Կարծիք․ հայերը վստահում էին Ռուսաստանին, սակայն սխալվեցին
Հայաստանում ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչները, որոնք մոտ էին Հայաստանի նախկին իշխանություններին, Փաշինյանին մեղադրում են Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների համար․ իբր իրենք հաստատ Մոսկվայից ռազմական օգնություն կստանային։
Թե ինչպես կզարգանան Մոսկվայի և Երևանի հարաբերությունները և ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին, ռուսական «Նովայա գազետային» տված հարցազրույցում պատմել է հայ քաղաքագետ, դիվանագետ, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, 2018թ․ «թավշյա» հեղափոխության մասին գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը։
Ներկայացնում ենք նրա հարցազրույցի հիմնական թեզերը․
Ինչո՞ւ Ռուսաստանը չօգնեց
— Ղարաբաղյան պատերազմում Կրեմլի դիրքորոշման վրա կարող էր ազդած լինել վարչապետ Փաշինյանի հանդեպ նախագահ Պուտինի վերաբերմունքը։
Հայտնի է, որ Պուտինին այնքան էլ դուր չեն գալիս մարդիկ, որոնք իշխանության են գալիս ցույցերի, հեղափոխությունների միջոցով։
— Ռուսաստանը չօգնեց պատերազմում։ Սպառազինության ինչ-որ նվազագույն մատակարարումներ եղան, սակայն գլոբալ առումով՝ չօգնեց։ Փաշինյանի նկատմամբ Պուտինի հակակրանքի գործոնն այդտեղ դեր է խաղացել, սակայն այն գլխավորը չէր։ Գլխավորն այն էր, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է Թուրքիան։
Այսօրվա ռուսական քաղաքականության համար կարևոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի, Եվրամիության համար խնդիրներ է ստեղծում։ Սրանք են իրողությունները․ Ռուսաստանը քննադատական վերաբերմունք ունի Արևմուտքի նկատմամբ, իսկ Թուրքիան այստեղ հսկայական դեր է խաղում։ Կարծում եմ, որ սա է հենց ճնշող գործոնը հակամարտությանը ռուսական իշխանությունների վերաբերմունքի հարցում։
— Երբ պատերազմ սկսվեց, և պարզ դարձավ, որ դա լուրջ է, Ռուսաստանի մոտ շահ առաջացավ՝ խաղաղապահներ մտցնել տարածաշրջան։ Այդ մասին խոսակցություններ պարբերաբար նախկինում էլ էին լինեում, սակայն շանսերը քիչ էին։ Այժմ Ռուսաստանը հասկացավ, որ դա կարող է տեղի ունենալ, այդ պատճառով էլ այնքան էլ ակտիվ չէր օգնում Հայաստանին, որպեսզի նա համաձայնի խաղաղապահների տեղակայմանը։ Արդյունքում այդպես էլ տեղի ունեցավ։
— Ռուսաստանը փաստացի Ադրբեջանին «տվեց» Շուշին ու Հադրութը, որպեսզի նա համաձայնի խաղաղապահներին։
— Գլխավոր գործոնը Թուրքիայի դերն էր, որն այժմ կենսական կարևորություն ունի ռուսական իշխանության հայեցակարգի համար, և խաղաղապահներ մտցնելուն Ադրբեջանի համաձայնությունը ստանալը։ Թե որքանով է դա ճիշտ և հեռատեսական Ռուսաստանի կողմից՝ ժամանակը ցույց կտա։
Արդյո՞ք Փաշինյանը մեղավոր է
— Այժմ մարդիկ բողոքում են իշխանության դեմ, Փաշինյանի դեմ։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք կհասկանան և կգիտակցեն, որ Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, և պետք է նրան այլընտրանք գտնել։ Մենք վստահում էինք Ռուսաստանին, սակայն սխալվեցինք։
— Հայաստանի նախորդ իշխանություններն արտաքին քաղաքական այլընտրանք չեն ստեղծել Ռուսաստանին, իսկ նոր իշխանություններն ամեն ինչ շատ դանդաղ են արել։
— Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում արևմտամետ քաղաքական գործիչ է համարվում, իսկ Արևմուտքում՝ ռուսամետ։ Ինչպե՞ս կարող էին հայ դիվանագետները թույլ տալ, որ նրա համար նման հեղինակություն ստեղծվի։ Իրականում նա դասական հայամետ գործիչ է։ Եվ որպեսզի սա աշխարհում հասկանան, դիվանագետները պետք է աշխատեին։
— Հայկական բանակի վիճակի վերաբերյալ դժգոհություններն ուղղում են նախորդ իշխանություններին։ Սակայն ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանը գնել է 2019 թ-ին, Փաշինյանի կառավարման ժամանակ, իսկ այժմ պարզվեց, որ դրանք այսպիսի պատերազմի համար անպետք են։ Ինչո՞ւ էին դրանք գնում։
2016 թ․ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն արդեն մեր դեմ դրոններ էր կիրառել, և պարզ էր, որ դա է ժամանակակից պատերազմի զենքը։
Ինչո՞ւ մենք դրոններ և դրանց դեմ պայքարի միջոցներ չենք գնել, որոնք շատ ավելի էժան են կործանիչներից։
Արդյո՞ք Փաշինյանը պետք է հեռանա
— Ես Փաշինյանի հրաժարականի կողմնակիցը չեմ։ Եվ ոչ այն պատճառով, որ կատարվածն ինձ համար աղետ չէ։ Սակայն պետք է հասկանալ, թե ով է Հայաստանում դիմակայում Փաշինյանին։ Դա ոչ միայն քաղաքական ընդդիմությունն է, այլ նաև ագրեսիվ խմբավորումները։ Արդեն ապացուցված է, տեսանյութերում արձանագրված է, որ նոյեմբերի 10-ին կառավարության շենքի վրա հարձակվածների թվում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, նրանց ազգականները և այլն։ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ դա հեշտ է պարզելը։ Բացի այդ, Փաշինյանն այժմ էլ բարձր վարկանիշ ունի։ Իսկ մեզ կայունություն է պետք։ Նրա հրաժարականը կապակայունացնի Հայաստանը։
Խոսքը երկու-երեք ամսվա հեռանկարի մասին է։ Եվ ինքն էլ չի ասում, որ ընդմիշտ մնալու է։ Նա խնդրում է իրեն մինչև հունիս ժամանակ տալ և բավականին խելամիտ քայլեր է առաջարկում, որոնք կիրականացնի այդ ընթացքում։
— Կատարվածում ժողովրդի մեղքի բաժինը կա։ 70% վարկանիշը ծաղր է քաղաքական առաջնորդի համար։ Սակայն մարդիկ պարզապես կորցրել էին գլուխները, նրանք քննադատական վերաբերմունք չունեին Նիկոլի կուսակցության նկատմամբ։ Ես նրանց հասկանում եմ, նրանք այնքան էին հոգնել նախկիններից, որ պատրաստ էին քվեարկել ում օգտին պատահի։ Արդյունքում՝ մեզ մոտ մի կուսակցություն բացարձակ մանդատ ունի։
— Ես դեմ եմ մոտակա 2-3 ամսում արտահերթ ընտրություններին։ Ընտրությունները միշտ սթրես են։ Իսկ այժմ, երբ մենք պարտվել ենք պատերազմում, դաշնակիցների ընտրության հարցում, հավատո՞ւմ եք, որ մարդիկ կգնան քվեարկության՝ հետաքրքրվելով, թե ինչ սոցիալ-տնտեսական ծրագիր ունի կուսակցությունը։
Նոր աղետ կլինի։ Քանի որ ընտրությունները կրկին կլինեն «սևերի» և «սպիտակների» միջև, ինչ-որ մեկը կրկին կստանա 70% և ևս երեք տարի մեզ կասի, որ ժողովուրդն իրեն բացարձակ մանդատ է տվել։ Այդ պատճառով էլ ես կողմ եմ նոր խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ մոտակա երկու-երեք ամսում։