկ պարագաներ։
— Կարող են աշխատել դեղատները, մթերային, ավտոպահեստամասերի խանութներն, ինչպես նաև գազա- և բենզալցակայանները։
— Թույլատրված է ճաշարանների աշխատանքը, որոնք գտնվում են գործող ձեռնարկությունների տարածքում։
— Աշխատանքը կարող են շարունակել հյուրանոցները։
Շարունակում են փակ մնալ հագուստի խանութները, ռեստորանները, սրճարաններն և բարերը։
Մանրամասներ՝ խոհրդարանի ընդունած նախագծի մասին
Արտակարգ դրության պայմաններում մարդկանց տեղաշարժը և շփման շրջանակի առցանց հսկման մասին օրինագիծը խորհրդարանում բուռն բանավեճ է առաջացրել։
Ընդդիմությունը կտրականապես դեմ էր, որ պետական մարմիններին թույլատրվի վարակի տարածման կանխարգելման համար հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին և գտնվելու վայրին։
Սակայն իշխող մեծամասնությունը բավականաչափ ձայներ ունի, և մարտի 31-ին թեկուզ և երկրորդ փորձից, բայց օրենքն ընդունվեց։
Ընդդիմությանն անհանգստացնում էին հետևյալ հարցերը.
- երկրի քաղաքացիների անձնական տվյալների օգտագործումը,
- որ հաստատությունն է զբաղվելու տեղեկության հավաքագրմամբ և վերահսկմամբ,
- տեխնիկական և տեղեկատվական անվտանգության որ մեթոդներն են կիրառվելու։
Նշվում էր, որ այս կամ այն մարդու գտնվելու վայրը պարզելու համար նրա զանգերին հետևելու անհրաժեշտություն չկա, քանի որ հեռախոսազրույցը կենդանի շփում չի ենթադրում։
Ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բազմիցս վստահեցրել է, որ զանգերի բովանդակությունը չի գաղտնալսվելու.
«Ոչ մի գաղտնալսում չի կարող լինել։ Միայն վերահսկվելու է այն անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիուսով վարակվածը՝ քաղաքացիների իրավունքների պահպանմամբ»։
Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ ծրագիրը վերլուծելու է, թե որտեղ և ում հետ է շփվել վարակված անձը վերջին երկու շաբաթում.
«Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք վերահսկել մարդկանց, սա միայն նշանակում է, որ մենք ուզում ենք կանխարգելել համաճարակի տարածումը»։
Որպեսզի նոր միջոցը գործի, երկրի բնակիչները պետք է իրենց սմարթֆոններում ներբեռնեն կառավարության հաստատած հավելվածը։ Վերահսկել նրանց, ովքեր սմարթֆոն չունեն, պետական մարմինների համար ավելի բարդ է լինելու։ Նրանց համար մշակվում են վերահսկողության այլ մեթոդներ։ Թե հստակ ինչպիսի, դեռ պարզ չէ։
Օրենքով նախատեսվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո քաղաքացիների բոլոր տվյալներն, այդ թվում՝ անձնական, ոչնչացվելու են մեկ ամսվա ընթացքում։