Մի խումբ իրավաբաններ քարոզարշավ են իրականացնելու Հայաստանում սահմանադրական հանրաքվեի դեմ։ Թարմացում
Փետրվարի 18
Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»–ի շտաբի ձևավորման դիմում է ներկայացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է այն դիտարկի երեք օրվա ընթացքում։
Նախաձեռնող խումբը, որին անդամակցում է 61 իրավաբան, կարծում է, որ հանրաքվեի անցկացման որոշումը հակասում է Սահմանադրությանը։ Նրանք պնդում են նաև, որ սահմանադրական փոփոխությունների մասին հարցը հանրաքվեի դնելն իրավաչափ չէր։
Հայաստանի իշխանությունները երկրի բնակիչներին Սահմանադրական դատարանի ճակատագիրը վճռելու իրավունք են տվել։ Երկրի հիմնական օրենքում կատարվելիք փոփոխություններն ուղղված են նրան, որպեսզի պաշտոնանկ արվեն Սահմանադրական դատարանի վեց դատավորներն ու դրա նախագահը, որոնք իրենց պաշտոնները զբաղեցրել են նախորդ իշխանության օրոք։ Երկրի «հեղափոխական» իշխանությունը նրանց ի վիճակի չի համարում արդարադատություն իրականացնելու նոր պայմաններում։
Եվ իրավաբանները, որոնք մտադիր են փոփոխությունների ընդունման դեմ քարոզարշավ իրականացնել, մտադիր են արտահայտվելու հնարավորություն տալ քաղաքացիներին, «որոնք հանրաքվեի ժամանակ «այո»–ից բացի ասելիք ունեն»։ Նրանք չեն պատրաստվում մասնակցել քաղաքական քննարկումների․ նրանց գործունեության շրջանակը սահմանափակվելու է միայն իրավական ոլորտով։ Իսկ գրանցումը նրանց թույլ կտա օգտվել անվճար եթերից և իրենց դիրքորոշումը ներկայացնել, ինչպես նաև հանրաքվեի գործընթացին հետևել վստահված անձանց միջոցով։
Փետրվարի 17
Հայաստանում փետրվարի 17–ին սկսվել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Համաժողովրդական քվեարկությունունը կայանալու է ապրիլի հինգին։ Հանրաքվեն պետք է լուծի Սահմանադրական դատարանի նախագահի և վեց դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։ Խոսքը գնում է բարձր դատարանի այն անդամների մասին, որոնք իրենց պաշտոնը զբաղեցրել են նախորդ իշխանության օրոք։
2018 թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած քաղաքական ուժը նրանց անընդունակ է համարում արդար որոշումներ կայացնել «նոր» Հայաստանում։ Այդ առնչությամբ խորհրդարանական իշխող դաշինքը հանրաքվե է նախաձեռնել։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ քարոզարշավի ժամանակ կարող են ձևավորվել հանրաքվեի դրված հարցին կողմ և դեմ արտահայտվողների նախաձեռնող խմբեր՝ «Այո»–ի և «Ոչ»–ի շտաբեր։
Եթե «Այո»–ի շտաբն արդեն սկսել է իր աշխատանքն, ապա «Ոչ»–ի շտաբը չի էլ գրանցվել։
• Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել սահմանադրական հանրաքվեին
• Հայաստանի խորհրդարանը մտադիր է պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի ղեկավարին
«Այո»–ի շտաբի մասին
Իշխանություններն արդեն ձևավորել են իրենց «Այո»–ի շտաբը և ակտիվորեն քննարկում են, թե ինչպես արդյունավետ անցկացնել քարոզարշավը։ Իշխող «Իմ քայլը» խորհրդարանական դաշինքի նիստին, որը կայացել է փետրվարի 17–ին, մասնակցում էր վարչապետ Փաշինյանը։ Նա չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյոք անձամբ կմասնակցի սահմանադրական փոփոխությունների ընդունման քարոզարշավին։
Սակայն վարչապետը քարոզարշավի մեկնարկից առաջ էլ է իր տեսակետը հայտնել և կոչ արել ժողովրդին կողմ քվեարկել Սահմանադրական դատարանում նախորդ իշխանությունը ներկայացնող դատավորներին պաշտոնանկ անելուն։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բանաստեղծություն էր գրել հանրաքվեի մասին և հրապարակել այն ֆեյսբուքյան իր էջում՝ ևս մեկ անգամ բոլորին հիշեցնելով դրա անցկացման օրը․
«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»։
Ո՞վ է գլխավորում «Այո»–ի շտաբը
Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շտաբը գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Վերջերս լրատվամիջոցներում սկանդալային տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե նախարարը թաքցրել է իր դատվածությունը։ Խոսքը բանակում ծառայելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, նա դատապարտվել է հրամանատարին դանակով հարվածելու համար։
Պապիկյանը կարծում է, որ իրեն պարզապես փորձում են սևացնել և ստվեր գցել իր գլխավորած շտաբի և ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխությունների վրա։ Նա հայտարարել է, որ համաներմամբ ազատ է արձակվել, և դատվածությունն այդպիսով հանվել է իր վրայից։
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու քարոզարշավին
Փետրվարի 14–ին օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարությամբ էր հանդես եկել այն մասին, որ ընդհանրապես չի մասնակցելու հանրաքվեին, քանի որ այն «իրավաբանորեն խոցելի գործընթաց է»։
Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ապագա հանրաքվեն բնորոշել է որպես «բացարձակ հակաօրինական և հակասահմանադրական»։ Նրա կուսակցությունը նույնպես համաժողովրդական քվեարկության հետ կապված ոչ մի գործընթացների չի մասնակցելու։
«Ոչ»–ի շտաբ կձևավորեն իրավաբաններն ու իրավապաշտպանները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչև փետրվարի 17–ը «Ոչ»–ի շտաբ չձևավորեն, ապա նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ցանկացած քաղաքացիական խումբ, որը կունենա ոչ պակաս քան հիսուն անդամ։
«Ոչ»–ի շտաբ կկազմեն իրավաբաններն ու իրավապաշտպանները։ Այսպիսի հայտարարությամբ է վերջերս հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն չեն հայտնել։
Այս պայմաններում, ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «Ոչ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով»։
«Ոչ»–ի քարոզչական շտաբի գրանցման վերաբերյալ ԿԸՀ դիմում կարելի է ներկայացնել մինչև 2020 թ–ի փետրվարի 18–ը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Մելիքյանին կմիանան այլ իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպություններ։