Հայաստանում վարորդներին որոշ ժամանակ ճանապարհային խախտումների համար չեն տուգանի
Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի գործունեությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ժամանակավորապես կդադարեցվի: Այսպիսով՝ որոշ ժամանակ այդ սարքերի կողմից արձանագրվող ճանապարհային խախտումների համար վարորդները չեն տուգանվի:
«Կարծում եմ, որ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին, ինչպես նաև մտածենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցի շուրջ: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս առաջարկին դրական արձագանք են տվել, առաջին հերթին, տաքսիների վարորդները, որոնք պարբերաբար տուգանքներ են ստանում՝ օրինակ, ոչ թույլատրված վայրում կայանելու, ամրագոտիները չօգտագործելու կամ վարելու ժամանակ հեռախոսով զրուցելու համար: Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո նրանք պարբերաբար դժգոհել են՝ նշելով, որ տուգանքները «շորթման» միջոց են, իրենց հաճախ տուգանում են առանց պատճառ: Բացի դա, նրանք շեշտում են, որ տուգանքների չափն իրենց աշխատած գումարի համեմատությամբ բավական բարձր է:
Սակայն, ոչ բոլորն են կարծում, որ արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի գործունեության դադարեցումը դրական որոշում է: Հանրության մի հատվածը մտահոգ է, որ Հայաստանում նման որոշման ընդունման դեպքում վարորդները անկանոն կվարեն, առանց այդ էլ խցանված ճանապարհները կդառնան քաոսային, վթարները կշատանան:
Ներկայացնում ենք սոցիալական ցանցերի քննարկումներից մի քանի գրառում.
«3 ժամում երկու վթար, երկու շրջված մեքենա։ Արագաչափեր հանելը ազգի քանակը կտրուկ կնվազեցնի»:
«Կամերաներին սկզբունքորեն դեմ չեմ: Բայց տուգանքների չափը պիտի վերանայվի։ 5000-ի փոխարեն գոնե 2000 դրամ լինի՝ էլի խելքին մոտ է»:
«Ես դեմ եմ և կամերանների, և ճանապարհային ոստիկաններին հանելուն, լրիվ բարդակ կդառնա, ով ոնց իրեն ձեռք տա վարում է, աշխատեք խախտում չանեք ու չնկարվեք»:
Տարաբնույթ տեսակետներից հետո պատգամավոր Լենա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ասել է, որ վարչապետի հայտարարությունը, թե կարելի է այդ սարքերը ժամանակավորապես դադարեցնել, քննարկում սկսելու նպատակ է հետապնդել.
«Մարդիկ սկսում են ակտիվ մասնակցել, իրենց դժգոհությունն արտահայտել կամ առաջարկներ ներկայացնել… Այս պահին դա առաջարկ է եղել, ես վստահ եմ, վարչապետը հետևում է քննարկումներին, քննարկումներից հետո ի մի կբերի առաջարկները»:
Խոսելով այն տեսակետների մասին, որ նոր իշխանությունները պոպուլիզմով են զբաղված՝ հանրության համար ականջահաճո նման առաջարկներ ներկայացնելով, Լենա Նազարյանը հակադարձել է.
«Կապը հանրության հետ շատ կարևոր է: Քննարկումներ են լինում, մարդիկ առաջարկներ են անում, ընդունում ենք կամ չենք ընդունում, դրա հիման վրա այլ առաջարկ է հասունանում, մինչև գտնվում է խնդրի լուծումը և բոլորի մտահոգությունները փարատվում են»:
Պատգամավորը նշել է, որ դա հասունացած խնդիր էր, վարորդները դժգոհ էին, այնպես չէ, որ իրենք պարզապես բավարարում են ինչ-որ մարդկանց ակնկալիքները:
Նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Հայկ Ծիրունյանն էլ կարծում է, որ թեև ինքը արագաչափերից սկսել է դժգոհել 8 տարի առաջ, բայց «կա մի նուրբ բան».
«Կյանքի բերումով, մի քանի տարի ապրելով Կիևում, այնտեղ մեքենա վարելով, հասկացա, որ կա հստակ տարբերվող վարելու կուլտուրա. այնտեղ չկան արագաչափեր, համարյա չկան ՃՈ մեքենաներ, բայց երթևեկությունը իդեալական է, ոչ ոք անտեղի խախտում չի անում, միմիանց հարգում են, զիջում բոլոր երթևուկության կանոններով:
…Երևանում լրիվ այլ իրողություն է, այստեղ շատ բան փոխվել է դեպի հարգանքը, բայց միևնույնն է դեռ արտահայտված կա նախկին վարելու անկուլտուրան, բռիությունը, սիգնալ, մարգատ չմիացնելը, արագաչափ չկա 180- ի տակ հանդիպակած վազանցելը: Արագաչափ սարքերը Երևանից չպիտի հանվեն:
Տեսանկարահանող սարքերը պիտի մնան, բայց փոխվի խախտումների գրանցման լոգիկան՝ գիծ հատել և այլն մանր կոռուպցիոն խախտումները չպիտի գրանցվեն, տուգանքների չափը պետք է կրճատվի»: