Սեփական տանիքի տակ. Հայաստանում այլևս չեն լինի մանկատան անտուն շրջանավարտներ
Հայաստանի մանկատների սաները 18 տարին լրանալուց հետո թողնում են հաստատությունը: Չափահասությունը նրանց կանգեցնում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների առջև, որոնցից առաջնայինը կացարանի հարցն է: Մանկատան շրջանավարտներից շատերը՝ զրկվելով պետական աջակցությունից բառացիորեն հայտնվում էին փողոցում, թեև տարբեր տարիների պետությունն իրականացրել է նրանց բնակարանով ապահովելու ծրագրեր:
Այս տարի մանկատների բոլոր 300 դեռևս անտուն շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր են ստացել պետությունից: Նրանցից ոմանք բնակարանի հերթում սպասել են շուրջ 17 տարի, շատերն արդեն ընտանիքներ ունեն, ոմանք՝ անգամ թոռներ:
Կառավարության որոշմամբ՝ մանկատների շրջանավարտներից յուրաքանչյուրին վկայագրով տրամադրվում է 6.3 մլն դրամ, որը նրանք կարող են ծախսել միայն բնակարանի ձեռքբերման վրա: Գումարը բավարար չէ Երևանի կենտրոնում բնակարան ձեռք բերելու համար, սակայն մայրաքաղաքի ծայրամասերում կամ մարզերում՝ հաստատ հնարավոր է: Գումարը կարող է օգտագործվել նաև որպես բնակարանի գնման համար հիպոթեքային վարկի կանխավճար:
Իսկ ի՞նչ է կատարվել մինչ այս պետբյուջեից հատկացված գումարների հետ, ինչո՞ւ հարցը մինչ այժմ չէր լուծվում։
•Հայաստան․ կրթությունը՝ հակամարտության անտեսանելի զոհ
•Անսպասելի, բայց սպասված. ինչպես հեռավար կրթությունը դպրոցից տուն մտավ
Մի ընտանիքի պատմույթուն
Նելլին և Արսենը երկուսն են մանկատների այն 300 շրջանավարտներից, ովքեր բնակարանի գնման վկայագրեր են ստացել:
Նրանք երկուսն էլ մեծացել են մանկատանը, հենց այստեղ ծանոթացել, սիրահարվել ու ընտանիք կազմել: Նելլին մանկատանը հայտնվել է 7 տարեկանում՝ քրոջ հետ, մոր մահից հետո, իսկ Արսենն այլ տուն երբեք չի ունեցել:
«Արդեն 2 ամիս է լինում, որ գնել ենք մեր տունը: Մեր ուժերի ներածի չափով փորձում ենք նորոգել, կահույք գնել: Վերանորոգումը, հիմնականում, Արսենն է անում՝ ընկերների հետ: Հիմա միայն տանիքն է մնացել, բայց դա էլ կանենք: Հիմա Արսենը շատ զբաղված է, ԱԻՆ-ում է աշխատում, օգնում է կորոնավիրուսով վարակված մարդկանց: Մի քիչ վիճակը վերահսկելի դառնա, տանիքն էլ կսարքի», — ասում է Նելլին:
Տանը երեք սենյակ կա, փոքրիկ որդու համար են առանձին սենյակ նախատեսել: Նելլին խոստովանում է՝ մինչև այսօր սեփական բնակարան ունենալու հնարավորությունն անհավանական է թվում.
«Տուն ունենալը մանկատան բոլոր երեխաների ամենամեծ երազանքն է: Ես և Արսենը ամուսնանալուց հետո միշտ վարձով ենք ապրել: Երբ վարձով ես ապրում, քեզ թույլ չես տալիս տանն ինչ-որ բան փոխել, տեղաշարժել, նորոգել, չէ՞ որ այն քոնը չէ: Հիմա, երբ արդեն մեր տունն ունենք, երբեմն հավատս չի գալիս, որ սրտիս ուզածը կարող եմ անել․փոխել, ներկել, նորոգել: Այդ ազատության զգացողությունը շատ հաճելի է», — ասում է Նելլին:
Այս ընտանիքում ընդունված չէ տրտնջալ. իրենց ուժերով կրթություն են ստացել, աշխատանք գտել: Հիմա էլ իրենց տունն են ստեղծում՝ անշտապ ու սիրով:
Ինչո՞ւ մանկատան շրջանավարտները չեն ստացել բնակարաններ
«Ըստ էության, այս ծրագրի իրականացմամբ մենք մարում են անկախությունից հետո մանկատան շրջանավարտների առջև պետության ունեցած պարտավորությունը: Ծրագրի մեկնարկին մենք ունեինք 218 մարդու ցուցակ, ովքեր մանկատներից դուրս էին եկել 1991-2013 թթ.-ին և մինչ օրս սպասում էին իրենց բնակարաններին:
Այս ծրագրով մենք նախատեսում ենք վկայագրեր տալ ոչ միայն նրանց, այլև արդեն այս տարվա շրջանավարտներին: Այսինքն՝ մենք այլևս չենք ունենա մանկատան որևէ շրջանավարտ, ով բնակարանի խնդրի առջև կկանգնի», — ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Սա մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու Հայաստանի կառավարության առաջին փորձը չէ: Նմանատիպ ևս 2 ծրագիր «իրականացվել» է տարիներ առաջ, սակայն բնակարաններն այդպես էլ չեն հասել իրենց շահառուներին։ Իսկ թե ինչո՞ւ՝ դրա մասին չէր բարձրաձայնվում:
Ծրագրերից մեկը պետք է իրականացվեր 2003-2013 թթ.-ին: Ըստ ներկայացված նախագծի՝ կառավարությունը մանկատան նախկին սաներին բնակարաններ պետք է հատկացներ Հայաստանում կառուցվող բազմաբնակարան շենքերում:
Ծրագրի ավարտին մանկատան միայն 7 շրջանավարտների 1 սենյականոց բնակարաններ են հատկացվել Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում:
2003-2008 թվականներին, երբ կատարվել են այս ծրագրի ամենախոշոր դրամական հատկացումները, առանց մրցույթի պայմանագրեր են կնքվել երեք կազմակերպությունների հետ, որոնց հաշիվներին էլ փոխանցվել են գումարները՝ ավելի քան 1 մլրդ 800 մլն դրամ:
Համեմատության համար՝ այս տարի 300 շրջանավարտի բնակարանի գնման վկայագրերի համար նախարարությունն իր խնայողություններից հատկացրել է գրեթե նույն չափի գումար՝ 1 մլրդ 900 մլն դրամ։
Այն, թե ինչպես է իրականացվել բնակարանների ձեռքբերման և տրամադրման գործընթացը տարբեր պաշտոնական փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացվում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2006 թ.-ի բյուջեի կատարողականի մի էջում գրված է՝ բնակարանների ձեռքբերման հարցում «աջակցել են 56 շահառուհի», սակայն հաջորդիվ նշված է, թե «բնակարան ձեռք չի բերվել, քանի որ մրցույթները չեն կայացել»:
Ըստ կատարողականի՝ 2007 թ.-ին «Արիաց գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 284 մլն դրամի պայմանագիր, սակայն նախատեսված 45 բնակարանից գնվել են միայն 32-ը: Մինչդեռ Վերահսկիչ պալատի 2008 թ.-ի հաշվետվության մեջ նշվում է, որ գնվել է 19 բնակարան, այն էլ՝ բնակության համար ոչ պիտանի վիճակում:
Ի վերջո, 2008 թ.-ին կառավարությունը դադարեցրեց այս ծրագիրը՝ հիմք ընդունելով Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները, որոնցում ծրագրի իրականացումը որակվել էր «սարսափելի»։
Գնված 160 բնակարանների մեծ մասում ապրելն անհնար է եղել, դրանք շենքերի տեխնիկական, նկուղային տարածքներ էին՝ կոյուղու և ջրագծերի մեջ։ Ընդհանուր առմամբ, 1,5 միլիարդ դրամի չարաշահում էր հայտնաբերվել։
Քրեական գործ հարուցվեց, որը, սակայն, ընթացք չստացավ, իսկ անտանիք մնացած մանկատան սաների մի մասը՝ 166 հոգի, տեղավորվեց սոցիալական բնակարաններում: Սրանք բնակարաններ են, որոնք պետության կողմից անհատույց տրամադրվում են 10 տարով բնակվելու համար, սակայն բնակվողները դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չունեն, իսկ 10 տարի անց պետք է լքեն դրանք:
Այս ծրագրին զուգահեռ՝ բնակարանի մեկ այլ հերթացուցակ է կազմվել, որում ընդգրկվել են միայն հարազատների ընտանիքներում ապրող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Այս ծրագիրը տարբեր տարիների իրականացրել են հասարակական կազմակերպությունները, որոնց 2011-2013 թթ.-ին պետական բյուջեից հատկացվել է շուրջ 36 մլն դրամ՝ յուրաքանչյուր տարի 40 կարիքավորի բնակարանով ապահովելու համար:
Թե ինչպես են իրականցվել այս ծրագրերը, հասկանալի է դառնում՝ հերթացուցակում մինչ օրս սպասող մարդկանց թիվը հաշվի առնելիս:
10 տարի անց՝ սեփական տանը
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը որոշեց 164 ընտանիքների նվիրաբերել այն սոցիալական բնակարանները, որոնք 2003-2015 թ.-ին որպես ժամանակավոր կացարան ստացել էին մանկատների շրջանավարտները:
10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստացված բնակարանների վերաբերյալ պայմանագրերով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին շուրջ 16 տարի ընթացք չէր տրվել:
«Երբ մեկնարկեց մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման ծրագիրը, պարտադիր պայման դրվեց, որ բնակարանի գնման վկայական կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, ովքեր նախկինում չեն օգտվել պետական նմանատիպ այլ ծրագրերից, չունեն սեփականություն և վերջին հինգ տարիներին չեն օտարել անշարժ գույք:
Այսպիսով, մյուս շրջանավարտները, ովքեր ստացել էին բնակարաններ, բայց չունեին դրանց նկատմամբ որևէ իրավունք, հայտնվեցին անարդար պայմաններում: Հենց այդ անարդարությունը վերացնելու համար որոշեցինք այս քաղաքացիներին նվիրաբերել այն տները, որտեղ իրենք արդեն իսկ ապրում էին», — ասում է նախարար Զարուհի Բաթոյանը:
Բացի այդ, մանկատան երեք շրջանավարտ, ում 2003-2004 թթ.-ին հատկացրել էին սենյակներ՝ 3-րդ կարգի վթարային շենքերում, բացառության կարգով կստանան բնակարանի գնման վկայականներ:
Անին նրանցից մեկն է.
«Չեմ կարող ասել, թե ինչ է մեզ համար նշանակում սա: Երեխաներս, վերջապես, վախով չեն քնի՝ կիսաքանդ տանը: Ի վերջո, լողասենյակ կունենանք: Բազմիցս այս հարցով դիմել էինք կառավարությանը, սակայն գիտեինք՝ մեզանից վատ պայմաններում ապրողներ կան, անտուն մնացածներ կան: Հիմա, ստացվում է, բոլորս տան տեր ենք դարձել»: