Հայաստանում խստորեն կպատժեն ընտրակաշառք տվողներին և վերցնողներին
Հայաստանում ընտրակաշառքը համատարած բնույթ է կրում և կարծես օրինական ուժ ստացած լինի: Մարդիկ, որոնք ձայներ են գնում, նաև սովորեցրել են, որ քաղաքացին ընտրվել ցանկացող պատգամավորից գումար պահանջի, ասֆալտապատում կամ խանութում ունեցած պարտքերի փակում: Եվ այս պարագայում թեկնածուի օրենք հեղինակելու կարողությունը էական չէ:
Նոր կառավարությունը խոստանում է իսպառ վերացնել այս երևույթն ու անցկացնել արդար ընտրություններ: Եվ այս կապակցությամբ օգոստոսի 30-ի նիստում կառավարությունը նախագիծ ընդունեց քրեական, քրեական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների վերաբերյալ:
Նախագիծն անմիջապես ուղարկվեց Ազգային ժողով, այնտեղ շուտափույթ անցավ բոլոր ընթացակարգերը:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը քննադատության ենթարկեցին նախկին իշխող, իսկ այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները՝ անփույթ շարադրանքի և թույլ ապացուցողական բազայի համար: Այնուամենայնիվ, դրական եզրակացություն տվեցին՝ առաջարկելով փոփոխությունների ենթարկել:
Սեպտեմբերի 6-ի՝ առաջին ընթերցմանը քննադատողների թիվը բազմապատկվեց, առաջարկները՝ նույնպես: Այնուամենայնիվ, միաձայն կողմ քվեարկեցին և առաջարկեցին մինչև նախագծի երկրորդ ընթերցումը հստակեցնել խնդրահարույց ձևակերպումները, քանի որ դրանք ստվերում եմ նախաձեռնության դրական կողմերը:
Երկրորդ ընթերցումը տևեց ընդամենը 15 րոպե, պարզվեց, որ բոլոր առաջարկներն ընդունվել են, նախագիծը՝ փոփոխվել և հարմարեցվել բոլորի պահանջներին: Ընդունվեց միաձայն:
Մոտակա ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Երևանի բնակիչները կմասնակցեն ավագանու արտահերթ ընտրություններին: Այդ պատճառով էլ իշխանությունները անհրաժեշտ էին համարում փոփոխությունների հրատապ ընդունումը:
Ի՞նչ է ընտրակաշառքը
Վերոհիշյալ օրենսդրական փոփոխության տեքստում տրվում է ընտրակաշառքի հետևյալ սահմանունը.
ընտրակաշառքը ընտրողին տրվում է թեկնածուներից, կուսակցություններից՝ ընտրությունների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու, մեկից ավելի անգամ քվեարկելու, այլ անձի փոխարեն քվեարկելու համար: Կարող է լինել դրամի, ապրանքի ու ծառայությունների տեսքով:
Ինչպիսին էր գործող օրենքը և ինչպիսին դարձավ
ՀՀ օրենսդրությամբ, պատասխանատվություն էր նախատեսված թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու կամ խոստանալու, ծառայություններ մատուցելու կամ խոստանալու համար, եթե այն կատարվել է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը՝ բարեգործության անվան տակ:
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար
մինչ այս գործող օրենսգրքով 2-5 տարի ժամկետով ազատազրկում էր նախատեսվում,
ընտրական հանցագործությունների նկատմամբ սահմանված պատիժների խստացմանն ուղղված օրենսդրական փաթեթով այն դարձավ 4-6 տարի կամ 2.5-3 մլն դրամ տուգանք։
Նախագծային տարբերակում տուգանքը 3-4 մլն դրամ էր, քննարկումների արդյունքում նվազեց:
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծումը
մինչ այս ենթադրում էր 3-5 տարվա ազատազրկում,
այսուհետև՝ 4-8 տարի պատիժ է նախատեսվում այս հանցանքի համար:
Միաժամանակ, քրեականացվել է ընտրողի կողմից կաշառք ընդունելը:
Հայաստանի սահմանադրությամբ, ընտրություններն ու հանրաքվեներն անցնում են գաղտնի քվեարկությամբ: Ուստի առաջարկվում է, որ եթե ընտրողը ստիպողաբար կամ շահադիտական նպատակներով փաստաթղթի ձևով, լուսանկարով կամ տեսաձայնագրմամբ հրապարակի իր քվեարկած քվեաթերթիկը, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Եվ քանի որ բարեգործությունն ու ընտրակաշառքը զատել գրեթե հնարավոր չէ, ընտրությունների շրջանում բարեգործություն իրականացնելու համար պատիժ սահմանվեց՝ տուգանք կամ ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով:
Կառավարության առաջարկով, կուսակցության անվանումը և խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը և պատկերը բովանդակող և որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները պետք չէ համարել ընտրակաշառք:
Վարչապետը դեմ է եղել այս առաջարկին՝ այդպես թերագնահատում ենք ընտրվողների մտքի թռիչքը, քանի որ կարող են իրենց դեմքով մուրաբա կամ լավաշ բաժանել:
Նախագծի ի հայտ գալու պատճառը, նպատակն ու ակնկալիքը
Նախագծի հայտնվելու պատճառը երկրում իրավիճակային փոփոխությունն է: Հեղափոխական ճանապարհով երկրում ձևավորվել է նոր կառավարություն, որը խնդիր է դրել անցկացնել բացառապես ազատ, արդար ընտրություններ: Ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները և կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքը կամ բարեգործությունը որպես գործիք օգտագործելուց, և ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը կվերականգնվի:
Նախագծի հեղինակները
Նախագիծը մշակել է վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը: Մասնակցություն ունեն արդարադատության նախարարությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, ոստիկնությունը, քնչական կոմիտեն:
Ընտրակաշաքի ու բարեգործության հայաստանյան փորձը
1995 թվականից սկսած՝ Հայաստանում ընտրակաշառքով քվեարկության արդյունքի վրա ազդելը դարձել է կարևոր, 2012 թվականից սկսած՝ անբաժան բաղադրիչ:
Տարեցտարի կաշառքի մեխանիզմներն առավել հարստացել են, կաշառատուների երևակայությունը՝ զարգացել: Կաշառք վերցնողներն էլ կրկնապատկել են գինը՝ 5-ից դարձնելով 10 հազար դրամ նվազագույնը:
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում Հայաստանի ամենահարուստ քաղաքական գործիչներից Գագիկ Ծառուկյանը լայն բարեգործություն էր իրականացնում՝ վիրահատության գումար, գազիֆիկացում, խոստանում էր, որ իր գործարանը թանկ գնով կընդունի ֆերմերներից գյուղմթերքը: Նրան դիմում էին անգամ երեխա ունենալու հարցով. «7 տարի երեխա չենք ունենում, ի՞նչ անենք»: ԿԸՀ-ն նրան զգուշացրեց, որ օրենք է խախտում:
Ասֆալտապատում իրականցնում էին շատ թեկնածուների գրասենյակներ: Օրինակ՝ Առաքել Մովսիսյանը գնացել էր հանդիպման Ծաղկալանջ գյուղում ու տեղում, նույն պահին զանգահարեց, որ գան ասֆալտապատեն:
Խոսք էր գնում ապօրինի կառույցների օրինականացման, անգամ ալեհավաք բաժանելու մասին: Մթերքի՝ ալյուրի, շաքարավազի, ձվի և այլնի մասին էլ չենք խոսում: Հայտնի գործարարներից մեկն էլ, ըստ մամուլի հրապարակումների, 40 հազարական դրամ էր տալիս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ուսուցիչներին:
Ի դեպ, 2017թ. Երևանի ավագանու ընտրություների ժամանակ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր ընտրակաշառք չվերցրած անձանց Երևանի բյուջեից 15.000-ական դրամներ տալ: Սա ևս դիտվեց որպես ընտրակաշառք և մերժվեց:
Իսկ ընտրությունների ավարտից հետո եղել են դեպքեր, երբ պարտված թեկնածուները փորձել են հավաքել բաժանածը, ինչպես օրինակ, Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում, Գյումրու Անի թաղամասում, Բասեն գյուղում:
Պատժվող-չպատժվողները
Ընտրակաշառքի համատարած լինելու գլխավոր պատճառներից մեկը չպատժվելն է: Ընտրակաշառքը սովորաբար չի բացահայտվում, քանի որ այն բխում է երկու կողմի՝ տվողի և վերցնողի շահերից:
Այնուամենայնիվ, եղել են մի շարք դեպքեր, երբ քրեական գործեր են բացվել որոշ անձանց նկատմամբ:
2013թ. փետրվարի 27-ին ՀՔԾ-ն հարուցեց քրեական գործ. Տավուշի մարզի Վարագավան համայնքի ղեկավարը բնակչին 5000 դրամ ընտրակաշառք էր տվել: 2016թ. հոկտեմբերին մեղադրանք առաջադրվեց Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանին՝ 20.000 դրամ ընտրակաշառքի փաստով: 2012թ. մայիսի 6-ին կաշառք էր բաժանել Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը: Դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն ճաղերի հետևում մնաց մեկ ամիս:
Մյուս դեպքերում ևս պատիժը չկրեցին:
Նոր իշխանությունը փորձում է հետին թվով էլ մեղավորներին հայտնաբերել: 2018թ. հուլիսի 16-ին ոստիկանությունը հայտնեց, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 մլն դրամ՝ 1300 ձայն ապահովելու նպատակով։ Հուլիսի 24-ին էլ ձերբակալվեց Հեղինե Փոգրարյանը, որը կաշառք էր խոստացել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար:
Վարչապետի խոսքը
Նոր իշխանությունը լուրջ է տրամադրված ընտրակաշառքը բացահայտելու հարցում:
«Բոլորը պետք է դատվեն… Փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն», — ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018թ. օգոստոսի 10-ին Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանում հիմա շատերը հույս ունեն, որ ընտրություններն այլևս կանցկացվեն առանց ընտրակաշառքի:
Դրվագներ ընտրակաշառքի միջազգային փորձից
Միայն հայաստանցի ընտրողը չէ, որ քվեարկում է նյութական շահագրգռությամբ: Այս կամ այն չափով ընտրակաշառքի դրսևորումներ կան բոլոր երկրներում: Դա վկայում են տարբեր երկրների լրատվամիջոցների հրապարակումները:
Reuters-ը 2017թ. փետրվարի 8-ին գրեց, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մեղադրվում է 2014 թվականին նախագահական արշավի ընթացքում շուրջ 1 մլն դոլար որպես ընտրակաշառք բաժանելու համար:
2016թ. սեպտեմբերին «Ինտերֆաքս»-ը գրեց Նովոսիբիրսկում ընտրողների ձայները էին երեք լիտր գարեջրով գնելու մասին: Նույն ընտրություններում Աստրախանում էլ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բողոքներ էր ստացել որպես ընտրակաշառք երշիկ և 500-ական ռուբլի բաժանելու վերաբերյալ:
2017թ. մարտի 26-ին ոստիկանությունը ձերբակալել է լեհական Կրուշովիցա գյուղի ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին՝ 15 եվրո կաշառք բաժանելու համար։
2016թ. մարտի 18-ին Բուխարեստի դատարանը ռումինացի պատգամավոր Ֆլորին Պոպեսկուին դատապարտեց 2 տարվա ազատազրկման` 2012թ. ընտրողներին 60 տոննա տապակած հավ բաժանելու համար:
2014թ. փետրվարի 19-ին Փարիզում ձերբակալվեց միլիարդատեր սենատոր Սերժ Դասոյը, որը 2008-2010թթ. Կորբեյ-Էսոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մթերքի տեսքով կաշառք էր բաժանել ընտրողներին, ինչպես նաև 7-10-ական եվրո:
Ամերիկյան մամուլը 2012թ. նոյեմբերի 7-ին գրեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգտին քվեարկելու համար նրա կողմնակիցները Օհայո նահանգում քաղաքացիներից մեկին ընտրությունից մի քանի րոպե առաջ սենդվիչ և կոլա էին նվիրել, մեկ ուրիշին՝ 1 շիշ վիսկի:
Իսկ Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկում՝ Հոնդուրասում իշխող «Ազգային կուսակցության» թեկնածուն սպանություններով աչքի ընկնող մայրաքաղաքում աղքատ ընտանիքներին դագաղ էր բաժանել: