Հայաստանում ուժի մեջ են մտել Սահմանադրական փոփոխությունները, որոնց հետ համաձայն չեն ընդդիմությունն ու իրավապաշտպանները
Հայաստանում հունիսի 26–ին ուժի մեջ են մտել խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Դրանց համաձայն՝ պետք է դադարեցվեն ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն 12 պաշտոնավարել են։ Նրանք երեքն են։ Բացի այդ, զրկվել է իր ղեկավար պաշտոնից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Այժմ դատարանը կգլխավորի դատավորներից մեկն, ում լիազորությունները չեն դադարեցվել։
Փոփոխությունների հետ համաձայն չեն դատավորները, որոնք կորցրել են աշխատանքը։ Նախօրեին նրանք այդ մասին համապատասխան հայտարարություն են արել։
Ընդդիմությունը կարծում է, որ խորհրդարանը իրավասու չէ փոփոխություններ կատարել սահմանադրությունում։ Խորհրդարանական կուսակցություններից մեկն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու իշխող դաշինքի պատգամավորների ընդունած որոշման սահմանադրականությունը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանը։
Գործող կառավարությունը, որն իշխանության է եկել 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո, «նախորդների» օրոք ընտրված դատավորներին անընդունակ է համարում արդար որոշումներ կայացնել։ Նրանց պաշտոնանկ անելու փորձերը սկսվել էին դեռ անցյալ տարի։ 2020 թ–ի ապրիլի 5–ին այս հարցով հանրաքվե էր նշանակվել, սակայն այն չկայացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Իսկ հունիսի 22–ին Հայաստանի խորհրդարանն արդեն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
- Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է դատական համակարգի ճգնաժամի լուծումն առանց հանրաքվեի
- Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ որպես քրեական գործով մեղադրյալ
Պաշտոնանկ արված դատավորների դիրքորոշումը
Հունիսի 25–ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հայտարարությամբ էին հանդես եկել․
«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով»։
Այնուհետև դատավորները, վկայակոչելով Սահմանադրության հոդվածները, պարզաբանում են, որ, ըստ օրենքի, իրենք շարունակում են պաշտոնավարել։
Հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել։ Իսկ դատավոր Ալվինա Գյուլումյանն առավոտից աշխատանքի է եկել։ Նրա խոսքով՝ իրեն դեռ ոչ ոք չի իրազեկել իր լիազորությունների դադարեցման մասին․
«Սահմանադրական նորմը ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ-ի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ-ի գործունեությունը: Եվ այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել»։
Ալվինա Գյուլումյանն աշխատելու իր իրավունքը պաշտպանելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Վարչապետի և արդարադատության նախարարի հայտարարությունը
Հունիսի 26–ին՝ կեսգիշերն անց սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելն առաջինն արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում․
«Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։
Բանն այն է, որ հունիսի 25–ին ԱԺ խոսնակն արդեն հրապարակել էր ընդունված սահմանադրական փոփոխություններն, ինչը նշանակում է, որ դրանք ուժի մեջ են մտնում հաջորդ իսկ օրը։
Վարչապետից հետո ՍԴ շուրջ իրավիճակը մեկնաբանել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․
«Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն․․․ Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։ Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ»։
Ի՞նչ են ասում իրավապաշտպանները
Իրավապաշտպանները հունիսի 26–ին բողոքի ակցիա են ակցկացրել։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Հայաստանում «բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»։
«Եվ ցավոք սրտի, Հայաստանում այդ քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբաններ, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ։ Ինչը կատարվեց Սահմանադրական դատարանի հետ, ռուսերեն հայտնի արտահայտություն կա. «против лома нет приема»: Հայաստանում դա կատարվեց»։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է․
«Ոչ մի տեղ նշված չէ, որ երկրի վարչապետն, առավել ևս, արդարադատության նախարարն իրավունք ունեն մեկնաբանելու Սահմանադրությունն ու որոշելու, թե ինչ պետք է կիրառվի, ինչը՝ ոչ։ Այսօր մեզ մոտ արդեն իրոք սահմանադրական ճգնաժամ առաջացավ։ Այն, ինչի մասին իշխանությունները խոսել են մեկ տարվա ընթացքում, այժմ ստեղծեցին հենց իրենց ձեռքերով»։
Որոշումը կարո՞ղ են վիճարկել
Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունները վիճարկելու համար հունիսի 26–ի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն արդեն ՍԴ է դիմել 26 պատգամավորների ստորագրություններով։
Իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 1/5–ի ստորագրությունները։ Հայաստանի խորհրդարանում այժմ 132 պատգամավոր կա, այսինքն՝ ստորագրությունների քանակը 27–ից պակաս չպետք է լինի։ Այդ պատճառով էլ պարզ չէ, թե արդյոք գերագույն դատարանը քննության կընդունի ընդդիմադիրների հայցը։
«Որոշակի ընթացակարգ է նախատեսված, հարցը կքննարկվի և կորոշվի, թե արդյոք մեր դիմումը քննության կառնեն։ Առավելագույն ժամկետը [հայցը քննության առնելու] կազմում է 15 օր», — ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։