Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է վարչապետի թիմին
Հայաստանում կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը հասել է արդեն վարչապետի թիմին, այսինքն նրանց, ովքեր իշխանության են եկել անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Նրա լիազորությունները կասեցվել են:
Ինչու՞մ է մեղադրվում Սանասարյանը
Սանասարյանի հետ կապված պատմությունը սկսվել է դեռ փետրվարին: Այդ ժամանակ նրա գլխավորած ծառայության պաշտոնյաները՝ պետգնումների վերահսկման գծով վարչության պետ Սամվել Ադյանը և բժշկական սարքավորումների գծով մասնագետ Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին քրեական գործի շրջանակում: Այն հարուցվել էր հեմոդիալիզի համար բժշկական սարքավորումների մատակարարման տենդերում ենթադրյալ միջամտության առիթով:
Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներն էլ մեղադրվում են
- պետգնումների գործընթացի անօրինական միջամտության,
- պաշտոնեական դիրքի չարաշահման,
- օրինական ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու մեջ:
Ըստ քննության տվյալների՝ 2008թ-ից նրանք անօրինական կերպով միջամտել են բժշկական սարքավորումների գնումների գործընթացին և տենդերներում հաղթանակ են ապահովել որոշակի առևտրային կազմակերպությունների համար:
Երբ հայտնի դարձավ ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին, Սանասարյանը հայտարարեց լրագրողներին, որ անձամբ ինքն է նրանց աշխատանքի ընդունել.
«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են»:
Իրեն՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 18-ին: Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ քրեական գործի շրջանակում հայտնաբերվել են Սանասարյանի մեղքն ապացուցող փաստեր: Նա մեղադրվում է նրանում, որ ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, այլև օգտագործել է պաշտոնեական դիրքը իր աշխատկիցների կողմից փաստացի ղեկավարվող կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության առաջխաղացման համար:
Այդ կապակցությամբ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները:
Հայաստանի վարչապետը հրահանգել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և հեղափոխության իր զինակից Դավիթ Սանասարյանին ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի որոշմանը: Խոսքը նրա լիազորությունների ժամանակավոր կասեցման մասին է: Սակայն, ըստ վարչապետի մամուլի խոսնակի, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռացնել Սանասարյանին պաշտոնից, «քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»:
Ինչ է ասում առաջ քաշված մեղադրանքի մասին Սանասարյանը
Դավիթ Սանասարյանն իր մեղքը չի ընդունում: Նա հայտարարել է, որ ոչ ոք ու երբեք չի կարող իր անունը կապել կոռուպցիայի հետ: Facebook-ի իր էջում Սանասարյանը գրել է.
«Հանուն նոր Հայաստանի պայքարը շարունակվում է: Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի… Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»:
«Քաղաքական հետապնդումը բացառվում է»
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը բացառել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդումը:
«Բացառում եմ նաև, որ մեղքը հաստատվելու դեպքում որևէ մեկն անպատիժ կմնա», — ընդգծել է Նազարյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում իշխող կուսակցությունը մարդկանց չի բաժանի յուրայինների և օտարների:
«Կարծում եմ՝ դրանում դուք արդեն համոզվել եք», — հայտարարել է փոխխոսնակը:
Դավիթ Սանասարյանի մասին
Երկար ժամանակ Դավիթ Սանասարյանը եղեղ է քաղաքացիական ակտիվիստ: 2007թ-ից նա եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ: Սակայն անցյալ տարվանից միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի առաջնորդը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Սանասարյանը եղել է 2018թ. «թավշյա» հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը:
Պետական վերահսկողական ծառաության մասին
Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է 2018թ. փետրվարին: Նոր ծառայությունը լայն լիազորություններ ունի պետական կառույցների վերահսողության և աուդիտի հարցերում: Ընդ որում, այն ենթարկվում է միայն վարչապետին:
Ծառայության պետի պաշտոնում Սանասարյանը նշանակվել էր անցյալ տարվա մայիսի վերջին: