Հայաստանում երկու օր արգելափակված էր միջպետական ճանապարհը․ բողոքի ակցիա էր ընթանում
Գրեթե երկու տասնյակ ճանապարհաշինարարական ընկերությունների աշխատակիցներ, որոնք աշխատում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունում, փակել էին Աշտարակ-Թալին ճանապարհը։ Մոտ 800 մարդ աշխատավարձ չի ստացել 2018թ-ի ամռանից։ Կառավարությունում ասում են, որ իրավիճակի համար մեղավոր է կապալառու ընկերությունն, իսկ այն, իր հերթին, մեղքը գցում է կառավարության վրա։
Ի՞նչ է տեղի ունենում
Շինարարներն արդեն երկրորդ անգամ են ճանապարհը փակում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Առաջին անգամ մայրուղին արգելափակվել էր 2018թ-ի դեկտեմբերին։
«Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շրջանակում շինարարան աշխատանքների համար պատասխանատվություն է կրում իսպանական «Corsan Corviam Construccion» ընկերությունը։ Աշխատավարձերի պարտքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ։
«Արդեն տասն ամիս է, ինչ մեզ գնդակի պես այսուայնկողմ են նետում։ Ընկերությունում ասում են, որ կառավարությունն իրենց գումար է պարտք, կառավարությունում էլ ասում են, որ իրենք արդեն վճարել են։ Մեզ չեն վճարել անցյալ տարվա օգոստոսից մինչև նոյեմբեր կատարված աշխատանքի համար», – ասել է ակցիայի մասնակից Գուրգեն Հովհաննիսյանը։
Բողոքի ակցիան շինարարները կազմակերպել են, որպեսզի պատասխանատուներին ստիպեն արձագանքել իրավիճակին՝ կլինի դա կառավարությունը, թե շինարարական ընկերությունը։
Հայաստանի կառավարության դիրքորոշումը
Հայաստանի կառավարությունը հավաստիացմում է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող մասնավոր ընկերության հանդեպ բոլոր ֆինանսական պարտավորությունները կատարել է և ոչ մի առնչություն չունի աշխատավարձերի ուշացման հետ։
«Մենք կարող ենք ինչ-որ հարցերում աջակցել, սակայն չենք կարող վճարել «Կորսան Կորվիամի» փոխարեն», — հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ցուցարարներին խոստացել են ընդունել կառավարությունում մայիսի 31-ին։ Նրանք բացել են ճանապարհը մի պայմանով․ եթե իրենց պահանջը չկատարվի, բողոքի ակցիան կշարունակվի։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են․ իրենց պետք է ողջ գումարը, նրանք հոգնել են սպասել։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Հյուսիս-հարավ» մայրուղին
«Հյուսիս-հարավ» մայրուղին անկախ Հայաստանի ամենախոշոր տրանսպորտային նախագիծն է։ Ճանապարհը պետք է միացնի երկրի հյուսիսը հարավին։ Հյուսիսում այն Հայաստանը կկապի Վրաստանին և կապահովի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում այն երկիրը կկապի Իրանի հետ։ Շնորհիվ այս նախագծի՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։
Շինարարական աշխատանքները սկսվել են, 2012թ-ին, սակայն մինչ օրս շահագործման է հանձնվել հինգ հատվածներից միայն մեկը։ Իշխանությունները պետք է ֆինանսավորում գտնեն շինարարությունն ավարտելու համար, և, ըստ ամենայնի, դրանք միջազգային վարկատուների գումարները կլինեն։
Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել ճանապարհի շինարարությունը։ Սակայն 2018թ-ի դեկտեմբերից շինարարությունը կանգնեցված է։
Փորձագետների կարծիքով, այս նախագիծը շատ ծախսատար է։ Նրանք առաջարկում են միջոցներ ներդնել ուրիշ ռազմավարական ծրագրերում, որոնք ավելի մեծ տնտեսական արդյունք ունեն։ Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով 490 կմ երկարությամբ մայրուղին կարժենա ավելի քան երկու միլիարդ դոլար։